«Առաջընթացի նոր դռներ բացեց»

09/05/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ: Մենք տասնամյակներ շարունակ նշում ենք այս տոնը, որը մեր հայրերի ու պապերի սխրանքի արդյունք է: Հաղթանակ, որ բազում արհավիրքներ տեսած Հայաստանին բերեց այնքան սպասված խաղաղություն, բացեց առաջընթացի նոր դռներ, նոր` կիրթ ու առողջ սերունդ դաստիարակելու հորիզոն. սերունդ, որ հավատարիմ էր լինելու իր նախնիների երդմանը եւ կերտելու էր նոր Հայաստան: Հայության համար Երկրորդ աշխարհամարտն իսկապես Մեծ Հայրենական պատերազմ էր: Հանուն հաղթանակի թե՛ Սփյուռքը, թե՛ Հայաստանը տվեցին` ինչ կարող էին: Ե՛վ տարբեր ճակատներում, եւ՛ դիմադրության ու պարտիզանական շարժումներում, եւ՛ թիկունքում հայորդիները անձնվիրությամբ ու հերոսությամբ պսակեցին իրենց անունը: 1992 թվականի մայիսի 9-ը կրկին դարձավ խորհրդանիշ, այս անգամ` հայության հաղթանակի, կամքի ու անմահության խորհրդանիշ: Այսօր եւ մեկընդմիշտ մենք լիասիրտ տոնելու ենք մեր փառավոր հաղթանակը, որ բարու հաղթանակն է չարի եւ բարբարոսության նկատմամբ: Արցախի պատմական մայրաքաղաքի ազատագրմամբ հայ ռազմիկը վերադարձավ որպես նոր գիտակցություն եւ որպես նոր գործոն: Նրանք, որ անմահացան հերոսամարտում, շարունակում են իրենց մեծագույն առաքելությունն իբրեւ բարոյական եւ քաղաքական լիցք: Շուշիի ազատագրումն այն բեկումն էր, որ ցույց տվեց նախ մեզ, ապա մնացյալ աշխարհին, թե ինչ ասել է` «դասեր քաղած հայ»: Մենք լռեցրել ենք եւ, եթե հարկ լինի, այսուհետ եւ՛ս լռեցնելու ենք բոլոր այն կրակակետերը, որտեղից կրակում են մեր երեխաների եւ ծնողների վրա: Բայց ես հուսով եմ, որ դրա կարիքն այլեւս չի լինելու, ինչի հիմնական երաշխավորներն են հայրենի երկրի խաղաղությունը պահպանող մեր զինվորները: Կրկին շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ: Ամենամեծ հաղթանակը խաղաղությունն է եւ նրա բարի պտուղները: Մաղթում եմ բոլորիս, որ միասին կարողանանք առավելագույնս իմաստավորել խաղաղության ու կայունության յուրաքանչյուր տարին` հանուն մեր գալիք սերնդի, որ վաղը հավատարիմ է լինելու իր նախնիների երդմանը եւ շարունակելու է կերտել նոր` ավելի լավ Հայաստան»: