Սպանդարյանի գյուղապետ, ՕԵԿ անդամ Վաղինակ Բաղդասարյանը պատրաստ է հեռուստաընկերություններին տրամադրել իր որդու հարսանիքի տեսաերիզը, որպեսզի բոլորը դիտեն ու համոզվեն, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ու Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը չեն կռվում եւ «հաշտ ու համերաշխ, իրար գրկած» պարում են: Երեկ news.am-ի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Արթուր Բաղդասարյանի եւ Աշոտ Գիզիրյանի մեջ լարված խոսակցություն է եղել, որն ավարտվել է «ճըլըթոցով», Վ. Բաղդասարյանն ասել է. «Ես պատրաստ եմ ասելու, որ նման բան չի եղել, պատրաստ եմ անգամ իմ որդու հարսանիքի տեսաերիզը հեռուստաընկերություններին տրամադրելու, որ բոլորը տեսնեն, թե ինչպես Արթուրն ու Գիզիրյանը հաշտ-համերաշխ կենաց են խմում, իրար հետ պարում մինչեւ վերջ»: Իսկ հարցին, թե ի՞նչ հիմքեր կան ենթադրելու որ միջադեպ է եղել նրանց մեջ, նա պատասխանել է. «Միջադեպ չէ, խոսակցություն է եղել, մի փոքր երկար խոսակցություն: Իրար ընկեր են, իրավունք չունե՞ն իրար հետ առանձին զրուցելու: Առանձնացել, զրուցել են»: Իսկ առանձին «խոսակցությանը», ըստ գյուղապետի, նախորդել է այն, որ խմել են ՕԵԿ-ի կենացը: «Ես եմ հարկ ու հրավերի տերը, ինչ կենաց ուզեմ` կխմեմ, ես ՕԵԿ եմ, Արթուրն իմ բարեկամն է, Գիզիրյանն էլ տեսաերիզում երեւում է, բաժակ է խփել, խմել է»,- ասել է գյուղապետ Բաղդասարյանը` հավելելով, թե կենացից հետո Ա. Գիզիրյանն ու Ա. Բաղդասարյանն «իջել են ներքեւ ծխելու»: «Բայց էնպես չէ, որ հարսանիքին չեն մասնակցել, մասնակցել են, ներքեւում էլ սեղան էր դրված դեսերտ, այնպես որ, խնդիր չկա, Գիզիրյանն ու Արթուր Բաղդասարյանն իմ օջախից կռված դուրս չեն եկել»,- մեկնաբանել է Սպանդարյան համայնքի ղեկավար Վաղինակ Բաղդասարյանը: Ի դեպ, երեկ այս տեղեկատվությունը tert.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է նաեւ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` ասելով. «Արթուր Բաղդասարյանն այն մարդը չէ, որի հետ կարելի է նույնիսկ անհարգալից խոսել»: