Ժնեւի գրքի եւ մամուլի 25-րդ սալոնը, որին Հայաստանը մասնակցեց պատվավոր հյուրի կարգավիճակով, շատ հարցադրումների սկիզբ դրեց: Պետք է նշել, որ խնդիրների արծարծումը մեր մասնակցության լավագույն արդյունքն է, քանի որ այն ամենը, ինչ վերաբերում է գրահրատարակչությանն ու գրքի ճակատագրին, ոչ թե դատարկ գովասանքի, այլ լուրջ վերլուծության կարիքն ունի:
Չէ՞ որ 2012 թվականին մենք պատրաստվում ենք գրքի համաշխարհային մայրաքաղաք դարձնել մեր Երեւանը, եւ հարկ է ցանկացած իրադարձություն օգտագործել ի նպաստ հայաստանյան ընթերցողի, այլապես դատապարտված կլինենք հայտնվել «կոշկակարն առանց կոշիկի» վիճակում: Եվ եթե քո հայրենիքում արտադրված կոշիկը (գիրքը) պետք չէ, ուրեմն վստահ կարելի է ասել, որ այն պետք չէ նաեւ որպես իմպորտի միավոր: Հո չե՞ս կարող Երեւան բերել մի ապրանք, որի պահանջարկը նվազ աստիճան ունի ու չի սպառվում ներքին շուկայում` մնալով սոսկ որպես թանգարանային (կարելի է ասել նույնիսկ` սակրալ նշանակություն ունեցող) նմուշ: Հատկապես վերջին տարիներին ընդունված է շատ խոսել գրքի մասին` հիշելով հարուստ անցյալն, ու գիրքը դարձնելով ինքնության նշան` սրբացնել: Եվ թերեւս հենց այդ սրբացումն ու աբստրակտ հպարտությունն էլ խանգարում են գիրքը ընկալել որպես պահանջված ապրանք կամ ամենօրյա կիրառում ունեցող գործիք, որն ինֆորմացիա է փոխանցում, հաճույք է պարգեւում կամ էլ պարզապես` ազատ ժամանակն է հագեցնում: Գիրքը բնավ էլ ընթերցողին վեհացնելու կամ կարդալու պրակտիկան որպես սխրանք ներկայացնելու համար չի ստեղծվում, դա պարզապես մի ապրանքատեսակ է, որն ունի իր շուկան, մենեջմենթը, շահույթն ու, խելամիտ կառավարման դեպքում` ձեւավորում է վերլուծող ու ներքուստ ավելի ազատ հասարակություն: Եվ հենց այս կետում է, որ գրքի հանդեպ պետական հոգածություն ասածը մեզ մոտ անընդհատ արգելակվում է:
Նկատելի է, որ մեր իշխանությունները շեշտը դնում են ոչ թե արդյունքի (հասարակության ապրելակերպի որակի բարձրացման վրա, ինչը ենթադրում է առաջին հերթին ինտելեկտուալ պաշարի կուտակումը), այլ այն մոդելի վրա, որի ենթատեքստում հնարավորինս շատ ինքներս մեզ փառաբանելն է: Իսկ երբ փառաբանում ես մի բան, որ փաստացի չկա (փտում է գրքերի պահեստներում) կամ անհայտ է (զմռսված է թանգարաններում ու մատենադարաններում), ստիպված ես լինում խոսել ոչ թե իրականության, այլ` քարոզի դիրքերից: Եվ երբ, օրինակ, տարբեր պաշտոնական անձինք ամբիոններից խոսում են գիրքը Հայաստանի իմիջի անբաժանելի մասը համարելու փաստի մասին, ակամայից ուզում ես խորհուրդ տալ նրանց` պարբերաբար դպրոցներ հաճախել ու գոնե մեկ օրինակով (ասենք` Թումանյանի հեքիաթի, Շեքսպիրի սոնետի կամ Չարենցի բանաստեղծության ընթերցումով) ամրապնդել այդ թեզը: Շատ ավելի գործնական ու իմիջային առումով` ընդունելի կլինի, եթե մեր նախարարներն ու վարչապետը գոնե ժամանակ առ ժամանակ իրենց ելույթներում ընդգծեն, նաեւ` մեջբերեն գրողների ստեղծած տեքստերը, որպեսզի նրանց ճառերն ու քարոզը տեսանելի ու վստահելի լինի: Չէ՞ որ, երբ երեխան տեսնում է, որ նախարարական պորտֆելին արժանացել է գրագետ անձ, այլ քարոզի մեխանիզմներ գործի դնելու կարիք չի զգացվում:
Երբ UNESCO-ն Երեւանը հռչակեց 2012 թվականի գրքի մայրաքաղաք, ՀՀ իշխանությունները ստիպված եղան (բարեբախտաբար) տարաբնույթ շարժառիթներ փնտրել` գրքի դերն առավել ընդգծելու ուղիներ գտնելու համար: Եվ լավագույն հարթակները համարվեցին գրքի միջազգային տոնավաճառներն ու սալոնները, որոնց Հայաստանը սկսեց ակտիվորեն մասնակցել: Նաեւ լուսաբանել, ինչը դրդեց հասարակությանը քննարկել գրքի հետ առնչվող հարցերը: Ցանկացած ձեռնարկ, որը կոմունիկատիվ ենթատեքստ ունի ու կապ է ստեղծում ապրանքի ու սպառողի միջեւ, անպայման պետք է հաշվի առնի եւ արտաքին ատրիբուտները, եւ բովանդակությունը: Արտաքին ներկայացուցչական ֆորմատը մեզ մոտ շատ լավ է ստացվում, սակայն բովանդակային հետազոտությունը կաղում է: Եվ դրա ապացույցը վերջերս անցկացված Ժնեւի գրքի ու մամուլի սալոնն էր, որտեղ Հայաստանը հսկայական` 600 քառ. տարածք էր վարձակալել` ձեւավորելով այն շատ հետաքրքիր ու տպավորիչ: Հայկական այբուբենի մեծ չափերի լուսամփոփ-տառերը կարելի է անվանել դիզայներական գյուտ, որը շատ գեղեցիկ էր դիտվում լուսանկարների ու հեռուստաէկրանի վրա: Մեր այբուբենը մեր տանիքն է, մեր պաշտպանությունն ու հաղորդակցման միջոցը, որը կապում է Հայաստանն ու հայկական սփյուռքը: Եվ այդ ուղերձը շատ հստակ էր «աշխատում» հայկական գրքի տաղավարում: Սակայն, ինչպես հաճախ է տեղի ունենում մեր պետական ձեռնարկների հետ, Հայաստանը չկարողացավ ռեալ աշխատանքով վավերացնել այդ ուղերձի ակտուալությունը: Ի սկզբանե նախատեսվում էր, որ սալոնի աշխատանքներին մասնակցելու է հայկական սփյուռքը (ինչպես եղել է նախորդ տարիներին), սակայն, երբ Հայաստանը որոշեց պետական մակարդակով ներկայանալ Ժնեւ, այդ իրադարձությունը զուտ հայաստանյան հնչեղություն ստացավ: Ինչն էլ անխուսափելիորեն աշխատանքը վերածեց տոնախմբության: Ի դեպ` տոնը շատ վտանգավոր ֆորմատ է, քանի որ տոնը ուրախություն է, ցնծություն, երգ ու պար, հուշանվերներ ու կենաց-ճառեր, իսկ աշխատանքը ենթադրում է բիզնես-ծրագրերի մշակում: Գրքի սալոնը նախեւառաջ վաճառքի տարածք է, եւ հայկական կողմը պարտավոր էր ներկայանալ տարբեր բիզնես-նախագծերով, այլապես իմաստ չուներ գնալ Շվեյցարիա ու աhռելի (Երեւանի Հանրապետության հրապարակի չափ) տարածքը լցնել հիմնականում հայալեզու գրքերով: Ժնեւի գրքի սալոնը թեեւ համարվում է միջազգային իրադարձություն, սակայն աշխատանքային առանցքը ֆրանսալեզու գրականությունն է: Եվ բնական էր ենթադրել, որ մեր պատվիրակությունը` հաշվի առնելով այդ փաստը, պետք է իր գրողների ստեղծագործությունները ներկայացներ ֆրանսերեն լեզվի ադապտացմամբ: Հո չե՞նք կարող ենթադրել, որ աշխարհը մեր գրողներին կարդալու համար պատրաստ է հայերեն սովորել: Եվ ստացվեց, որ մենք գնացել էինք Ժնեւ ոչ թե աշխարհի հետ հաղորդակցվելու, այլ ինքներս մեր արածը գնահատելու համար (իհարկե, միայն դրական): Նաեւ նշելու, թե որքան կարեւոր գործ են արել ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարները:
Գրքով պետք չէ հպարտանալ, գիրքը կարդալու համար է
Վերջին մի քանի տարիների ընթացքում հայկական ժամանակակից գրականությունը (հատկապես արձակի փոքր ֆորմաները` պատմվածքները) բավականին մեծ ընթերցասրահ են գտել հայրենիքում: «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով վաղուց արդեն տարբեր գրքի տոնավաճառների մասնակիցն է, նկատում է, որ գրքի սալոնները նախեւառաջ գրողին միջազգային շուկա հանելու հարթակ են: «Ամենալուրջ էֆեկտը, որը կարելի է սպասել գրքի սալոններից, արտասահմանյան հրատարակիչների հետ պայմանագրերի կնքումն է: Իսկ այդ գործն անում են ոչ թե գրողները կամ հրատարակիչները, այլ` գրական գործակալությունները: Անձամբ ես Ժնեւ չեմ մեկնել, քանի որ համոզված եմ` դա գրական ագենտների գործն է: Ասեմ, որ հատուկ այդ սալոնի համար պատրաստվել էր փաթեթ, որտեղ տարբեր լեզուներով ներկայացված էին հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները: Սակայն այդ փաթեթի շնորհանդեսը տեղի չունեցավ: Մինչդեռ ես վստահ եմ, որ այսօր պետք է ուղիղ կապ ստեղծել հայ գրողի ու արտասահմանյան հրատարակիչների միջեւ: Մենք գիտական գրականություն գրեթե չունենք, իսկ գեղարվեստական գրականությունը, թեեւ կցկտուր է, բայց հետաքրքիր է աշխարհին: Հայ գրողների գործերը պետք է կարողանալ հրամցնել օտարազգի հրատարակիչներին: Պետական մտածողության ավելի լավ պրոպագանդիստական քայլ լինել չի կարող: Չէ՞ որ մեր գրողները հենց մեր մասին են գրում, եւ ուրեմն` նրանց գործերը թարգմանելով` մենք հենց մեր աղբյուրին ենք հղում անում, այլ ոչ թե օգտագործում ենք ուրիշների աղբյուրները»,- ասում է նա:
Ա.Մարտիրոսյանը նկատում է նաեւ, որ արտասահմանյան հրատարակիչներին հայ գրողների հետ համագործակցելու դրդելու համար հարկավոր է նրանց հրապուրել: Իսկ դրա լավագույն մոդելը գրական ֆոնդի ստեղծումն է: Նման հիմնադրամ ունենալու դեպքում, մենք կկարողանանք պետության, սփյուռքի մեկենասների գումարները օգտագործել որպես խրախուսում: Ֆոնդը կարող է որոշ ծախսեր իր վրա վերցնել, եթե հրատարակիչները ցանկանում են հայ գրողին թարգմանել եւ տպագրել: Ա. Մարտիրոսյանը վստահ է, որ եթե Ժնեւ մեկնած հայ գրողներն իրենց գրքերը (թարգմանված) ճիշտ ժամին (առավոտյան, ոչ թե երեկոյան) ներկայացնեին օտարազգի ագենտներին, մենք հիմա բազմաթիվ պայմանագրեր կնքած կլինեինք:
Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակելու փաստը Ա.Մարտիրոսյանը համեմատում է օլիմպիական խաղերը սեփական հարկի տակ անցկացնելու հետ. «Օլիմպիական խաղերի ավարտից հետո պետությանն են մնում ենթակառուցվածքները` մարզադաշտերը, բարեկարգված ճանապարհները եւ այն շինությունները, որոնք հետագայում պետք է ծառայեն պետության ներքին շահերին: Իսկ ի՞նչ է մնալու մեզ: Կարծում եմ, առաջնայինը հենց այդ հարցն է, քանի որ դրսում արված ցուցադրությունները (նույնիսկ շատ շքեղ) ներքին պրոբլեմները չեն լուծում: Մեզ պետք է մնան համալրված գրադարաններն ու գրախանութների ցանցը, այլապես աշխարհը մեզ չի հասկանա: Մենք էլ կխայտառակվենք»:
Այսօր մեր հանրապետությունում մոտ 1400 գրադարան կա, սակայն դրանցից լիարժեք գործում են միայն 2-ը, իսկ գրախանութներն ու գիրքը շրջանառության մեջ դնող մեխանիզմները (էլեկտրոնային տարածքները, գրական դաշտի այլ տրանսֆորմացիաները) այնքան քիչ են, որ չեն կարող գրքի ինդուստրիան զարգացնել: Եվ ինչպես արագ սննդի կետերն են շատանում, այդպես էլ, թերեւս, պետք է զարգացնել գրախանութների ցանցի ստեղծումը: Համենայնդեպս` հիմա կան ներդրողներ, ովքեր պատրաստ են մեկ տարվա ընթացքում Հայաստանի 48 քաղաքներում նույնանման գրախանութներ կառուցել:
Գրքի շուկան, վերջիվերջո, ազատ մրցակցային դաշտ է, որը կարող է զարգանալ այն դեպքում, երբ շատանում են գրքի ու ընթերցողի շփման եզրերը: Միայն խոսքերով շփում չես ստեղծի: