Փորձում են բուժել շաքարախտը

05/11/2005 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Շաքարախտը 21-րդ դարի ամենատարածված հիվանդություններից է։ Ողջ աշխարհում այս հիվանդությամբ մոտավորապես 250 մլն մարդ է տառապում։ Որոշ կանխատեսումների համաձայն, 2025-ին նրանց թիվը կհասնի 300 մլն-ի, որը 150%-ով գերազանցում է 1990-ի ցուցանիշը։

Այս տարվա սեպտեմբերին Աթենքում տեղի է ունեցել դիաբետի ուսումնասիրման գծով եվրոպական ասոցիացիայի հերթական՝ 41-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցել է նաեւ Հայաստանից մեկնած էնդոկրինոլոգների խումբը։ Կոնֆերանսի ընթացքում արծարծվել են շաքարային դիաբետի աննախադեպ արագ աճին (ինչպես ոչ զարգացած, այնպես էլ զարգացած երկրներում), երիտասարդացման (հատկապես II տիպը) միտումներին, ինչպես նաեւ՝ 21-րդ դարի համաճարակի կանխարգելմանն ու արմատական բուժմանը վերաբերող հարցեր։

Ինչպես նշում է Երեւանի գլխավոր էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանը, տարեցտարի նորանոր դեղամիջոցներ են ստեղծվում խրոնիկ հիվանդությունը բուժելու համար։ Ներկայումս արտադրության մեջ առկա են ավանդական ինսուլինաներարկիչներին փոխարինող ինսուլինահաբեր եւ ինհալյացիոն եղանակով ինսուլինաներմուծիչներ, որոնք դեռեւս լայն կիրառում չունեն` արդյունավետության մասին տվյալների ամբողջական բազայի բացակայության պատճառով։

Ինսուլինաթերապիային զուգահեռ, շաքարախտի դեմ տարբեր երկրներում պայքարում են նաեւ այլընտրանքային եղանակներով։ Օրինակ, Լեհաստանում արդեն կատարվել են ենթաստամոքսային գեղձի 18 պատվաստումներ։ Վիրահատված հիվանդներից երկուսի մոտ շաքարախտի համախտանիշերը լիովին չեն վերացվել։

Աթենքի գիտաժողովում հնչած վերջին տվյալների համաձայն, ներկայումս կանադացի երկու գիտնականներ բեկումնային նոր դեղամիջոց են սինթեզում, որը դեռեւս փորձագիտական չորրորդ փուլում է (փորձաքննումը կատարվում է մարդկային հիվանդ օրգանների վրա)։ Դեղամիջոցը կոչված է ենթաստամոքսային գեղձի վնասված բետա բջիջները փոխարինել առողջ բջիջներով։ «Եթե բոլոր փորձերը հաջողությամբ պսակվեն,- ասում է Է. Հայրապետյանը,- ապա դեղամիջոցը շուկա դուրս կգա 10 տարի անց։ Այս փաստը հեղաշրջում կմտցնի շաքարախտի բուժման հազարամյա պատմության մեջ»։ Հայաստանում ներկայումս հաշվառված է շաքարախտով տառապող մոտավորապես 30.000 մարդ, որից 17.000-ը՝ միայն Երեւանում։ Երեւան քաղաքի գլխավոր էնդոկրինոլոգի խոսքերով, այս տարի մայրաքաղաքում գրանցված պաշտոնական վիճակագրության մեջ առանձնակի մեծ շարժ չի նկատվում, բայց դա չի նշանակում, որ հիվանդների թիվը մեզ մոտ մեծ չէ, որովհետեւ շարունակվող միգրացիայի եւ մահացության շարժապատկերում բացարձակ թվերի հետ գործ ունենալ չես կարող։ Ինչպես նշում է բժշկուհի Է. Հայրապետյանը, մի հանգամանք եւս կա. նույնիսկ նրանք, ովքեր գործնականում իրենց առողջ են համարում, քիչ են հսկվում։ Եթե մեր ազգաբնակչության շրջանում պրոֆիլակտիկ զննում կատարվի (իհարկե, դրա համար պետական մասշտաբով ծախսեր նախատեսված չեն), ապա հիվանդության թվագրության պատկերն ամբողջովին կփոխվի։ Ի դեպ, նախկին հասարակարգում ցանկացած բուժհիմնարկ մուտք գործող քաղաքացուն առաջնահերթ (նախարարի հրամանի համաձայն) նշանակվել է արյան մեջ գլյուկոզայի պարունակության լաբորատոր հետազոտություն, որը հնարավորություն է տալիս վաղ շրջանում հայտաբերել հիվանդությունը։

Ի դեպ, եթե զարգացած երկրներում ինքնավերահսկման պարագաները (գլյուկոմետր եւ մեկանգամյա շերտիկներ) որոշակի քանակությամբ պետության կողմից անվճար են տրամադրվում, ապա մեզ մոտ նման հոգածության ապագան անգամ մշուշոտ է (պետպատվերի շրջանակներում բաշխվում է միայն ինսուլին եւ այլ հակագլիմիկ դեղորայք)։

Քանի որ պոլիկլինիկաները քաղաքապետարանի ենթակայության տակ են, փորձեցինք պարզել, թե արդյո՞ք արտոնյալ պայմաններով հասարակության որոշակի խմբերի հատկացվում են համապատասխան բժշկական սարքավորումներ։ Քաղաքապետարանից պատասխանեցին, որ բյուջեի սուղ միջոցների պատճառով իրենց նման գործառույթ վերապահված չէ։

Ենթադրվում էր, որ կենտրոնացված համակարգով սա իրականացնում է Առողջապահության նախարարությունը, որտեղ էլ բախվեցինք լուրջ խոչընդոտի։ Ինֆորմացիայի տրամադրման բարդ եւ հիասթափեցնող ընթացակարգը թույլ չտվեց անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ եւ տվյալ հիմնախնդրի որոշ մանրամասներ հրապարակել։