«Ժառանգություն» կուսակցությունը համարում է, որ հայաստանյան ներկայիս քաղաքական համակարգի փրկության միակ ուղին նախագահի լիազորությունները սահմանափակելու հարցով սահմանադրական հանրաքվեի անցկացումն է: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Հերթական իմիտացիան է ստեղծվել երկրում` առաջին հերթին Հայաստանի նկատմամբ մեծացած ուշադրության լույսի ներքո ուղղակի ցույց տալու համար, թե Հայաստանի Հանրապետությունում փոփոխություններ են արվում»,- ասել է նա` կարծիք հայտնելով, որ վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ խոստումները «սին են, փուչ են, խոսքեր են, եւ ոչ ավելին»: Ասուլիսին մասնակցող` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ անդրադարձել է Հայաստանի նախագահի ապրիլի 20-ին հրավիրած խորհրդակցությանը, որը նվիրված էր դատաիրավական բարեփոխումներին, եւ որի ժամանակ Սերժ Սարգսյանը իրավապահ եւ դատական համակարգի պատասխանատուներին հրահանգել էր կրկին եւ առավել մանրակրկիտ կերպով անդրադառնալ Մարտի 1-ի գործին: Փոստանջյանի խոսքով` չի կարելի բարեփոխումներ իրականացնել, եւ դրանք վստահել խորհրդակցությանը մասնակցող եւ Մարտի 1-ը կոծկելու գործում մեծ ավանդ ունեցող պաշտոնյաներին: «Այս անձինք տարիներ շարունակ շեղել են մեր պետությունը ժողովրդավար ուղուց: Նրանք են խորհրդանիշը անարդարության: Սա ուղղակի վիրավորանք է հասարակության նկատմամբ»,- ասել է պատգամավորը: «Ժառանգության» պատգամավորներն անդրադարձել են նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակման թեմային: «Մեզ համար ուրախալի է, որ քաղբանտարկյալներն ազատ են արձակվում, բայց եթե մենք բավարարվում ենք դրանով` առանց քաղաքական, պետության պաշտոնական գնահատականի, դա լավ չէ»,- ասել է Սաֆարյանը: Անդրադառնալով ՀՀԿ-ՀԱԿ հարաբերություններին` Սաֆարյանը նշել է. «Ժառանգության» համար միեւնույն է, թե ում հետ իրենք ժամանակ կանցկացնեն, ում հետ կերկխոսեն: Համարենք այս համակարգը ավազակապետություն կամ մի այլ բան, միեւնույն է, պետք է բարեփոխել այն` վերադառնալով սահմանադրական հիմքերի»: Իսկ ում հետ է պատրաստ համագործակցել «Ժառանգությունը»: «Մեր կուսակցությունն այս պահին ակտիվ քննարկումների եւ խորհրդակցությունների փուլում է` թե ներքին, եւ թե արտաքին քաղաքական դաշտի շահագրգիռ մարմինների հետ: Մեր հիմնական խնդիրն է, թե ինչպես ենք մենք պատկերացնում Հայաստանը սահմանադրական եւ իրավական այլ փոփոխությունների առումով: Մենք ոչ միայն միշտ բաց ենք եղել, այլեւ շահագրգռված ենք համագործակցությունների համար: Մենք, գիտակցելով, որ ընդդիմադիր որեւէ միավորում չի կարող ներկայացնել ընդդիմադիր ողջ ընտրազանգվածին, պատրաստ ենք համագործակցել»,- ասել է Սաֆարյանը: