Պետական եկամուտների կոմիտեն վերջապես հրապարակեց խոշոր հարկատուների ցանկը։
Այս տարվա առաջին եռամսյակում մեր երկրի 1000 ամենախոշոր հարկատուների մասին տեղեկատվությունը՝ թե ըստ ոլորտների, թե՛ ըստ առանձին ընկերությունների եւ առանձին սեփականատերերի, դեռ երկար ու մանրամասն քննարկվելու է մամուլում։ Այդ պատճառով մենք այս անգամ չենք անդրադառնա առանձին ընկերություններին եւ նրանց հարկային ցուցանիշներին։ Փոխարենը՝ արձանագրենք մի հետաքրքիր միտում, որն ակնհայտ երեւում է խոշոր հարկատուների ցուցակից։
Սակայն մինչ խոշոր հարկատուներին անցնելը՝ հիշեցնենք ընդհանուր հարկային մուտքերի ցուցանիշներն այս տարվա առաջին եռամսյակի համար։ Այսպես, համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների, 2011 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 140 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 99.9%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 10.1%-ով կամ 12.9 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է եղել ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, ռոյալթիի եւ եկամտահարկի մուտքերի աճով: Հարկերի եւ տուրքերի 49.1%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 68.8 մլրդ դրամ եւ 8.3%-ով կամ 5.3 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Խոշոր հարկատուների ցանկը հրապարակվելուն պես՝ փորձագետներն ու լրագրողները առաջին հերթին փորձում են պարզել, թե հարկային բեռը խոշո՞ր բիզնեսի վրա է ծանրացել, թե՞ մանր ու միջին։ Այսինքն՝ համեմատում են խոշոր հարկատուների վճարած հարկերի աճն ու ընդհանուր հարկերի աճը։ Այս տարվա առաջին կիսամյակի համար ընդհանուր հարկերն ավելի մեծ չափով են աճել (10.1%), քան 1000 խոշոր հարկատուներինը (9.3%)։ Ցանկության դեպքում, իհարկե, կարելի է ասել, որ հարկային մուտքերի աճն ավելի շատ ապահովել է փոքր ու միջին բիզնեսը։ Սակայն, եթե խոսքը վերաբերում է իսկապե՛ս խոշորներին, ապա մի քիչ խորամուխ լինելու դեպքում շա՜տ հետաքրքիր պատկեր է ստացվում։
Աղյուսակ 1-ում, որը կազմել ենք խոշոր հարկատուների ընթացիկ եւ նախկին ցանկերի վրա, ներկայացված են խոշոր հարկատուների վճարած հարկերը՝ ըստ տարբեր խմբերի։
Առաջին 1000 խոշոր հարկատուներն իրենց վճարած հարկերն ավելացրել են 9.3%-ով։ Ավելի խոշորների խումբը՝ առաջին 300-ը, հարկերն ավելացրել են 10.5%-ով, առաջին 100-ը՝ 14.2%-ով, եւ այսպես շարունակ, աճողական կարգով։ Առաջին 10 հարկատուները իսկական ռեկորդ են սահմանել՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ վճարելով շուրջ 8 միլիարդ դրամով կամ 30%-ով ավելի շատ հարկեր, քան նախորդ տարի։
Փաստորեն, ստացվում է` որքան ավելի խոշոր գործարարներին են դիտարկում, այնքան նրանց վճարած հարկերն ավելի շատ են։ Կարող է թվալ, որ սա լավագույն փաստարկն է այն պնդումների դեմ, թե հարկային բեռը ծանրացել է հիմնականում փոքր ու միջին բիզնեսի ուսերին։ Սակայն խոշոր ընկերությունների «շռայլությունը» պարզ բացատրություն ունի, որը կարելի է գտնել, եթե ուսումնասիրենք առաջին 5 հարկատուների մանրամասն տվյալները։
Ինչպես երեւում է աղյուսակ 2-ից, հանրապետության 5 խոշորագույն հարկատուները միասին 50%-ով ավելացրել են իրենց մուծած հարկերը։ Սակայն ինքներդ կարող եք տեսնել, որ այդ 50%-անոց աճի մեջ առաջին 5 ամենախոշոր ընկերությունները շատ տարբեր ներդրում ունեն։ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգն», օրինակ, հարկերն ավելացրել է 2.1%-ով, «Ղ-Տելեկոմը»՝ 10.3%-ով։ Վերջինիս մրցակիցը՝ «ԱրմենՏելը», հակառակը՝ 9.2%-ով ավելի քիչ հարկ է վճարել։ Այսինքն՝ ոչ միայն իր լուման չի ներդրել բյուջետային մուտքերի աճի սրբազան գործում, այլ մի բան էլ խանգարել է։ Իսկ «ՀայՌուսգազարդը», որը նախորդ տարվա առաջին եռամսյակում թիվ մեկ հարկատուն էր, այս տարի թեպետ մեկ հորիզոնականով նահանջել է, սակայն 40%-ով ավելի շատ հարկեր է վճարել։
Իսկ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում այս ընկերությունը նահանջել էր մինչեւ 11-րդ հորիզոնականը՝ հարկերը նվազեցնելով մինչեւ 1.2 միլիարդ դրամի։ Դա պայմանավորված էր ճգնաժամի հետեւանքով պահանջարկի եւ արտադրանքի համաշխարհային գների անկմամբ։ Սակայն հանքարդյունաբերության համար ճգնաժամն ավարտվել է, գները թռիչքաձեւ աճել են, եւ արդյունքում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը ավելի քան 5 անգամ ավելի շատ հարկ է մուծել պետբյուջե։
Այսինքն, կարելի է պնդել, որ ընդհանուր հարկային մուտքերի աճի ցուցանիշի «հալալ» կեսն ապահովել է միայն մեկ ընկերություն (այն 6.2 միլիարդ դրամով ավելի շատ հարկ է մուծել)։ Եթե կոնկրետ ընկերության համար սա լավ ցուցանիշ է, ապա ողջ տնտեսության տեսանկյունից՝ սրանից վատ ցուցանիշ թերեւս դժվար է պատկերացնել։ Այն ցույց է տալիս, որ մեր տնտեսությունը եւ բյուջեն հիմնված են մեկ կամ մի քանի ընկերությունների վրա, որոնք կարող են այսօր բարգավաճել, իսկ վաղը՝ թեթեւ ցնցումների պատճառով, հայտնվել սնանկացման եզրին։