Նախօրեին Մերձդնեստրի բանտից ազատ արձակված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ թեեւ ազատման հույսեր ունեցել է, սակայն ամենեւին չէր սպասում, որ իրադարձություններն այսչափ արագ կզարգանան:
«Երեկվա դեպքերը շատ արագ էին, շատ անսպասելի էին: Մի ժամվա ընթացքում իմ հարցը որոշվեց, այսինքն` ես նստած էի այնտեղ բանտում, եւ աշխատողները եկան, ասացին, որ իրերս արագ հավաքեմ, ինձ ազատ են արձակում, ու իրոք, մեկ ժամվա ընթացքում բոլոր հարցերը լուծվեցին, բոլոր փաստաթղթերը ստորագրվեցին, ու ես արդեն տանն էի»,- պատմել է Վարդանյանը: Ծնունդով գյումրեցի, 31-ամյա Էռնեստ Վարդանյանը ձերբակալվել էր 2010 թվականի ապրիլին` լրտեսության եւ հայրենիքի դավաճանության մեղադրանքներով եւ դատապարտվել 15 տարվա ազատազրկման: Լրագրողական եւ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ շինծու էին համարում այդ մեղադրանքներն ու պնդում, որ դրանց հիմքում լրագրողի քննադատական եւ սուր հոդվածներն էին Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիռնովի ու իշխող վարչակազմի հասցեին: Հայտարարություններ էին հնչում նաեւ այն մասին, որ Էռնեստ Վարդանյանի ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են ճնշումների եւ սպառնալիքների ներքո: Վարդանյանը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե իրո՞ք այդպես է եղել, եւ որքանո՞վ էր հիմնավորված իր դատավճիռը: Ավելի վաղ լրագրողի ճակատագրի վերաբերյալ լուրջ անհանգստություն էին հայտնել նաեւ Եվրախորհուրդը եւ ԵԱՀԿ-ն: Չնայած միջազգային կառույցների հորդորներին ու Վարդանյանի հարազատների դիմումներին, Մերձդնեստրի չճանաչված հանրապետության վարչակազմն, այդուամենայնիվ, պնդում էր, թե երկու երեխաների հորը վաղաժամկետ ազատ արձակելու հարցը կարող է քննարկել 2017 թվականից ոչ շուտ: Մերձդնեստրի ղեկավար Իգոր Սմիռնովը, մինչդեռ, հինգշաբթի հայտարարել էր, որ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ներում է շնորհել Էռնեստ Վարդանյանին: