Զուռնա-դհոլից զուրկ Էմմիի «Բում-բումը», փաստորեն, չհասավ եվրոպացիների «հոգուն»:
Երբ «Բում-բումը» հաղթող ճանաչվեց «Եվրատեսիլ 2011»-ի դեռեւս հայաստանյան երգի ընտրությունների արդյունքում, արդեն այն ժամանակ շատերը բացահայտ հայտնում էին իրենց կարծիքը` երգի անհաջող եւ թույլ լինելու կապակցությամբ: Միգուցե՞ եվրոպացիները սովոր չէին մեր ելույթի ժամանակ չտեսնել, թե ինչպես է բեմում ծիրանի ծառ աճում (ինչպես Եվա Ռիվասի ժամանակ), ինչպես է «արնաքամ» լինում հայ կատարողը (ինչպես Հայկոյի դեպքում), ինչպես են բեմի մթության եւ անհասկանալի գրիմի արդյունքում գրեթե անճանաչելի դառնում Ինգա եւ Անուշ Արշակյանները… Եվ այդ ամենը` «ազգային» ելեւէջներով լի կատարումների ուղեկցությամբ: Իսկ երբ փորձ արվեց եվրոպացիներին ներկայացնել թեթեւ եւ շատ հեշտ հիշվող «Բում-բումը», բացահայտ ասացին` «Դուրս»:
Իրականում «Եվրատեսիլը» չափազանց անկանխատեսելի մրցույթ է, եւ դա են ապացուցում այդ մրցույթում հաղթող երգերը: Տարիներ առաջ «Եվրատեսիլում» հաղթած ռոք խմբի կատարումը մեկնաբանվում էր քվեարկությանը մասնակցող մեծ թվով անչափահասների առկայությամբ: Նախանցյալ տարվա հաղթող` սլավոնական արմատներով Նորվեգիայի ներկայացուցիչը գերեց քվեարկողների ակնհայտ մեծամասնության սրտերն իր ջութակով եւ լայն ժպիտով: Նրա հաղթանակը լրատվամիջոցները մեկնաբանում էին երիտասարդի անմիջականությամբ: Իսկ երբ անցյալ տարի` առանց ավելորդ շոուի, բեմ բարձրացավ գերմանուհի Լենա Մայերը եւ իր ընդգծված գերմանական կոշտ շեշտադրությամբ անգլերեն երգեց չափազանց պարզունակ երգը, թե ինչպես է պատրաստվում գնալ սիրելիի հետ հանդիպման, չկարծիքներ հնչեցին, թե շոուներից հոգնած Եվրոպայում այժմ էլ գնահատվում է պարզությունը: Դե արի ու հասկացիր, թե ի՞նչն է, ի վերջո, ազդում «Եվրատեսիլի» քվեարկության արդյունքների վրա: Ո՞րն էր Էմմիի` եզրափակչից դուրս մնալու իրական պատճառը:
Երեկ կայացած ասուլիսի ժամանակ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն Էմմիի եզրափակչից դուրս մնալու առիթով նշել է. «Մենք բոլորս պետք է այս պահին աջակից լինենք Էմմիին, որովհետեւ կյանքը շարունակվում է, նա պիտի շարունակի երգել, համերգների եւ մրցույթների մասնակցել: Հիմա պետք է ուղղակի աջակցել, որպեսզի Էմմին զգա, որ բոլորն իր կողքին են, միայնակ չեն թողնում իրեն»: Ասուլիսին մասնակից ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ իր հերթին նշեց. «Եկեք անկեղծ խոստովանենք, որ բոլորս դրոշները կվերցնեինք եւ կգնայինք հրապարակ, եթե նա առաջին տեղը զբաղեցներ, եւ պատրաստ կլինեինք կիսելու նրա հաջողությունը: Հիմա ստացվել է այնպես, ինչպես ստացվել է: Տարիներ շարունակ սկեպտիկները գրում էին, թե Հայաստանն իր երաշխավորված ութերորդ տեղն ունի: Հիմա տեսա՞ք, որ միշտ չէ, որ դա այդպես է: Մենք մեր ունեցածը պետք է նաեւ գնահատենք, չասենք, թե` արդեն կա, եւ այդպես պետք է լինի»:
Հետաքրքիր էին նաեւ մեր երգիչ-երգչուհիների մեկնաբանություններն այս հարցի վերաբերյալ: Երգչուհի Շուշան Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե առավոտվանից համացանցում «պատերազմների» մեջ է այս առիթով:
«Ապուշություն եմ համարում, երբ մինչ օրս քննարկում են երգի վատ լինելը: Երգն արդեն ընտրվել եւ ներկայացվել է, ի՞նչ իմաստ ունի այն կրկին քննարկել: Աղջիկը հրաշալի կատարեց: Գաղափար չունեմ, թե իրականում ի՞նչ չափանիշներով են ընտրվում հաղթողները: Միայն գիտեմ, որ մեզ շատ համարեցին «Մանկական Եվրատեսիլում» հաղթելը: Եթե Էմմին անցներ եզրափակիչ` բավականին լուրջ մրցակից կարող էր լինել շատերի համար: Ես զզվում եմ, երբ ասում են, թե մենք ամենալավն էինք: Ո՛չ, միայն մենք չէինք լավը, բավականին լավ կատարումներ, հետաքրքիր համարներ եւս կային: Այդ լավ կատարումներից ոմանք, ցավոք, եւս դուրս մնացին: Ասեմ նաեւ, որ Թուրքիան եւս հետաքրքիր ռոք խումբ էր ներկայացնում, տղաները լավ ռոք նվագեցին, սակայն նրանք էլ չանցան: Նախքան «Եվրատեսիլը»` Էմմին երկու հրաշալի մենահամերգ ունեցավ Հայաստանում, եւ այդ համերգներն ինձ համար շատ ավելի հետաքրքիր եւ բովանդակալից էին, քան այդ մրցույթն` ընդհանուր առմամբ: Այնուամենայնիվ, ես շնորհավորում եմ Էմմիին, քանի որ նա հոյակապ ելույթ ունեցավ»,- ասաց Շուշան Պետրոսյանը:
Իսկ երգիչ Արսեն Սաֆարյանը «Եվրատեսիլում» երգերի ընտրության անհասկանալի չափանիշները համեմատեց ձմերուկի հետ: «Թող ոչ ոք իր վրա պատասխանատվություն չվերցնի եւ չհայտարարի, թե իրականում ի՞նչ չափանիշներով է կատարվում հաղթող երգերի ընտրությունը: «Եվրատեսիլն» ինքնին շատ անկանխատեսելի երեւույթ է, մենք համոզվում ենք դրանում` տարեցտարի հետեւելով այդ մրցույթին: Իսկ եթե փորձենք ավելի սթափ մոտենալ Էմմիի եզրափակչից դուրս մնալու հանգամանքին, ապա կհասկանանք, որ իրականում ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Բոլորս էլ հասկանում ենք, որ ոչինչ չի փոխվում երգչի կյանքում այս մրցույթին մասնակցելուց եւ անգամ ինչ-որ տեղեր զբաղեցնելուց հետո: Բոլորն էլ վերադառնում են հայրենիք եւ առաջվա պես շարունակում են իրենց գործը: Մենք ինչո՞ւ չենք զարմանում, երբ, օրինակ` պարտություն ենք կրում տարբեր սպորտաձեւերում: «Եվրատեսիլն» էլ մի մրցույթ է, որտեղ հաղթելու չափանիշները ոչ ոքի հայտնի չեն: Թող ոչ ոք չասի, թե ինքը «Եվրատեսիլի» մասնագետ է: «Եվրատեսիլը» ձմերուկի պես մի բան է, մինչեւ չկտրես, չես կարող ասել` կարմի՞ր է, թե՞ սպիտակ»,- ասաց Ա.Սաֆարյանը:
«Empyray» ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երբեք այդ մրցույթին լուրջ նշանակություն չի տվել: «Եվրատեսիլն» ինձ համար երգի մրցույթի առանձնապես մեծ չափանիշ չէ: Եվ այդ մրցույթում եզրափակիչ փուլ չանցնելը ողբերգություն չեմ համարում: Այդ մրցույթի շուրջ ծավալվող աղմուկը գերակշռում է մրցույթի իրական արժեքը: Ինչ վերաբերում է Էմմիին, ապա նա իր ձայնային հրաշալի տվյալներով կարող էր եւ ավելի լավ երգով հանդես գալ: Առավոտյան, չեմ ուզում նշել, թե որ ռադիոյով, շատ ծիծաղելի եւ ոչ պրոֆեսիոնալ մի մեկնաբանություն լսեցի այդ կապակցությամբ: Մոտավորապես հետեւյալն էր ասվում ռադիոյի եթերով. «Մենք դուրս մնացինք, սակայն պետք է նկատել, որ Թուրքիան եւս դուրս մնաց»: Տխուր փաստ է, որ մեզ համար անգամ այդ մրցույթում շատ կարեւոր է` Թուրքիան դուրս թռա՞վ, թե՞ ոչ: Մի հարցնող լինի` ի՞նչ գործ ունենք թուրքերի հետ, կամ ի՞նչ է փոխվում թուրքերի դուրս մնալուց: Ոչ պրոֆեսիոնալ եւ «Ճ» դասի մեկնաբանություններն ինձ չեն ուրախացնում»,- ասաց Սարգիսը:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է արդյոք` մի օր էլ Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայանա ռոքով` ի դեմս «Empyray» խմբի, Սարգիսը պատասխանեց. «Ոչ եւ կրկին` ոչ: Նախ` մեզ այնտեղ ոչ ոք չի ուղարկի: Իրենց «ցեխում» շատերն են «Եվրատեսիլի» հերթ կանգնած: Երկրորդն էլ` դա մեր տեղը չէ: Մենք` հայերս, շատ մեծ նշանակություն ենք տվել այդ մրցույթին, մինչդեռ այն ընդամենը շատ թանկարժեք շոու է»:
Իսկ երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով իրեն համարում է Էմմիի ընկերուհին` ասելով, որ միշտ սատարել է Էմմիին` յուրաքանչյուր հարցում, մեզ հետ զրույցում անկեղծորեն նշեց, որ Էմմիի եվրատեսիլյան երգը շատ թույլ էր, եւ այն կարող էր շատ ավելի լավը լինել: Մեր հարցին, հայտնե՞լ է նա արդյոք իր ընկերուհուն «Բում-բումի» մասին իր բացասական կարծիքը, Սոնան պատասխանեց. «Ես դեռ չեմ ասել, բայց երբ Էմմին վերադառնա, անպայման կհայտնեմ նրան իմ կարծիքը: Ես սիրում եմ միայն անկեղծ խոսել, եթե վատ է` ասում եմ` վատ է, եթե լավ է` առաջինն եմ շնորհավորում եւ հայտնում իմ հիացմունքը: Եթե Էմմին լավ երգով հանդես գար, նա անպայման կհաղթեր, քանի որ հրաշալի ձայն ունի: Եթե ես ներկայացնեի Հայաստանը «Եվրատեսիլում», նման թույլ երգով հանդես չէի գա: Սակայն եղածը եղած է, եւ եկեք ողբերգություն չդարձնենք այդ փաստը»:
Իսկ «7 օր» կայքի թղթակցի հետ զրույցում երգչուհի Էմմա Պետրոսյանն ասել է. «Եվրատեսիլը» մեր իրականության մեջ դարձել է լինել-չլինելու խնդիր: Պետք չէ այդքան կարեւորել այդ մրցույթը, քանի որ այն այնքան էլ պրոֆեսիոնալ չէ: Նախօրեին այդ մրցույթում երգում էր մի աղջիկ, ով բժշկական համակարգում է աշխատում, պրոֆեսիոնալ երգչուհի չէր: Էմմիի համար շատ եմ ցավում, որովհետեւ նա շատ աշխատասեր աղջիկ է եւ վառ անհատականություն»: Ըստ Էմմա Պետրոսյանի` լավ ելույթ ունենալը միայն լավ երգչուհի լինելուց չէ կախված, հարկավոր է, որ լավ երգչուհու կողքին լավ արհեստավարժ խումբ եւ լավ «բեք վոկալ» լինի: