Մայիսի 8-ից սկսած Հայաստանի բոլոր հեռուստաընկերությունները մեկը մյուսի հետ մրցակցելով` ռեպորտաժներ էին պատրաստում Հայրենական պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ այդ հաղթանակների մեջ իրենց ներդրումն ունեցած մարդկանց մասին։
Այդ ռեպորտաժները դիտելով՝ մարդկանց մոտ այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ պետությունը կյանքի հիանալի պայմաններ է ստեղծել մեր վետերանների համար, ապահովել ամեն ինչով, եւ մնում է միայն հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել՝ նրանց կյանքի վերջին տարիներն ավելի բովանդակալից դարձնելու համար։
Նման մի միջոցառում էլ կազմակերպվել էր մայիսի 9-ին. պատերազմի վետերանների համար Հաղթանակի զբոսայգում փոքրիկ դաշտային խոհանոց էր պատրաստվել, եւ վետերանները ճաշում էին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ պաշտոնատար այլ անձանց հետ։ «Մենյուն» հարուստ չէր՝ հնդկաձավար էր, մի քիչ օղի, հաց ու երշիկ: Սակայն, ինչպես ասում են, կարեւորը սեղանի ճոխությունը չէ։ Իհարկե, երբ գլխիդ հավաքված են այդքան մեծ թվով լրագրողներ՝ իրենց տեսախցիկներով, հացը դժվար է կուլ գնում։ Սակայն սա ավելի շատ սիմվոլիկ իմաստ ունի եւ ցույց է տալիս պետության ջերմ վերաբերմունքը Հայրենական պատերազմի վետերանների նկատմամբ։ Անկախ դժվարություններից, անկախ այն հանգամանքից, որ պետությունը վետերաններին հիշում է տարին մեկ անգամ (ընտրությունների ժամանակ՝ միգուցե երկու), եւ անկախ նրանից, որ նման միջոցառումների թաքնված նպատակն ավելի շատ իշխանության հանդեպ դրական վերաբերմունք ձեւավորելն է, կարելի էր միայն ողջունել այս փոքրիկ, խորհրդանշական խնջույքը, եթե…
Եթե չլիներ մի տհաճ միջադեպ՝ վարչապետի եւ պատերազմի մի վետերանի միջեւ։ Ինչպես հաղորդում է news.am-ը, Հաղթանակ զբոսայգում Երկրորդ համաշխարհային պատերազմի 66-ամյակին, Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի եւ ԼՂՀ-ի Պաշտպանության բանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին մոտեցել է հենակներով մի տարեց, Ղարաբաղյան պատերազմի վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ եւ խնդրել վերականգնել վետերանների համար նախկինում սահմանված արտոնությունները` կոմունալ վճարների 50 տոկոս զեղչը: «Ես վետերան եմ, հաշմանդամ, ստիպված եմ վճարել 20 հազար դրամ, սակայն չունեմ այդքան միջոց»,- նշել է պատերազմի մասնակից Հովհաննիսյանը։ Ի պատասխան` վարչապետը խորհուրդ է տվել. «Գազը քիչ վառի»:
Չէ, իհարկե, սա շատ ավելի նուրբ ձեւակերպում է, քան աթար վառելու խորհուրդը, սակայն ամեն դեպքում` փչացնում է տոնական մթնոլորտը։ Թեկուզ, եթե վարչապետը դա ասել է կեսկատակ։ Հետո Տ. Սարգսյանն ավելացրել է. «Մենք ունենք երկու ճանապարհ` կամ ավելացնել ձեզ տրվող առձեռն գումարը, կամ տրամադրել արտոնություններ: Մենք նախընտրում ենք երկրորդ տարբերակը»։ Եվ այս խոսքերն առավել անհասկանալի են դարձնում պատկերը։ Եթե կառավարությունը նախընտրում է վետերաններին արտոնություններ տալու ճանապարհը, ապա վարչապետին դիմած վետերանի խնդրանքը ամբողջությամբ տեղավորվում է կառավարության գործողությունների տրամաբանության մեջ։ Սակայն այս խոսակցությունը, եւ ընդհանրապես՝ պետական մակարդակով ժլատությունը թե՛ Ղարաբաղյան, թե՛ Հայրենական պատերազմի մասնակիցների նկատմամբ, առավել տհաճ ու ամոթալի է ընկալվում, եթե հաշվի առնենք, որ այսօր Հայաստանում մնացել են Հայրենական պատերազմի ընդամենը 3625 վետերաններ։ Այդ թիվը երեկ հնչեցրել է նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ ռուսական «Վեստի-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ընդ որում, հնչեցրել է ցավով, որ վետերանների թիվը գնալով պակասում է։ Եվ այդ խոստովանությունից հետո առավել ամոթ է, որ մի բուռ մնացած պատերազմի վետերաններին պետությունը ոչ միայն աչքի լույսի պես չի պահում, այլեւ խորհուրդ է տալիս գազ քիչ վառել (կապ չունի՝ Ղարաբաղյան պատերազմի՞ մասնակցին, թե՞ Հայրենականի)։
Նշենք նաեւ, որ «Վեստի-24»-ի լրագրողի հարցին, թե արդյո՞ք պետությունն անում է ամեն ինչ վետերանների բարեկեցիկ կյանքն ապահովելու համար, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Դժվար է ասել` ամեն ինչ, բայց մենք շատ բան ենք անում, վերջինն, ինչ արել ենք, ընդունել ենք կառավարության որոշում` բոլոր վետերանների ավանդների վերադարձի մասին, որոնք նրանք կուտակել էին Խորհրդային տարիներին, շատերը, ցավոք սրտի, դեռ չեն ստացել: Սա` նյութական տեսանկյունից, կարծում եմ` այսօր, վաղը, գուցե 7-10 օրվա ընթացքում վետերանները մեզ մոտ կլինեն հատուկ ուշադրության կենտրոնում»։
Քանի որ խոսք գնաց ավանդների փոխհատուցման մասին, մի երկու խոսքով պարզաբանենք, թե ինչպես են փոխհատուցվելու այդ գումարները (առավելեւս, որ վերջին շրջանում շատերն են այդ մասին հետաքրքրվում)։ Նախ, այդ ծրագիրը ավանդների վերադարձ չէ։ «Այս ծրագիրն ավանդի վերադարձ չէ, այլ սոցիալական օգնության տրամադրում»,- նշված է Սոցիալական հարցերի նախարարության կայքում։ Եվ ըստ այդմ՝ այդ օգնությունը կարող են ստանալ միայն սոցիալապես անապահով խմբերի ներկայացուցիչները։ Հայրենական պատերազմի վետերանները առաջնահերթ խմբերի մեջ են։ Ինչ վերաբերում է օգնության չափին, ապա 1000 ռուբլի ավանդ ունեցողները ստանալու են 84.000 դրամ, 3000 ռուբլի ունեցողները՝ 142.800 դրամ, 5000 ռուբլի ունեցողները՝ 176.400 դրամ, 10.000 ռուբլի ունեցողները՝ 216.400 դրամ։ Իսկ 10.000-ից ավելի շատ ունեցողները՝ 10 հազարը գերազանցող յուրաքանչյուր 1000 ռուբլու դիմաց կստանան եւս 4000 դրամ։ Օրինակ՝ 15.000 ռուբլի ավանդ ունեցող վետերանը կարող է ստանալ 216.000 դրամ՝ գումարած 20.000 դրամ (5000 x 4)։ Մի խոսքով, հաշվի առնելով այս մարդկանց տասնյակ տարիների վաստակը եւ հայրենիքին մատուցած ծառայությունները՝ նրանց տրվում է չնչին փոխհատուցում։ Այն էլ՝ Աստված գիտի, թե երբ։
Ամսական թոշակներն ու նպաստները նույնպես ամոթալի չափով փոքր են։ Եթե պետությունը նրանց վճարվող նպաստները բարձրացնի ամսական գոնե 10 հազար դրամով՝ գնաճին համաչափ, ապա այս մարդիկ գոնե քաղցած չեն մնա։ Բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե պետությունը այդքան փող չունի, նշենք, որ կոպիտ հաշվարկներով` այդ ավելացումը բյուջեի վրա լրացուցիչ բեռ կդառնա ընդամենը 435 միլիոն դրամի (կամ՝ 1.2 միլիոն դոլարի) չափով։ Ի վերջո, խոսքը վերաբերում է ընդամենը 3625 մարդու, որոնց թիվն առանց այդ էլ օր օրի նվազում է։
Ասում ենք` «ընդամենը 435 միլիոն դրամ», որովհետեւ բյուջեում կան այնպիսի ծախսեր, որ, կոպիտ ասած, կարելի է «քերել» ոչ միայն 435 միլիոն, այլ ավելի շատ։ Օրինակ՝ 2011թ. բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացվել է 115 միլիոն դրամ՝ քաղաքական հետազոտությունների համար։ 861 միլիոն դրամ հատկացվել է վարչական շենքերի հիմնանորոգմանը՝ չնայած այն հանգամանքին, որ վարչական շենքերը կարող են 1-2 տարի սպասել, իսկ թոշակառուները` ոչ։ ՀՀ պետական պարտատոմսերի գովազդի համար հատկացվել է 50 միլիոն դրամ, մինչդեռ բնակչության շատ քիչ մասը գիտի պետական պարտատոմսերի մասին (այսինքն՝ անարդյունավետ գովազդ է)։ Միայն կառավարությանը արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար հատկացվել է 300 միլիոն դրամ, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության գնահատականների, կյանքի որակի եւ համայնքային կարիքների գնահատման հետազոտությունների» համար՝ 103,680.0 միլիոն դրամ։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որն իր գոյության մասին ազդարարում է տարին 2-3 անգամ, հատկացվել է 407,2 միլիոն դրամ։ Իսկ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրին, միայն «Կոմիտեի համակարգի կարողությունների զարգացում» հոդվածով հատկացվել է 490 միլիոն դրամ։ Իհարկե, նշված է, որ այդ գումարները լինելու են ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին, սակայն ի՞նչ տարբերություն։ Առավելեւս, որ որքան կադաստրը «կարողությունները զարգացնում է», այնքան բնակչությունն ավելի պրոֆեսիոնալ է կլպվում (այդ մասին անգամ կառավարությունն է խոսում)։ Ըստ երեւույթին, հենց այդ կարողություններն են նկատի ունեցել։
Մի խոսքով, պետբյուջեն ընդամենը աչքի տակով անցկացնելով, առանց պրոֆեսիոնալ հետազոտության, կարելի է նկատել, որ վետերաններին ու թոշակառուներին կարելի է գոնե գոյատեւելու համար անհրաժեշտ գումարներով ապահովել։ Ճիշտ է, այդ դեպքում հնարավոր չի լինի 15-20 հոգանոց պատվիրակություններով մեկնել արտասահմաններ՝ ընդամենը ելույթ ունենալու համար։ Սակայն, ինչպես վարչապետն է վետերանին խորհուրդ տվել «գազը քիչ վառել», այնպես էլ վետերանները կարող են խորհուրդ տալ իշխանություններին` քիչ «յուղ վառել»։