Բայց չէ՞ որ ինտերնետն ինքը հանդես է գալիս որպես ինքնուրույն բիզնես ոլորտ, ինչի զարգացման համար Հայաստանում լուրջ հիմնախնդիրներ կան: Այս առնչությամբ զրուցեցինք ոլորտի խոշորագույն կազմակերպություններից մեկի՝ «Արմինկո» հայկական տեղեկատվական ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հետ:
Ինտերնետը որպես բիզնես Հայաստանում լավ չի զարգանում: Դրա պատճառը բնակչության ցածր կենսամակարդակն ու գնողունակությունը չէ: Մենք ունենք կապի ոլորտի յուրատեսակ պատկեր. ինչպես նշեց Ա.Ալեքսանյանը, ոլորտի առաջընթացը մեծապես կախված է մեր «բարեկամ» «ԱրմենՏելի» գնային քաղաքականությունից: Ամեն ապրանք եւ ծառայություն շուկայական համակարգում ձեւավորում է իր գինը. լինի դա զարգացած, զարգացող թե աղքատ երկրներում: Իսկ Հայաստանը, ինչպես աֆրիկյան երկրները, «աչքի է ընկնում» ինտերնետ կապի թանկությամբ (մոտավորապես 150-րդ տեղն է զբաղեցնում): Ա. Ալեքսանյանի խոսքերով, անհատն ինտերնետից օգտվելու համար ամսական մոտ 50 դոլար պետք է վճարի, ինչը խայտառակ ցուցանիշ է հայաստանյան աշխատավարձերի համեմատությամբ: Գնային այս քաղաքականության պատճառը բոլորիս հայտնի է. «սիրտակի պարողների մաֆիան» մոնոպոլիստ է, որին ընդհանրապես չեն հետաքրքրում մեր հասարակության շահերը:
Ինտերնետի բիզնեսի զարգացումը պայմանավորված է նաեւ սարքավորումների որակով: «Արմինկո» ընկերության տնօրենը գտնում է, որ տեսականորեն հնարավոր է բարձր որակի տեխնիկա ներմուծել, սակայն Հայաստանում այն «ԱրմենՏելի» հետ աշխատել չի կարողանա: Բացի այն, որ մեր երկրում բացակայում են կապի այնպիսի ծառայություններ, որոնք գործում են ողջ աշխարհում, մեզ մոտ շատ ցածր է ինտերնետային կապի որակը: Այսինքն, եթե նույնիսկ պահանջարկ լինի, այսօր առաջարկ չկա:
«Ավագ սերունդն ավելի լավ կհիշի, որ առաջ հեռուստացույցներն առանց «պուլտի» էին: Եկավ մի ժամանակ, որ մարդիկ «պուլտով» հեռուստացույցներ չէին գնում՝ վախենալով, որ չեն կարողանա դրանք աշխատեցնել: «ԱրմենՏելին» այժմ ձեռնտու է, որ մենք նույնպես շարունակենք օգտագործել 70-ական թթ. հեռուստացույցները, այն դեպքում, երբ արդեն 21-րդ դարում ենք ապրում»,- այս համեմատությամբ Ա.Ալեքսանյանը նշեց այն փաստը, որ «ԱրմենՏելը» թույլ չի տալիս ոլորտի զարգացումը: Դա պայմանավորված է նրանով, որ ինտերնետը շատերի համար ապրուստի միջոց է (միայն «Արմինկոն» ունի մոտ 100 աշխատող, ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ինտերնետ-ակումբների, բոլոր հիմնարկությունների ծախսերը մի քանի անգամ կաճեին ինտերնետի բացակայության պատճառով), իսկ այս պարագայում «ԱրմենՏելն» առաջնորդվում է «Միեւնույն է՝ օգտվելու են» ոչ շուկայական սկզբունքով:
Բիզնեսի այս ոլորտի խոչընդոտ կարելի է համարել նաեւ համակարգիչներով աշխատելու կուլտուրայի բացակայությունը եւ դրանց անհասանելիությունը: Հիմնախնդիրն առավել սուր է արտահայտված մարզերում: «Ինչո՞ւ պետք է մարզում բնակվող երիտասարդը հնարավորություն չունենա ինտերնետից օգտվել, որովհետեւ մենք շփվում ենք հույների հե՞տ»,- ասում է Ա.Ալեքսանյանը:
Վերջինիս կարծիքով, եթե այսօր ինտերնետը բիզնես է, տարիներ հետո այն կդառնա պարտադիր պայման, ինչպես, ասենք, հեռախոսը:
Ա.Ալեքսանյանն անդրադարձավ ինտերնետ կապից օգտվողներին հուզող եւս մի խնդրի: Հայտնի է, որ շատ հաճախ մեր համակարգիչների էկրաններին հայտնվում են տարբեր գայթակղիչ առաջարկություններով կայքեր: «Արմինկոյի» տնօրենը վստահ է, որ դա կապված չէ «ԱրմենՏելի» մատուցած ծառայության որակի հետ, եւ բոլորը պետք է հետեւողական լինեն ու միանշանակ հրաժարվեն այդ կայքեր մուտք գործելուց, քանզի հակառակ դեպքում ֆինանսական մեծ կորուստներն անխուսափելի կլինեն:
Կարեւորելով ոլորտի զարգացումը՝ Ա.Ալեքսանյանն ավելացրեց, որ ցանցային հզոր ենթակառուցվածք ստեղծելու դեպքում Հայաստանը լուրջ մրցակցային առավելություններ կունենա աշխարհում: