ԵԱՀԿ ԽՎ հաղորդակցությունների գրասենյակի տնօրեն Նեյլ Սայմոնը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նախագահ Պետրոս Էֆտիմիուի այցը տարածաշրջան չի կարելի դիտարկել իբրեւ ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին զարգացումների անմիջական արձագանք, սակայն Էֆտիմիուին հետաքրքրում են կազմակերպության տարածքում գտնվող հակամարտությունների ճակատագրերը: «Վեհաժողովը վերջին շրջանում հետեւողականորեն իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում ստեղծված իրադրության կապակցությամբ, եւ, անշուշտ, Երեւան եւ Բաքու իր այցերի ընթացքում ԵԱՀԿ ԽՎ նախագահը ձգտելու է օժանդակել կողմերին Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների միջոցով խնդրի խաղաղ լուծում գտնելու հարցում,- ասել է Նեյլ Սայմոնը` հավելելով,- Ինչպես գիտեք, ցանկացած վերջնական լուծում, որին կողմերի կառավարությունները կարող են հասնել, կարիք ունի հասարակական լայն աջակցության, եւ այդ առումով խորհրդարաններն ու խորհրդարանական դիվանագիտությունը լավագույն միջոցն են վերջնական լուծմանն օժանդակելու եւ այն ամրագրելու տեսանկյունից»: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԽՎ նախագահը Երեւան է ժամանել երեկ եւ Հայաստանում կլինի մինչեւ մայիսի 11-ը: Այնուհետեւ նա մեկնելու է Բաքու, որտեղ մնալու է մինչեւ մայիսի 13-ը: ԵԱՀԿ ԽՎ-ից ստացված հաղորդման համաձայն, Էֆտիմիուն Երեւանում եւ Բաքվում նախատեսում է հանդիպումներ ունենալ երկու երկրների բարձրագույն պաշտոնատար անձանց, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։