Մինչեւ մայիսի 28-ը

07/05/2011

«Ենթադրվում է, որ Հատուկ քննչական ծառայությունը պետք է վերցնի նախորդ բոլոր ապացույցները, կրկին անգամ հետազոտի, տեսնի, թե կարո՞ղ է` ինչ-որ բան բաց է թողնվել: Այսինքն, եթե քննչական գործողություններ չեն կատարվում, վկաներ չեն հրավիրվում, դա չի նշանակում, որ քննչական ծառայությունը ոչինչ չի կատարում»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի գործին «նոր թափ հաղորդելու» մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա, սակայն, որեւէ նորություն չի հայտնել` կապված քաղբանտարկյալների ազատ արձակման հետ: Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Ս. Սարգսյանը հայտարարել էր, թե իշխանությունները պատրաստ են երկրի քաղաքական իրավիճակի «լիցքաթափման քայլեր կատարել», եւ ասել էր, թե հանձնարարել է արդարադատության նախարարին առաջարկություններ ներկայացնել: Դրան ի պատասխան` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե «իշխանությունը, միանգամայն անթաքույց նկատառումներով, որոշել է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը լուծել մայիսի 28-ի տոնի կապակցությամբ»: Հարցին, թե արդյո՞ք գործադիր իշխանությունը ինչ-որ քայլեր է կատարում այս ուղղությամբ, Թովմասյանը պատասխանել է. «Սպասեք մինչեւ 28-ը, կամ 28-ից հետո` կտեսնեք ինչ է կատարվում»։