Անցյալ տարվա հուլիս ամսին թվով 14 հասարակական կազմակերպությունները հրապարակեցին ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) քրեակատարողական հիմնարկներում կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Աղմկահարույց փաստեր հրապարակվեցին քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների անմարդկային պայմանների մասին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր` «2010թ. հուլիսի 1-ի դրությամբ առավելագույնը նախատեսված 4396 ազատազրկվածի փոխարեն պահվում է 4850 մարդ»: Որպես օրինակ` հ/կ ներկայացուցիչները մատնանշեցին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ք/հ-ի պայմանները, որտեղ 8 հոգու համար նախատեսված խցում ապրում են երկու անգամ ավելի ազատազրկվածներ, մինչեւ անգամ 20 հոգի: Ելնելով սուղ պայմաններից` դատապարտյալները ստիպված են լինում քնել հերթափոխով. մի մասը` ցերեկը, իսկ մյուս մասը` գիշերը: Հիշեցնենք, որ կալանավայրերից ստացվող բազմաթիվ դժգոհությունների եւ ահազանգերի մասին մենք հրապարակումներ տպագրել ենք: Թեեւ ներկայումս յուրաքանչյուր ազատազրկվածին բաժին է հասնում 2քմ-ից պակաս տարածք, այդուհանդերձ, միջազգային չափանիշներով, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ` յուրաքանչյուր ազատազրկվածի պետք է հատկացվի առնվազն 4քմ տարածք: Ի դեպ, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող պայմանները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որակվում են որպես դաժան կամ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, առանձին դեպքերում` նաեւ խոշտանգում: «Գերբնակեցումն առաջացնում է առողջա-հոգեբանական խնդիրներ, թթվածնային քաղց, առողջության վատթարացում, հոգեկան լարվածություն եւ կոնֆլիկտներ»,- նշել են հասարակական կազմակերպության ներկայացուցիչները` ք/հ-ների գերբնակեցումը հիմնավորելով հանցագործությունների թվի աճի եւ դատարանների կողմից կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու փաստերով: Նշենք, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումները դադարեցնելու համար հ/կ-ները հանդես էին եկել համաներում կիրառելու կոչով, ինչպես նաեւ` ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ Արդարադատության նախարարին հորդորել էին բարեփոխումներ իրականացնել այս ոլորտում: Ինչեւէ, այս աղմկահարույց փաստերից եւ հայտարարությունից անցել է բավականին երկար ժամանակ, սակայն ներկայումս կալանավայրերում նույն պատկերն է: Օրինակ` «Սեւան» ք/հ-ում պահվող դատապարտյալները մեզ տեղեկացրին, որ, եթե անցյալ տարի կալանավայրում 400 դատապարտյալ կար, ապա այսօր նրանց թիվը հասնում է մոտ 800-ի: «Անցյալ տարի հասարակական կազմակերպություններից ստուգողներ եկան, ուսումնասիրեցին պայմաններն ու կոշտ գնահատականներ տվեցին: Դրանից հետո խառնվեցին իրար: Սկսեցին բարաքները կարգի բերել, երկհարկանի մահճակալները փոխարինեցին մեկ մահճակալով: Այսինքն` շատ արագ կերպով սկսեցին դատապարտյալի համար պայմաններ ստեղծել: Որոշ ժամանակ անց, երբ այդ աղմուկը հանդարտվեց` նորից սկսեցին երկհարկանի, եռահարկ մահճակալներ տեղադրել, որ դատապարտյալները քնելու տեղ ունենան: Այսինքն` կազարմայի սկզբունքով են զոնա պահում: Հիմա վիճակը շատ լուրջ ա, որովհետեւ վաղակետ ազատման ժամկետները լրանում են, բայց դատապարտյալներին ազատ չեն արձակում, եւ ահավոր կուտակում ա առաջանում»,- մեզ հետ զրույցում վստահեցրեցին «Սեւան» ք/հ դատապարտյալները` խնդրելով անունները չհրապարակել: «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից մեկը նույնպես ասաց, որ հ/կ-ների հայտարարությունից հետո ՀՀ քրեակատարողական վարչությունը փորձել է իրավիճակն ինչ-որ չափով բարեփոխել, սակայն որոշ ժամանակ անց կրկին դատապարտյալներին «լցնում են իրար գլխի». «Էդ իմաստով «Արթիկում» բարենպաստ պայմաններ կան, որովհետեւ ասում են` եթե դատապարտյալների քանակակազմը լրանում է, «Արթիկի» պետը հրաժարվում է ընդունել: Մեզ մոտ հիմա ինչ-որ բարեփոխումներ անում են, զուգարան-բաղնիք են կառուցում: Կարող եմ ասել, որ էդ իմաստով «Արթիկը» հանրապետության կալանավայրերից միակ հաստատությունն է, որտեղ քիչ թե շատ պայմանները նորմալ են: Ամենավատը «Նուբարաշենում» է, որովհետեւ էնտեղ 6-8 հոգանոց խցում պահում են մոտ 20 հոգի»: «Արթիկ» ք/հ-ում գտնվող մեր զրուցակիցը նշեց, որ կալանավայրերի գերծանրաբեռնվածության հիմնական պատճառն այն է, որ վաղակետ պայմանական ազատման հանձնաժողովի գործելաոճը խստացել է, բավականին քիչ դատապարտյալներ են ազատություն ստանում, եւ դրա հետ մեկտեղ` նոր դատապարտվածների մեծ խմբաքանակ է մուտք գործում քրեակատարողական հիմնարկներ: «Պետք է նշեմ, որ նոր նախարարը մեծ ուշադրություն է դարձնում դատապարտյալներին բաժին հասնող սննդին: Հիմա, օրինակ, բոլոր դատապարտյալները ժամանակին եւ պատշաճ կերպով ստանում են իրենց հասանելիք չափաբաժինները: Էդ իմաստով իսկապես շատ բան է փոխվել, եւ մենք մեծ հույսեր ենք կապում նրա հետ, որովհետեւ սառույցը տեղից շարժվել է»,- նշեց նա:
Հայաստանի Հելսինյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր էլ շարունակում է ազատազրկվածների իրավունքների կոպիտ խախտումների մասին ահազանգել: Ըստ նրա` մոտ մեկ տարի առաջ կատարված ուսումնասիրությունները եւ դրանց մասին հայտարարությունները մնացել են անարձագանք: «Պետք է ասեմ, որ խայտառակ, անմարդկային պայմաններ են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Ես չգիտեմ ավելի հարմար բառ, քան անմարդկայինն է, ուրիշ ի՞նչ կերպ կարելի է բնորոշել մեր երկրի քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկվածների պայմանները: Կալանավայրերում դատապարտյալների վիճակը խայտառակ է: Պետք է ասեմ, որ անցյալ տարվա մեր կատարած ուսումնասիրության արդյունքները եւ ահազանգը որեւէ արդյունք չի տվել»,- մեզ հետ զրույցում նշեց Ա. Իշխանյանը` հավելելով, որ Հելսինկյան կոմիտեն շուտով հանրությանը կներկայացնի ք/հ-ներում կատարած ուսումնասիրությունների արդյունքում կազմված նոր զեկույցը, որտեղ բավականին ուշագրավ փաստեր են զետեղված: Զեկույցը ներկայումս ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, եւ համապատասխան մեկնաբանություններից հետո այն կհրապարակվի: Ըստ Ա. Իշխանյանի` 2001-ից սկսած, Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունից հետո 10 տարվա ընթացքում Հայաստանի կալանավայրերում ընդամենը կատարվել են հետեւյալ բարեփոխումները. Վանաձորի նախկին անմխիթար «Վանաձոր» ք/հ-ն փոխարինվել է անհամեմատ լավ պայմաններ ունեցող, վերանորոգված շենքով, «Արթիկ» ք/հ-ն վերանորոգվել է, «Գորիս» ք/հ-ում նույնպես վերանորոգումներ են իրականացվել, ինչպես նաեւ բարելավվել է կանանց եւ անչափահասների «Աբովյան» ք/հ-ի մեկուսարանը, ինչն աննշան բարեփոխում է 10 տարվա համար: «Նուբարաշեն» ք/հ-ում էլ առանձնացվել է սանհանգույցը, որը նախկինում ընդհանուր էր: «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը խայտառակ բնույթ է կրում, եւ այդ գերծանրաբեռնվածությունը խախտում է ազատազրկվածի տարրական իրավունքը: Այդ պայմանները հակասում են ինչպես եվրոպական չափանիշներին, այնպես էլ` ՀՀ օրենսդրությանը, էլ չեմ ասում` մարդու իրավունքների ինչպիսի կոպիտ ոտնահարում է: Կարող եմ միայն մի բան ասել մեր պետությանը` եթե չես կարողանում բանտարկյալ պահել, ուրեմն` մի բանտարկիր: Եթե դատարանը նրան դատապարտում է ազատազրկման եւ ուղարկում է քրեակատարողական հիմնարկ, ապա ք/հ-ն պարտավոր է հարգել մարդու իրավունքը եւ համապատասխան պայմաններ ստեղծել, իսկ, եթե ի վիճակի չէ, ուրեմն` չպետք է բանտարկի»,- ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ա. Իշխանյանը:
Ի դեպ, երեկ մենք «Սեւան» ք/հ-ում պահվող դատապարտյալներից մի նամակ ենք ստացել, ըստ որի` դատապարտյալները դժգոհում են պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովից եւ ՀՀ նախագահին համաներում կիրառելու կոչ են անում, որի դեպքում, ըստ նրանց` կլուծվի թե՛ ք/հ-ների գերծանրաբեռնվածության խնդիրը, թե՛ ազատություն կստանան այն մարդիկ, որոնք, ինչպես իրենք են բնորոշել` «նստած են» ուրիշների փոխարեն: Նամակը տպագրում ենք կրճատումներով։ «Հայաստանյան կալանավայրերում շատ են այն դատապարտյալները, որոնք անցել են Ղարաբաղյան պատերազմի թոհուբոհով: Պետական հոգածության բացակայության պատճառով նրանցից ոմանք բռնեցին հանցագործ կյանքի ճանապարհը` դիմելով տարբեր տեսակի` հիմնականում տնտեսական բնույթի հանցագործությունների, որպեսզի կարողանան պահել իրենց ընտանիքներին ու երեխաներին ապահովեն հանապազօրյա հացով: Այսօր կալանավայրերում են գտնվում այնպիսի տղաներ, որոնք ռազմի դաշտում աննկարագրելի սխրանքների են գնացել` դեմ առ դեմ գնալով մահվանն ընդառաջ: Նրանցից շատերն այսօր կորցրել են վաղվա օրվա նկատմամբ հավատը: Գնալով ավելի են գերծանրաբեռնվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկները: Այս իրավիճակում անհրաժեշտ է քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը քննարկել եւ մտցնել կիրառության մեջ: Մեկ տարուց ավելի խոսում են, որ 1000 դատապարտյալի պատժաչափերը կփոփոխվեն, սակայն` ոչ մի առաջընթաց: Վերջերս մամուլով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանը ժամկետների առումով այսպիսի արտահայտություն էր արել, որ կրկնակիության մասին նախագիծը պատրաստ է, եւ այն կընդունվի ոչ շուտ, քան մեկ տարի հետո, իսկ քրեական նոր օրենսգիրք կունենանք երկու տարի հետո: Ի՞նչ է նշանակում սագ մի կողմից` նշում է, որ քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են, բայց մյուս կողմից` ոչ ողջամիտ ժամկետներ են հայտարարում: Ռ. Պետրոսյանը պատկերացում չունի, թե ինչ իրավիճակ կարող է ստեղծվել կալանավայրերում անգամ մի քանի ամիս հետո: Եվ երկրորդ` Ռ. Պետրոսյանը տեղյակ չէ, որ իր մատնանշած վաղաժամկետ պայմանական ազատ արձակման եւ անհատական ներման ինստիտուտները չեն գործում: Այսօր Հայաստանի ք/հ-ների ծանրաբեռնվածության թեթեւացման միակ ճանապարհը Քրեական օրենսգրքի թեկուզ կրկնակիության նախագծի քննարկումն ու կիրառումը կամ համաներումն է, հակառակ դեպքում ք/հ-ներում այլեւս անհնար է գոյատեւել»,- նշված է «Սեւան» ք/հ-ում պահվող դատապարտյալների նամակում: