Ապրիլի 15-ին ԱՄՆ-ում կայացել է «Վերջին տանգոն» ներկայացումը: Տրագիկոմեդիայի բեմադրող ռեժիսորն ու գլխավոր դերակատարը Դրամատիկական թատրոնի դերասան Հրաչյա Հարությունյանն է: Իսկ «Վերջին տանգոյում» Հ.Հարությունյանի հետ «պարում» է հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը: Մեզ հետ զրույցում Նազենին չբացառեց, որ «Վերջին տանգոն» կբեմադրվի նաեւ Հայաստանում: «Այդ ներկայացումը դրամատիկական թատրոնի դերասան Հրաչյա Հարությունյանի առաջարկն էր: Իր տեսակով «Վերջին տանգոն» տրագիկոմեդիա է` կին-տղամարդ հարաբերությունների մասին»: Մեր հարցին, թե հնարավո՞ր է` ներկայացումը բեմադրվի նաեւ Երեւանում, Նազենին պատասխանեց. «Ի տարբերություն Հրաչյա Հարությունյանի, ես ԱՄՆ-ից ավելի շուտ վերադարձա, քանի որ սարսափելի կարոտել էի Երեւանը: Երբ Հրաչյան վերադառնա, կարծում եմ, որ մենք անպայման կքննարկենք «Վերջին տանգոն» նաեւ Երեւանում խաղալու տարբերակը: Երկուսս էլ միանշանակ ունենք նման ցանկություն, սակայն ամբողջ խնդիրն այդ չարաբաստիկ զբաղվածությունն է»: Իսկ հարցին, թե մասնակցելո՞ւ արդյոք Հրաչ Քեշիշյանի` Խաչատուր Աբովյանի մասին պատմող գեղարվեստական ֆիլմում, Նազենին պատասխանեց. «Քանի դեռ չկա որեւէ գործնական հստակեցում, ես ոչինչ չեմ կարող ասել»: