Օլիգոպոլիստների լռությունը

07/05/2011

Հայաստանի իշխանությունները շատ են սիրում խոսել մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների, դրանց դեմ պայքարի, արմատախիլ անելու անհրաժեշտության մասին: Հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանը օլիգոպոլիաների մասին խոսում է դեմքի այնպիսի անօգնական արտահայտությամբ, որ թվում է` խոսքն ինչ-որ անհայտ, չբացահայտված երեւույթի մասին է: Մինչդեռ օլիգոպոլիաների ազդեցությունը քաղաքացիներն իրենց մաշկի վրա զգում են գրեթե ամեն օր։ Իսկ դրա լավագույն օրինակը բենզինի ու դիզելային վառելիքի շուկաներում արձանագրված վերջին գնաճն է, երբ գրեթե մեկ ժամվա ընթացքում Հայաստանի բոլոր բենզալցակայանները հավասարապես բարձրացրեցին բենզինի ու դիզելային վառելիքի արժեքը: Նույն միասնականությամբ բենզին ներկրող բոլոր ընկերությունների ներկայացուցիչները միաբերան հայտարարում էին, որ գների թանկացումը պայմանավորված է միջազգային շուկայում նավթամթերքի գների աճով: Ընդ որում, այդ «փաստարկները» ներկայացնում են այնպիսի տոնայնությամբ, որ տպավորություն է ստեղծվում, թե դեռ լավություն են անում ժողովրդին, որ զբաղվում են այդ տաժանակիր բիզնեսով: Մեր ներմուծողները, սակայն, անհաղորդ են միջազգային շուկաներում գների անկման դեպքերին: Օրինակ` նախօրեին միջազգային ապրանքային բորսաներում արձանագրվել է նավթամթերքի կտրուկ էժանացում: Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում մայիսի 5-ին վաճառքի արդյունքում WTI մակնիշի նավթի հուլիսյան ֆյուչերսներն իջել են 9,44 դոլարով եւ հասել 99,80 դոլարի` մեկ բարելի համար: Իսկ Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսներն իջել են 10,39 դոլարով եւ կազմել 110,80 դոլար` մեկ բարելի համար: Իհարկե, մեր ներկրողների առաջին արձագանքը կլինի այն, որ խոսքը ֆյուչերսային գների (այսինքն` ապագա առաքումների) նվազեցման մասին է, եւ իրենք այսօր վաճառում են թանկ գնով ձեռք բերված վառելիքը: Սակայն, երբ գների թանկացումը պայմանավորում են միջազգային գների տատանումներով, կրկին խոսքը ֆյուչերսային գներին է վերաբերում:

Կարճ ասած՝ միջազգային գները Հայաստանի շուկայի վրա ազդում են միայն աճման եղանակով։