Բլեֆ

09/05/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Թե ինչո՞ւ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց ձեռք պարզեցին հիմա եւ ոչ, դիցուք, երեք տարի առաջ` 2008թ. նախագահական ընտրություններից հետո, իշխանության ներկայացուցիչները պայմանավորում են երկրի ղեկավարի բարի կամքով: Ընդդիմությունը վստահ է, որ դա իր համառ պայքարի արդյունքն է: Բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանն ու քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում են, որ իրականությունը բոլորովին այլ է:

– Մարինե՛, Ձեր հոդվածներում քննադատում եք ՀԱԿ-ի գործողությունները, գտնում, որ իշխանություն-ՀԱԿ շախմատային խաղում հասարակությանը վերապահված է «պեշկայի» դեր: Հասարակությանն, ի վերջո, այդ դերը վերապահվա՞ծ է, թե՞ հասարակությունն ինքն է իրեն ավելի հարմար պատկերացնում այդ դերում:

Մ.Պետրոսյան.- 2007-ին, երբ պաշտպանեցի Տեր-Պետրոսյանի թեկնածությունը (թեեւ դրա համար հիմա արդեն փոշմանել եմ), իմ ակնկալիքն էր, որ նա, վերադառնալով քաղաքական դաշտ, կակտիվացնի հասարակությունը: Եվ իսկապես` սկզբում դա տեղի ունեցավ. շարժման ալիքի վրա նոր դեմքեր հայտնվեցին, եւ դա ամենադրական բանն էր: Բայց այսօր արդեն Տեր-Պետրոսյանը կատարում է ճիշտ հակառակ ֆունկցիան` մարդկանց պահում է զսպաշապիկի մեջ: Բոլոր նրանց, ովքեր ունեն անկախ, ինքնուրույն դիրքորոշում, ՀԱԿ-ը հիմա համարում է հակառակորդ, թշնամի:

– Ամեն դեպքում, ՀԱԿ առաջնորդը հիմնավորեց իր դիրքորոշումը` արտաքին մարտահրավերներ, Ադրբեջանի հնարավոր հարձակում: Եվ, ի վերջո, իդեալական, իր երազած երկրի տեսլականը, ուր այնքան ներդաշնակորեն երկխոսում են իշխանություններն ու ընդդիմությունը:

Ե.Բոզոյան.- 2008թ. նախագահական ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ իր ձեռքը պարզել է իշխանություններին` հասկանալով, որ 2008թ. հնարավորությունն ինքն արդեն կորցրել է, եւ որ պետք է ընդհանուր կամուրջներ գտնել գործող նախագահի հետ: Վերջինս ուժեղի իր դիրքից չէր սեղմում իրեն պարզված ձեռքը: Երկու տարի առաջ Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Սերժն իմ ընկերն է»: Լռություն: Հետո եկավ Այնթապցու ժամանակաշրջանը: Դարձյալ լռություն: Հետո եկավ ազգային համաձայնության կառավարության ձեւավորման առաջարկ-ակնարկը: Նախագահը նորից լուռ էր: Տեսեք, վերջին 3 տարիներին թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական կյանքում որեւէ ձեռքբերում, ցավոք, չեղավ: Մինչ արտաքուստ խոսվում է օլիգարխիկ համակարգի, մոնոպոլիաների դեմ պայքարի մասին` գործող նախագահն անում է ամեն ինչ` գերկենտրոնացնելու տնտեսական դաշտը: Եթե 2007թ. ունեինք 1,6 միլիարդ դոլար բյուջե, սկսած 2008, 2009 թվականներից` մեր բյուջեն դարձավ մոտ 3 միլիարդ: Արդյունքում` բիզնես դաշտը քամվեց, շրջանառու միջոցներ այլեւս չկան, տնտեսությունը փաստացի կանգ է առել: Գները շեշտակի բարձրացան, կենսամակարդակը նվազեց: Ինֆլյացիան արդեն երկնիշ թիվ է` 2009թ. Հայաստանի անկումը 14,4 տոկոս էր: Այսպիսի խայտառակ ցուցանիշ չի եղել վերջին 20 տարիների ընթացքում: Եվ եթե Ս.Սարգսյանը 2008թ. նախագահական ընտրություններին կորցրեց իր լեգիտիմությունը հասարակության մեջ, ապա այս խայտառակ տնտեսական քաղաքականության հետեւանքով կորցրեց իր վստահությունը նաեւ պետական կառավարման համակարգում:

– Ըստ այդմ` ավելի մեծացավ Քոչարյանի վերադարձի հնարավորությունը:

Ե.Բ.– Ս.Սարգսյանը փորձեց վերականգնել իր դիրքը` ստորագրել տալով կոալիցիոն հուշագիրը: Սակայն ԲՀԿ-ն երկար ժամանակ դիմադրում էր ստորագրել այն: Եվ, ահա, այստեղ օգնության եկավ Դավիթ Շահնազարյանը, ով իր ասուլիսում հայտարարեց, թե իրենք թույլ չեն տա ապակայունացնել Հայաստանում ներքաղաքական իրավիճակը: Իմաստն այն էր, թե ամեն ինչ կանեն, որ Ռ. Քոչարյանը չխանգարի Ս.Սարգսյանին: Եվ Ս.Սարգսյանը, ով մինչ այս չէր արձագանքում Տեր-Պետրոսյանի մեսիջներին, ստիպված եղավ սեղմել նրա ձեռքը, քանի որ ձախողել էր ողջ քաղաքականությունը: Այսինքն` իրականում Տեր-Պետրոսյանը վերականգնեց Ս.Սարգսյանի հեղինակությունը պետական կառավարման համակարգում: Բնականաբար, նա արդեն պահանջում է հատուցում` ես քեզ օգնեցի, դու էլ ինձ պիտի օգնես, որ քաղաքական դաշտում հաջողենք մնացյալին խաղից դուրս թողնել: Խնդիրն այն է, որ այդ երկխոսությունը շարունակելու համար Տեր-Պետրոսյանին պետք է ներքին լեգիտիմություն իր շրջապատում` քաղբանտարկյալների ազատ արձակում, Մարտի 1-ի էջի վերանայում, Ազատության բաց հրապարակ: Ս.Սարգսյանն էլ հասկանում է, որ առանց այդ խնդիրների լուծման` Տեր-Պետրոսյանը չի ունենա լեգիտիմ հիմք` իր հետ բանակցելու, եւ, բնականաբար, ինքը գնում է այդ խնդիրների կատարմանը: Միջնորդն ամերիկացիներն են:

– Սակայն Տեր-Պետրոսյանը պնդում է արտահերթ ընտրությունների հարցը:

Ե.Բ.– Արտահերթ նախագահական ընտրությունների մասին խոսք անգամ չկա, եւ Տեր-Պետրոսյանն այդ իմաստով բավականին ծանր վիճակում է, որովհետեւ իր կարգախոսն էր` «Պայքար մոնղոլ-թաթարական ռեժիմի, ավազակապետության դեմ», մինչդեռ իրականում ինքն այլ ֆորմատի խնդիր էր դրել: Տեր-Պետրոսյանը գիտեր, որ եթե գնար գործող իշխանությունների հետ հակադրման ճանապարհով, դրանից կարող էր շահել երրորդը: Եվ նա փորձեց գնալ ավելի կառուցողական, ռացիոնալ ճանապարհով: Իր պատկերացմամբ` դա երկխոսությունն էր:

– Մարինե՛, հնարավոր չէ՞ ընդունել, ռացիոնալ համարել ՀԱԿ առաջնորդի քայլերը եւ փորձել չհիասթափվել:

Մ.Պ.– Ինձ համար նոր-նոր հիասթափվելու խնդիր չկա, ես վաղուց եմ հասկացել, որ Տեր-Պետրոսյանը հրաժարվել է ավազակապետությունը կազմաքանդելու գաղափարից: Բայց նրանք, որ գնում են դեռ հանրահավաքների, դեռ հույսը չեն կորցնում, որովհետեւ էմոցիոնալ հզոր ֆոնն իրենց չի թողնում վերլուծել ու հասկանալ կատարվածը: Արաբական հեղափոխությունների ալիքի հետ կապված, նաեւ` տնտեսական վիճակի կտրուկ վատթարացման արդյունքում` բոլորս տեսանք, որ հանրահավաքների մասնակիցները մի պահ ավելացան: Իսկ ՀԱԿ-ի ղեկավարները, իհարկե, հասկանում են դրա շահեկանությունը, մարդկանց քանակը ուժեղացնում է իրենց դիրքերը իշխանության հետ բանակցություններում: Դրա համար էլ նրանք պարբերաբար կրկնում են, թե ժողովուրդը կարող է դուրս գալ վերահսկողությունից, թե կարող է այնպիսի վիճակ ստեղծվի, որ իրենք չկարողանան վերահսկել մարդկանցգ Բայց չէ՞ որ Տեր-Պետրոսյանը շատ հստակ ասել է, որ իր համար ընդունելի չեն ոչ հեղափոխությունը, ոչ ապստամբությունը։ Մեկի տեղ մի քանի անգամ է ասել, եւ դա իր համար սկզբունքային հարց է: Պարզ է, որ Սերժն էլ հասկանում է` քանի դեռ Տեր-Պետրոսյանը կա, հեղափոխություն չի լինելու: Այսինքն` ՀԱԿ ղեկավարների այն պնդումները, թե ժողովուրդը դուրս կգա ՀԱԿ-ի վերահսկողությունից, բլեֆ են: Եվ այդ բլեֆը ոչ թե իշխանություններին է ուղղված, այլ ՀԱԿ համակիրներին։ Ինձ համար ամենատգեղը դա է: Այդ կեղծավորությունն է տգեղը: Վերջին հանրահավաքից առաջ Լեւոն Զուրաբյանին հարց էին տալիս, թե ինչ սցենարներ ունեն, ասաց` մի քանիսն ունենք, բայց թե որով կառաջնորդվենք, կորոշի ժողովուրդը: Բայց երբ եկավ ժամանակն, ու ժողովուրդը ցույց տվեց, որ նստացույց է ուզում, տեսաք, թե ինչպես սկսեցին համոզել, թե նստացույց անելը խելամիտ չէ, իրենք բարդ հաշվարկ են անում եւ այլն: Երբ քաղաքական գործիչը խոստում է տալիս եւ դրժում է այն, նախադեպ է ստեղծվում, եւ իշխող է դառնում այն պատկերացումը, թե քաղաքական գործիչներն առհասարակ ստախոսներ են: Հայաստանի քաղաքական ավանդույթի մեջ պետք է կատարվի փոփոխություն: Չպետք է քաղաքական գործչին ներվի ստախոսությունը: Նա պետք է պատիժ կրի իր խոսքը դրժելու համար, պետք է հեռանա: Իսկ հայ քաղաքական դաշտում մարդիկ ակնհայտ բլեֆ են անում եւ դա համարում խելքի նշան:

– Վերջին 20 տարիներին կա այսպիսի միտում` քաղաքական այն գործիչները, ովքեր ստանում են ժողովրդի վստահության քվեն, տեր չեն կանգնում այդ ձայներին: Ընտրողների, հասարակության գործոնը որեւէ կերպ քաղաքական դաշտի ձեւավորման վրա կարծես այլեւս չի ազդում:

Ե.Բ. – Հայաստանում ընտրական ինստիտուտ չկա: Իշխանությունը սերտաճած է տնտեսության հետ, մարդիկ խոշորամասշտաբ հանցագործությունների մեջ են մտնում, քանի որ սկզբնական կապիտալի կուտակման փուլում են, եւ եթե ընդդիմության թեկնածուն հաղթում է, նշանակում է իրենց համար սոցիալական երկրաշարժ: Հայաստանն այսօր սառը պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, եւ կգա ժամանակ, երբ մենք ուղղակի կպարտվենք խաղաղ պայմաններում: Եվ մեր պարտությունը կնշանակի ոչ թե Ղարաբաղի, այլ պետականության կորուստ: Եթե Հայաստանում գերկենտրոնացված է տնտեսական դաշտը, դա չի կարող բերել քաղաքական առողջ, մրցակցային համակարգի: Եվ հակառակը, եթե տնտեսական դաշտը լինի մրցակցային, քաղաքական դաշտում կոշտ ռեժիմը հնարավոր չի լինի: Տեր-Պետրոսյանը 2008-ին իր թիմը կոնսոլիդացնելու համար կարգախոս ընտրեց «Պայքարը մոնղոլ-թաթարական համակարգի դեմ»: Մյուս կողմից` 2008-ից հետո հասկանում էր, որ ինքը հաջողության չէր կարող հասնել, որ մոնղոլ-թաթարական կարգախոսով չէր կարող շարժվել, բայցեւ միայն այդ կարգախոսն էր կոնսոլիդացրել իր շատ թիմակիցների: Առաջացավ ճգնաժամային իրավիճակ անձամբ Տեր-Պետրոսյանի համար. պետք է փոխեր կարգախոսը` պահպանելով թիմը:

Մ.Պ. – Բայց Տեր-Պետրոսյանը չի ասում, որ փոխել է կարգախոսը, չի բացատրում, թե ինչո՞ւ է փոխել։ Այո, մենք քանի անգամ տեսանք, թե ինչպես մարդիկ վստահում են լիդերին, իսկ լիդերը խաբում է։ Դա նրանից է, որ լիդեր-համակիրներ ողջ հարաբերությունը կառուցված է խարիզմայի շուրջ: Լիդերին վստահում են ու հարցեր չեն տալիս: Այդ դեպքում գայթակղություն է առաջանում` խաբել: Ենթադրենք` Տեր-Պետրոսյանը վերլուծել ու ինչ-որ պահի եկել է այն եզրահանգման, որ կարգախոսը փոխելն է ամենառացիոնալ քայլը։ Որոշել է կարգախոսը փոխել։ Ի՞նչ է անում ինքը դրանից հետո։ Սեփական որոշումը հայտնում է իրեն ամենամոտ մի 3-4 հոգու, որոնք հետո այդ որոշումը ներկայացնում են որպես «բարդագույն հաշվարկների արդյունք», շախմատային հանճարեղ քայլ ու քննարկման ոչ ենթակա։ Վստահեք ու մի քննարկեք, բացատրություն մի պահանջեք։ Սա քաղաքական որոշումներ ընդունելու մոգական, նախնադարյան մի ձեւ է։ Բայց հիմա թագավորի ժամանակներ չեն, չէ՞, որ թագավորը միանձնյա որոշումներ ընդունի` Աստծո տված նշանների համաձայն: Դա ծիծաղելի է: Եթե ունես քաղաքական կառույց, որն ունի իր մարմինները, դու այդ որոշումը պետք է դնես քննարկման, եւ մարդիկ մասնակցեն այդ քննարկմանը: Թեեւ ես, բոլորի նման, հասկանալի կարոտով եմ հիշում 88-ի շարժումը, բայց վերջերս սկսել եմ գիտակցել, որ 88-ից եկող ամեն ինչ չէ, որ պետք է կրկնել։ Քաղաքական ուժը չպետք է հանրահավաքը դարձնի սեփական համակիրների հետ շփվելու հիմնական ու միակ վայր։ Հանրահավաքներում իշխում է էմոցիոնալ մթնոլորտը, էքստազը, որը քեզ տանում է: Ասված խոսքը վերլուծելու համար հանրահավաքները լավագույն վայր չեն: Կարծում եմ, այդ հանրահավաքային-խարիզմատիկ էպոխան Հայաստանում պետք է ավարտվի եւ մշակվի նոր քաղաքական ավանդույթ, երբ քաղաքական գործիչներն իրենց համակիրների հետ կլինեն ավելի ռացիոնալ հարաբերությունների մեջ: Թե չէ հիմա տեսեք` ինչ տարօրինակ վիճակ ունենք` Տեր-Պետրոսյանը երկխոսում-պայմանավորվում է Ս. Սարգսյանի հետ, բայց չի ցանկանում երկխոսել-պայմանավորվել իր համակիրների հետ: Աբսուրդ է:

Ե.Բ.– Այն կարգախոսը, որն առաջարկել էր Տեր-Պետրոսյանը, իսկապե՛ս անառողջ կարգախոս էր: Այսպիսի օլիգարխիկ համակարգ կա 20 տարուց ավելի: Իր ժամանակ էլ օլիգարխներ էին Խաչատուր Սուքիասյանն ու Թելման Տեր-Պետրոսյանը: Եթե նա ասեր, որ իր մեղքը կա այս ամենում, այդ դեպքում հասարակության ավելի մեծ կոնսոլիդացիա կլիներ, եւ իշխանության զգալի մասն իր կողքին կլիներ: Եթե ասեր, որ ղարաբաղյան հարցում իր դիրքորոշումը խմբագրման կարիք ուներ, մեծ զանգված կկանգներ նրա կողքին, որովհետեւ այս իշխանություններից հոգնել են բոլորը: Բայց նա ասաց, թե միայն մի հարցում է սխալ, որ ղարաբաղցուն բերել է իշխանության: Եվ հետո, ասում է` վերականգնենք սահմանադրական կարգը` առանց սահմանադրական փոփոխությունների:

– Իշխանություն-ՀԱԿ ձեռքսեղմման իրական նպատակը քաղաքական առեւտո՞ւրն է, թե՞ բարեփոխումների իրական կամքը: Ի վերջո, եթե իշխանությունն ուզում է վերընտրվել, գուցե արժե՞ շահագործել նրա այդ ցանկությունը:

Մ.Պ.– Ուզում եք ասել` Ս. Սարգսյանը ռեֆորմնե՞ր սկսի անել։ Նա ինչ-որ բան կփորձի անել իհարկե, բայց անգամ ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող կատարել այն փոփոխությունը, որը Հայաստանին կհանի զարգացման նոր ճանապարհ: Ինչ-որ կոսմետիկ բաներ կանի, իհարկե, բայց դա ավելի վատ է, քանի որ վատնվում է ժամանակն, ու հետաձգվում են արմատական փոփոխությունները։

Ե.Բ. – Եթե Ս. Սարգսյանն ուզենա փոփոխություններ անել, կապ չունի` ում հետ կպայմանավորվի: Հասկանալու համար այս երկխոսության իրական հիմքը, պետք է հետեւել նրա գործերին: Վերջին 3 տարիներին տեսնում եմ, որ նա փորձում է գերկենտրոնացնել ֆինանսական հոսքերը: Սա նշանակում է մոնոպոլիզացիա, ինչը ռեֆորմների հետ ոչ մի կապ չունի եւ բերում է ավելի ուժեղ ավտորիտար համակարգի ձեւավորման: Եվ որպեսզի սրանից բխող հնարավոր ցնցումներից խուսափի, ստվերային պայմանավորվածության է գալիս Տեր-Պետրոսյանի հետ: Նա պետք է ապակենտրոնացներ տնտեսական համակարգը, պայքարեր մոնոպոլիաների դեմ, եւ այդ ժամանակ ինձ հետաքրքիր չէր լինի Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը: Եվ սա ամենավատ, փակուղային տարբերակն է: