«Zaman»-ի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի վերջին ելույթը Իգդիրում, որտեղ նա շեշտել էր Ադրբեջանի կարեւորությունը Թուրքիայի համար, Ադրբեջանում ջերմորեն է ողջունվել: Ադրբեջանցի փորձագետների կարծիքով` այս հայտարարությունը ամրապնդում է վստահությունը երկու եղբայրական պետությունների միջեւ: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախընտրական արշավի շրջանակներում ելույթ ունենալով Իգդիրում, Էրդողանը անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտությանը` ասելով, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն այնքան կարեւոր չէ, որքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը: «Առանց հակամարտության լուծման Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացն անհնար է»,- ասել է Էրդողանը: «Ես պարզորոշ հայտարարում եմ եւս մեկ անգամ` առանց Ղարաբաղյան հակամարտության փակուղին հաղթահարելու` մեր հարաբերությունները Հայաստանի հետ չեն կարող վերադառնալ ճիշտ ուղի»,- ասել է նա` հավելելով, թե Հայաստանը պետք է հասկանա, որ եթե Ադրբեջանը սպառնալիքի տակ լինի, Թուրքիան կկանգնի Ադրբեջանի կողքին: Բաքվում Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ջավիդ Վելիեւը «Todayգs Zaman»-ի հետ զրույցում ասել է, որ Ռեջեփ Էրդողանի այսպիսի հայտարարությունները պարզորոշ ցույց են տալիս Թուրքիայի վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ եւ նպատակ ունեն հասկացնել Ադրբեջանին, որ այդ երկիրն ավելի կարեւոր է Թուրքիայի համար, քան Հայաստանը: Պաշտոնական Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերը կարճ ժամանակով խաթարեցին թուրք-ադրբեջանական բարեկամությունը, երբ Թուրքիան ստորագրեց ցյուրիխյան արձանագրությունները 2009թ. հոկտեմբերին: «Zaman»-ի հետ հարցազրույցում Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի փորձագետ Էլնուր Սուլթանովը ասել է, որ Թուրքիայի վարչապետի Իգդիրում ունեցած ելույթը ոչ միայն առաջիկա ընտրություններում քվեներ շահելու միջոց է, այլեւ արտահայտում է Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը: Նույն պարբերականին տված հարցազրույցում Բաքվի «Ատլաս» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն ասել է, որ էրդողանը Նախիջեւանի եւ ԼՂ-ի անվտանգությունը նույնքան կարեւոր է համարում, որքան Թուրքիայի անվտանգությունը, եւ Թուրքիայի կողմից Ադրբեջանին սատարելը շատ կարեւոր ուղերձ է միջազգային հանրությանը, ՀՀ-ին եւ Ադրբեջանին: