Ժապավենի վրա նկարված պատկերներ

06/05/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մայիսի 6-ին Երեւանում մեկնարկել է պատկերապատումների` նկարազարդ պատմությունների փառատոնը, որն այս տարի կրում է ակնհայտ ուրախ խորագիր` «Կոմիքսների հրավառություն»: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն ցուցահանդեսներ, հանդիպումներ: Նաեւ մրցութային դասընթացներ, որին մասնակցող նկարիչները պետք է ներկայացնեն «Իմ Հայաստանը» խորագրով պատմություն: Դասընթացները կվարեն ֆրանսիացի պատկերապատողները, քանի որ երեւանյան փառատոնը սերտ կապ է հաստատել Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում անցկացվող հայտնի փառատոնի հետ: Եվ այդ փառատոնի ժյուրիի անդամ, լրագրող Լորան Մելիքյանը, ինչպես նաեւ Անգուլեմի պատկերապատումների թանգարանի հիմնադիր Ժան Մարդիկյանը նույնպես Երեւանյան փառատոնի կազմակերպիչներից են:

Պատկերապատումն ընդհանրապես ոչ միայն նոր եւ շատ արագ զարգացող արվեստի տեսակ է, այլեւ յուրահատուկ սուբկուլտուրա, որն իր արտահայտությունն է գտնում ոչ միայն գրքերում, այլեւ փողոցային արվեստում (գրաֆիտիում, դիզայնում): Եվ պատահական չէ, որ այս տարի Երեւանյան փառատոնը մեկնարկում է հենց փողոցում` կավճանկարների ֆորմատով: Հայաստանում պատկերապատման արվեստը դեռ սիրողական մակարդակ ունի, քանի որ պատկերապատված գրքերի շուկան դատարկ է, տպագիր մամուլն էլ հազվադեպ է նկարիչներին պատկերային պատմության պատվեր անում: Իսկ մեր նկարիչները դեռ նոր են սկսում հմտանալ այդ արվեստում: Մանկական պատկերապատումների կողքին հայտնվում են նաեւ ֆանտաստիկ պատմություններն ու սուր սոցիալական թեմաները, որոնք հրատապ նորությունների շղթաներ են հիշեցնում: Պատկերապատումը մեծ հեռանկարներ ունի հատկապես Հայաստանում, որտեղ, ինչպես հայտնի է, ամեն երրորդ բնակիչ նկարիչ է: Ի դեպ` պատկերապատումը ոչ այնքան կերպարվեստի, որքան կինոյի հետ է կապակցվում, քանի որ կոմիքսներում առաջին հերթին կարեւորվում է ճիշտ ընտրված ռակուրսն ու պատմությունը: Եվ շատ հաճախ համաշխարհային ճանաչում ստացած պատկերապատումները դառնում են գեղարվեստական կամ անիմացիոն ֆիլմեր: Պատկերապատումը ֆրանսերենից թարգմանվում է` որպես «ժապավենի վրա արված պատկեր»: Եվ դա շատ լավ խորհրդանշում է պատկերապատման շարժական բնույթը, որը 21-րդ դարում շատ ակտուալ արվեստի ճյուղ է: