«Զինադադարը»` լուսանկարներում

09/05/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մայիսի 8-ին Ազգային պատկերասրահում բացվեց լուսանկարիչ Վիգեն Մնոյանի «Զինադադար» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը, որին ներկա էին նաեւ լուսանկարների հերոսները` Արցախյան պատերազմի մասնակիցները:

Ցուցահանդեսին ներկա էր նաեւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հարցին, թե որքանո՞վ է ճիշտ առիթից առիթ հիշել պատերազմի մասնակիցներին, Ս.Օհանյանը պատասխանեց. «Ես եւ իմ ղեկավարած գերատեսչությունը պատերազմի հերոսների հետ մշտապես ենք առնչվում: Անգիր գիտեմ յուրաքանչյուրին: Ծանոթ եմ յուրաքանչյուրի մտորումներին, ապրելակերպին: Պատերազմի թոհուբոհով անցած մարդիկ չեն ընկճվել իրենց սկզբունքներում, իրենց նպատակներում: Այսօր էլ նրանք բանակի հետ առնչվող առաջարկություններով են հանդես գալիս: Մեր կողմից անբարոյականություն կլինի պատերազմի հերոսներին մոռանալը»: Ցուցահանդեսին ներկա պատերազմի մասնակից Արմեն Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ստանում է 70.000 դրամ թոշակ: Ա. Մինասյանը 1988-1994թթ. մասնակցել է ԼՂՀ եւ ՀՀ ինքնապաշտպանական մարտերին: Նա առաջին խմբի հաշմանդամ է: Արմենի կարծիքով` եթե պետությունը կարողանար պատերազմի մասնակից հաշմանդամների համար գոնե կոմունալ ծախսերի վճարները 50 տոկոսով կրճատել, լավ կլիներ: Հարցին, թե չի՞ փորձել օգտվելով առիթից` այդ հարցով դիմել ցուցահանդեսին ներկա ՀՀ պաշտպանության նախարարին, նա պատասխանեց. «Ոչ: Նախարարին նման հասարակ հարցերով չեմ դիմի: Նրա գլուխն առաց այդ էլ ծանրաբեռնված է: Մի ամբողջ բանակ նրա ուսերին է: Պատերազմի մասնակցել եմ ոչ թե հետագայում լավ կամ վատ ապրելու, այլ իմ տունը, ընտանիքը, հայրենիքը թշնամուց ազատելու համար: Եթե հարկ լինի` կրկին կգնամ: Ճիշտ է, քանի որ հաշմանդամ եմ, հնարավոր է` ինձ առաջին գիծ չթողնեն, սակայն իմ փորձն անպայման պետք կգա պատերազմի ժամանակ»: Արդյո՞ք, ցուցահանդեսի բացման խոսքում նշված` «Ոչ ոք եւ ոչինչ չի մոռացվում» արտահայտությունը համապատասխանում է իրականությանը` հարցին, ավագ լեյտենանտ Կարապետ Բալաբեկյանը կատակով պատասխանեց. «Պատերազմի ժամանակ շատ դիպուկ արտահայտություն կար տարածված. «Ազգը Ձեզ չի մոռանա, բայց կարող է եւ չհիշել»: Շատ օրիգինալ եւ իրականությունը բնութագրող արտահայտություն է: Մենք այդքանը պարզ գիտակցելով էինք գնում պատերազմի: Ասեմ ավելին` եթե հարկ լինի` առաջինն եմ գնալու»:

Հարցին, թե ինչո՞ւ լուսանկարներում պատկերված չեն նաեւ այն պայմանները, որտեղ այսօր ապրում են պատերազմի մասնակիցները, լուսանկարիչ Վիգեն Մնոյանը պատասխանեց. «Այս ցուցահանդեսի 40 լուսանկարներում պատկերված են այն ազատամարտիկները, որոնք պատերազմի էին գնացել` պաշտպանելու իրենց հայրենիքը, իրենց տունն ու ընտանիքը: Այս մարդիկ, պատերազմին մասնակցելով, երբեւէ որեւէ շահ չեն հետապնդել: Բոլորն անխտիր ասում են, որ եթե, Աստված չարասցե, վերսկսվի պատերազմը, պատրաստ են վերցնել զենքն ու գնալ մարտի դաշտ»:

Վիգենի խոսքով` ցուցահանդեսի մտահղացումը միայն իրենը չէ: «Զինադադարը» իմ ընկեր Աննա Խաչատրյանի եւ իմ համատեղ նախաձեռնությունն է: Աննային շատ հարազատ է այս թեման, քանի որ նրա ծնողները եւս անմասն չեն մնացել Արցախյան պատերազմին»,- ասաց նա: Վիգենի խոսքով` նկարահանումներից առաջ ինքը զրուցել է պատերազմի մասնակիցների հետ. «Նրանցից ոչ ոք` անկախ իր ապրելու պայմաններից, մի բառ անգամ չի բողոքել: Բոլորը միաբերան ասում էին, որ կատարել են իրենց պարտքը: Նպատակ չեմ ունեցել պատկերել այն պայմանները, որտեղ այսօր ապրում են պատերազմի մասնակիցները: Ես տեսել եմ մարդկանց, որոնք ոչ ուրախ են, ոչ տխուր, այլ ցանկացած պահի պատրաստ են մեկնելու ռազմի դաշտ: Այս մարդիկ այնքան վեհ են ու հպարտ իրենց արածի համար, որ չգիտեմ, թե որքանո՞վ է ճիշտ` նրանց հետ պատերազմից դուրս այլ թեմաների շուրջ խոսելը»: