Պարի մասին օրենքի «Սուրբ երրորդությունը»

06/05/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մի քանի տարի առաջ «Բերդ» պարային համույթն իր 45-ամյակի շրջանակներում հանդես եկավ Ռուսաստանի տարբեր քաղաքներում:

Այդ շրջագայությունների ժամանակ Նիժնի Նովգորոդի մշակույթի ստորաբաժանման տնօրենը «Բերդի» ելույթից հետո բեմ բարձրացավ եւ ասաց. «Էտո դոստոյանիե միրովոյ ցիվիլիզացիի»: «Բերդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Կարեն Գեւորգյանի հետ մեր զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Արդվինում ապրող 72-ամյա ժողովրդական ստեղծագործության բանահավաք Նազախատ Սեզգինն ասել, է, որ «Աթա» պարը, որը տարածվել է ամբողջ Թուրքիայով, իրականում հայկական պար է: Կ.Գեւորգյանի խոսքով` «Արդվինը եւ արդվինցիները» լրատվական աղբյուրները եւ Ն. Սեզգինն ասել են, որ յուրաքանչյուր մեծահասակ մարդ, ով ապրում է Արդվինում, գիտի, որ «Աթան» հայկական պար է, եւ որ հայտնի են նույնիսկ երաժշտությունն ու բառերը: Սակայն, ըստ Կ. Գեւորգյանի` այսօր ներկայացվող «Աթա» պարի նոտաներն ու շարժումները կրել են որոշակի փոփոխություններ: Եվ միայն մի քանի գյուղեր կան, որտեղ մեծահասակները շարունակում են պարել իրական «Աթա» պարը:

– Իրավունք ունե՞նք մեղադրելու թուրքերին հայկական պարերի «սեփականաշնորհման» մեջ, երբ այսօրվա հայկական երաժշտության մեջ գերակշռում է թուրքական մուղամը: Մենք դրանով իսկ գողություն չե՞նք անում:

– Գրեթե նույն միտքն ինձ հայտնել է իմ թուրք գործընկերը` ասելով. «Մենք պարում ենք ձեր հայկական պարերը, իսկ դուք երգում եք մեր մուղամը»: Ես տեսակով այն մարդկանցից չեմ, ով իր աչքի փուշն անտեսելով` մատնացույց է անում դիմացինի թերությունը: Այո, ցավոք, այսօր Հայաստանում քարոզվում է հայկական աղավաղված երաժշտություն, դրանով իսկ խեղաթյուրելով ներկա եւ ապագա սերնդի պատկերացումը հայկական երաժշտության վերաբերյալ: Նույն իրավիճակում է նաեւ պարը: Այն պարը, որն ուսուցանվում է անգրագետ, չգիտես որտեղից ծլած պարուսույցների շնորհիվ: Այսօր այնպիսի խայտառակ վիճակում գտնվող պարային խմբեր են մեկնում արտերկիր, մասնակցում տարաբնույթ միջոցառումների կամ պարզապես համերգների, որ դրանցից հետո ամաչում ես բեմ բարձրանալ եւ ներկայանալ` որպես հայկական պարային խումբ:

Վերջերս հայկական մի այնպիսի պարախումբ է հանդես եկել Թուրքիայում, որի լուսանկարները նայելիս` սարսափում ես, թե որքան բարձիթողի վիճակում է ամեն ինչ: Լուսանկարներում գիշերային զգեստից չտարբերվող «տարազներով» Թուրքիայում հանդես եկած պարային խումբն ինձ պարզապես ցնցեց: Դա խայտառակություն էր:

– Միգուցե՞ այդ պարային խումբն իր «ժամանակակից» գիշերանոց-տարազով ընդառաջ է գնացել բոլոր նրանց, ովքեր ասում են, թե հայկական պարը չի զարգանում:

– Նախ` լավ կլիներ իմանալ, թե այդ մարդիկ զարգացում ասելով` ի՞նչ նկատի ունեն: Հայկական պարը դարերով ճշգրիտ հասել է մեզ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսին կլիներ մեր պարն այսօր, եթե այդ հազարավոր տարիների ընթացքում յուրաքանչյուր ոք իր հերթին որոշեր մի բան փոխել պարի մեջ: Մեր պարը դեմք չէր ունենա: Մենք առաջին հերթին սովետական շրջանի ժանգն ենք հանել մեր պարից` տրիկոներն ու չուվակիները, բալետային ատրիբուտներն ենք հանել: Հիմա մենք բեմում հայկական ճիշտ տարազն ենք հագնում: Զարգացում ասելով, շատերը թյուրիմացաբար հասկանում են` օտար պարերի շարժումների ներմուծում հայկական պարերի մեջ: Վերջերս մի գովազդային վահանակ տեսա, որտեղ հսկայական տառերով գրված է. «Պորտապարի մրցույթ»: Դա համարժեք է նրան, որ գրեին` ստրիպտիզի մրցույթ: Բոլորս էլ գիտենք, թե որտեղ են պարում պորտապարն ու ինչ նպատակներով: Կամ համերգի մեջ հայտարարվում է. «Հայկական պար` լեզգինկա»: Այ մարդ, լեզգինկան լեզգիների պարն է, ինչպե՞ս կարող է այն հայկական լինել:

– Գոյություն ունի՞ արդյոք պարի ոլորտը համակարգող օրենք: Այսօր յուրաքանչյուր ոք, ով պարային մի քանի շարժում գիտի, իրեն իրավունք է վերապահում պարի դպրոց բացել` անգամ նկուղում:

– Ոչ, պարի մասին օրենք չկա: Պարի մասին օրենքում պարտադիր պետք է նշված լինի երեք կարեւորագույն կետ, որտեղ հստակ գրված կլինի, թե ո՞վ իրավունք ունի դասավանդելու, ինչպիսի՞ն պետք է լինի տարազը, ի՞նչ մեթոդով եւ երաժշտությամբ պետք է դասավանդվի հայկական պարը: Պարի այս «սուրբ երրորդությունը» պետք է շատ հստակ ամրագրվի օրենքի մեջ, որը դեռեւս չկա, սակայն պետք է լինի, եթե մենք չենք ուզում շարունակ խայտառակվել աշխարհով մեկ:

– Դուք պարարվեստում հեղինակություն վայելող անձ եք: Չե՞ք փորձել պարի մասին օրենքի ընդունման հարցով դիմել մեր կառավարությանը:

– Շուրջ 10 տարի է` ես խոսում եմ այս օրենքի անհրաժեշտության մասին: Սակայն ասողին լսող է պետք: Նշեմ, որ այս հարցով առանձնազրույց եմ ունեցել Ազգային ժողովի նախագահի հետ եւս, ով ասել է, որ ապագայում կանդրադառնան այս խնդրին:

– Որքա՞ն ժամանակ է անցել Ձեր առանձնազրույցից հետո:

– Բավական ժամանակ: Սակայն ես հույս ունեմ, որ այս խնդրի լուծումը շատ չի երկարաձգվի:

– Փորձե՞լ եք դիմել այլ կազմակերպությունների:

– Այս հարցով դիմել ենք նաեւ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի շրջանակներում գործող «Պարի միջազգային խորհրդին», որի անդամն է նաեւ «Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միությունը»: Մեր միության մեջ այսօր ունենք մոտ 5000 պարող, պարուհի: Մենք, արդեն 10 տարի է, ինչ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի «Պարի միջազգային խորհրդի» անդամ ենք եւ սերտ համագործակցում ենք խորհրդի նախագահ, ազգությամբ հույն Ալտիս Ռաֆտիսի հետ:

– Կարո՞ղ է պարն արտահայտել ժողովրդի պատմությունը: Չե՞ք կարծում, որ ի տարբերություն արվեստի այլ ճյուղերի, պարն, ասես, անտեսվում է եւ ընկալվում է որպես թեթեւ ժանրի արվեստ, որը կիրառելի է նաեւ կենցաղում:

– Պարը մշակութային այն հնագույն արժեքներից է, որի շնորհիվ յուրաքանչյուր ազգ փորձել է արտահայտել ոչ միայն իր ներաշխարհին բնորոշ զգացմունքներն ու տրամադրությունները, այլեւ շնորհիվ պարի` ամրապնդել է իր ազգային խառնվածքն ու հավաքական նկարագիրը: Որպես մարդու հոգեւոր եւ ֆիզիկական ինքնադրսեւորման յուրատեսակ միջոց, դարերի ընթացքում պահպանելով ու փոխանցելով` այդ պարերը զգայական եւ կատարողական առումով դարձել են տվյալ էթնիկ զանգվածին խիստ բնորոշ հոգեւոր եւ ֆիզիկական մի ներդաշնակ ամբողջություն, որը, ցավոք, գործնականորեն չդարձավ ազգային գեղագիտական արժեքների կուռ համակարգ: Այդ իսկ պատճառով, երբ խոսում ենք հայ մշակույթում մեր ազգային պարարվեստի ժառանգության տեղի եւ դերի մասին, ոմանք առաջնորդվում են թյուր ընկալմամբ, թե պարը լոկ կենցաղային դրսեւորում է եւ ոչ ավելին: Չեմ հասկանում, թե ո՞վ է որոշել, որ պետք է լինեն Գրողների միության, Նկարիչների միության հանգստյան տներ, իսկ պարարվեստի ներկայացուցիչները իրավունք չունեն ունենալու իրենց հանգստի վայրը: Ինձ ճիշտ հասկացեք, ես որեւէ կերպ չեմ անձնավորում այս հարցը: Պարզապես չեմ կարծում, թե գոյություն ունի լավ եւ վատ արվեստ: Յուրաքանչյուր արվեստ ունի իր ուրույն լեզուն: Ավելին` պարի լեզուն կարող է արտահայտել մի ամբողջ երկրի պատմություն: