Մացոյի զարմիկներին կալանավորել են

07/05/2011

Երեկ ԱԱԾ աշխատակիցները երկու ծառայողական ավտոմեքենաներով Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Երեւանի թիվ մեկ մեկուսարան են տեղափոխել 2 երիտասարդների, ովքեր նույն դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբորորդիներն են: Երեկ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդությամբ դիմել է Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նշված երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանքը: Դատարանը դռնփակ դատական նիստում, որը նախագահել է դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է միջնորդությունը: Դատարանի ողջ շենքը վերցված է եղել ուժեղացված հսկողության տակ, որը ղեկավարել է Կենտրոնի դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը, իսկ դատարանի դահլիճի դռան մոտ ուժեղացված հսկողություն կատարող կարգադրիչների խմբին ղեկավարում էր ստորաբաժանման պետի տեղակալ Ռաֆայել Ստեփանյանը: Կալանավորված երիտասարդներն են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչներ Արթուր եւ Արմեն Մարտիրոսյանները, ովքեր մեղադրվում են ապօրինի զենք կրելու եւ Գավառի բնակիչ «Կոկո» մականվամբ Հակոբ Հովհաննիսյանի եւ նրա որդու` Հովսեփ Հովհաննիսյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ: Դեպքը տեղի էր ունեցել 2009թ. նոյեմբերի 9-ին, ժամը 20:30-ի սահմաններում, Գավառի «Պարտեզ» խանութի մոտ: Արթուր եւ Արմեն Մարտիրոսյանները Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբորորդիներն են, ինչպես նաեւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հորեղբոր որդիները: Նույն գործով կալանավորվել է նաեւ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւորագույն գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանը: