Պարտադրել են

06/05/2011

«Իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն ակնհայտ է, եւ դրա շուրջ առանձնապես խորը վերլուծություններ չարժե անել. երկխոսության հիմնական նպատակը Սերժ Սարգսյանի մղումն է` ընտրություններից առաջ երկրում հանգիստ մթնոլորտ ապահովել»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը: «Գլխավոր բռնապետն անում է ամեն բան, որպեսզի մինչեւ 2012 թվականի նախագահական ընտրություններ, այսինքն` իր վերարտադրվելը, Հայաստանում անցնցում մթնոլորտ ապահովվի: Իր բուրգում կարգուկանոն հաստատելուց, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ուր որ պետք է տանելուց հետո Սերժ Սարգսյանն այժմ անցել է ընդդիմադիր դաշտի հետ լեզու գտնելուն: Սակայն Հայ ազգային կոնգրեսը չի գիտակցում, որ իշխանությունների հետ համագործակցության գնալով` մինչեւ հերթական նախագահական ընտրությունները մի ստվար ընտրազանգված է կորցնելու: Իսկ Սերժ Սարգսյանին դա էլ հարկավոր է` չեզոքացնել բողոքավոր զանգվածին, ում համար ընդդիմությունն աստիճանաբար աչքի փուշ է դառնում»,- ասել է Սէֆիլյանը: Նրա կարծիքով, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` իշխանությունների հետ գործարքի գնալու պատճառներից մեկն էլ այն է, որ ՀԱԿ-ի անդամներից շատերը հոգնել են հալածյալի կարգավիճակում գտնվելուց: «Ակնհայտ է նաեւ, որ Մարտի 1-ի գործով անազատության մեջ պահվողներին (ովքեր իրականում պատանդներ են) ազատ արձակելու դիմաց իշխանություններն ընդդիմությանն ինչ-որ բան են պարտադրել»,- նշել է Սէֆիլյանը` ավելացնելով, որ իր կարծիքով` ընդդիմությունն իշխանության հետ բանակցությունների սեղանի շուրջ պետք է քննարկեր միայն մեկ հարց` իշխանությունների կապիտուլյացիան: «Բայց ինչ էլ լինի, գալու է մի պահ, երբ ժողովուրդը ռադ է անելու սրանց»,- իշխանություններին նկատի ունենալով` հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի նախաձեռնողը, ով, ի դեպ, ֆորմալ առումով դեռեւս անդամակցում է ՀԱԿ-ին: