ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «նորմալ» է համարում ընդդիմությունից` Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումներին տրվող գնահատականը: Մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախօրեի հայտարարությունները, նա ասել է. «Նորմալ եմ վերաբերվում, որ ՀԱԿ-ի լիդերը նկատում եւ գնահատում է նախագահ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի իշխանությունների կողմից երկրում կատարվող բարեփոխումները: Դա խոսում է այն մասին, որ այդ բարեփոխումներն այնքան նկատելի են, որ այդ փոփոխությունները նկատում եւ դրանց մասին խոսում են նաեւ մեր քաղաքական հակառակորդները»: Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, ասել էր. «Մենք մեր պահանջները, մեր խնդիրները, մեր ծրագրերը բաց ներկայացնում ենք իշխանություններին եւ հասարակությանը, եւ իշխանությունն էլ բաց պատասխաններ է տալիս դրան: Իհարկե` ոչ այնքան կոնկրետ եւ ուղիղ, ինչպես մենք ենք ասում, այլ` ավելի մշուշապատ եւ այլն, բայց քայլեր են արվում, դա չի կարելի անտեսել»: