Կաննի փայլի ներքո մեր կինոխնդիրներն առավել սրվում են

06/05/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Շուտով մեկնարկելու է Եվրոպայի ամենահեղինակավոր` Կաննի միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում գործող կինոշուկայի աշխատանքներին մասնակցելու է նաեւ հայաստանյան պատվիրակությունը:

Եվ հաշվի առնելով այն փաստը, որ նախորդ երկու տարիներին հայկական ներկայությունը շատ խղճուկ ու ոչ նկատելի է եղել, կարելի է ենթադրել, որ Եվրոպայի ամենախոշոր ստուգատեսին մասնակցելու մեխանիզմները հարկ է լրջորեն վերանայել: Այլապես, մենք կրկին ինքներս մեզ խաբելով` շարունակելու ենք ասել` գնացինք Կանն: Իսկ թե ի՞նչ տվեց դա մեր կինոյին, չենք կարողանալու ասել:

Այս տարի հայկական պատվիրակությունը նույնպես կոմպլեկտավորվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատկերացումների համաձայն: Այսինքն, հայտարարվում է, որ մենք գնում ենք կապեր հաստատելու: Կինոկենտրոնի ներկայացուցիչները վստահեցնում են, որ հայկական տաղավարն աշխատելու է նոր կապեր հաստատել ֆիլմարտադրողների եւ դիստրիբյուտորների հետ, կազմակերպելու է 2 հայկական ֆիլմերի ցուցադրություն եւ փորձելու է ֆիլմերը վաճառել աշխարհին: Նախորդ տարի էլ նույնն էր ասվում: Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն, օրինակ, անցյալ տարի հայտարարել էր, թե մենք արդեն իսկ մի քանի քայլ առաջ ենք անցել ու պայմանավորվածություն ենք ձեռք բերել հնդկական եւ ուկրաինական ընկերությունների հետ` համատեղ ֆիլմ արտադրելու մասին: Հետո պարզվեց, որ ուկրաինացիները մեզ հետ լեզու չգտան, հնդիկները` նույնպես: Կինոոլորտի պատասխանատուները, գաղափարային առումով` մեծ խնդիրներ ունեն, քանի որ ոչ հայաստանյան օրենսդրական դաշտը, ոչ էլ աշխատանքային մեխանիզմները չեն նպաստում կապեր ստեղծելուն: Եվ գլխավոր պրոբլեմը Կինոկենտրոնի ստատուսն է, որը Կաննում ազգային տաղավարի տերը դառնալով` իրավասու չէ խոսել հենց ֆիլմարտադրողի անունից ու միջազգային նորմերին համապատասխան պայմանագրեր կնքել: Այդ մասին բազմիցս նշվել է: Այդ մասին խոսել է նաեւ Երեւան այցելած Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի` CNC-ի նախագահ Վերոնիկ Կայլան, ով ուղղակի խնդրում էր հայկական կողմին` գործել թափանցիկ իրավական դաշտում, որպեսզի հնարավորություն ստեղծվի համագործակցել ֆրանսիական կինոկենտրոնի ու պրոդյուսերական ընկերությունների հետ:

Կաննի կինոշուկայի ազգային տաղավարները հարմար հարթակ են նոր կոնտակտներ հաստատելու, սեփական արտադրանքը (նաեւ` մտահղացումները) ներկայացնելու դաշտ են, սակայն արդյունքը տեսնելու համար հարկ է պետական կենտրոնն ազգային ֆոնդ, այլ ոչ թե կիսաստվերային պետական կինոարտադրության միավոր դարձնել:

Ի դեպ` մայիսի 17-ին Ուկրաինայի ազգային կինոտաղավարը Կաննում կներկայացնի «Փարաջանով» կինոֆիլմը, որի հեղինակներն են ֆրանսահայ ռեժիսոր եւ դերասան Սերժ Ավեդիքյանն ու Ելենա Ֆետիսովան (Ս.Ավեդիքյանն անցյալ տարվա Կաննի կինոփառատոնի մրցանակի` ոսկե արմավենու ճյուղի էր արժանացել իր «Շների կղզի» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար): Եվ հենց այդ պրոյեկտն էր անցյալ տարի փորձում հայկական կողմի հետ իրականացնել ուկրաինական ընկերությունը, սակայն, ավաղ, չստացվեց: Եվ նման «ավաղները» դեռ շատ կլինեն, քանի դեռ աշխատանքը փոխարինվում է աշխատանքի պատրանքով: Իսկ Ուկրաինան փորձելու է Կաննը օգտագործել որպես ուկրաինական ազգային կինոյի զարգացման հարթակ եւ ներկայացնելու է անկախ կինոընկերությունների նախագծերը, որոնք ամբողջացվել են «նոր ալիքի» հասկացության ներքո: Այսինքն` ուկրաինացիները շեշտը դնելու են հենց նոր կինոլեզու որոնող երիտասարդների աշխատանքների վրա, որոնք ավանդույթի համաձայն` հետաքրքրում են եվրոպացիներին: Եվ հենց Կաննում Ուկրաինան (որի կինոն վերջին տարիներին բնավ էլ աչքի չի ընկնում ուշագրավ ֆիլմերով) Ֆրանսիայի հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրելու: Ինչը մենք չենք անում, թեեւ, ի տարբերություն ուկրաինացիների` շատ ավելի լավ առիթներ ու հնարավորություններ ենք ունեցել: Խնդիրն այն է, որ մենք մինչեւ հիմա չենք կարող հստակեցնել մեր Ազգային կինոկենտրոնի դերը ու հապաղում ենք այն ներկայացնել որպես կինոֆոնդ, որը ոչ թե իր ուժերով է ֆիլմ նկարահանում, այլ` աջակցում է փոքր մասնավոր ստուդիաների:

Արժե հիշել, որ երբ մի քանի տարի առաջ` որպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուր, Երեւան էր այցելել Կաննի փառատոնի Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների ֆիլմերի ընտրացանցի պատասխանատու Ժոել Շապրոնը, նա խորհուրդ էր տվել հայ կինոգործիչներին Կանն մեկնել` անկախ, մասնավոր ֆիլմարտադրողների կազմով, քանի որ պետական ստրուկտուրաների նկարահանած ֆիլմերն ու նախագծերը Ֆրանսիայում երբեք ուշադրության չեն արժանանում: Ժ.Շապրոնի դիտարկմամբ` հայկական կինոն Կաննի կինոշուկայում կարող է «հնչել» այն ժամանակ, եթե մենք առավել սրենք կոպրոդուկցիայի գործոնը, այլ ոչ թե տանենք անավարտ ֆիլմերն ու փող խնդրենք: Սակայն, որքան հասկանում ենք, այս տարի Կաննում մենք ներկայացնելու ենք 2 անավարտ ֆիլմ` Նիկա Շեկի «Իմ սիրելի, խեղճ մայրիկը» եւ Մարիա Սահակյանի «Ալավերդին», նաեւ Արամ Սուքիասյանի ռոք-օպերան: 2012-13թթ. նախագծեր Կաննում կլինեն, բայց ոչ շատ, քանի որ մեր հիմնական մտահոգությունը կիսատ մնացած ֆիլմերն են:

Ի դեպ` Կաննի փառատոնի տնօրեն Ժիլ Ժակոբն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել է, թե լավագույն կինեմատոգրաֆիական գաղափարները ծնվում են Ասիայում: «Ասիական կինոն չունի բարդույթներ: Ասիական ռեժիսորներին չի հետաքրքրում, թե ինչ է եղել իրենցից առաջ, նրանք կարծես զրոյից են սկսում բացահայտել կինոյի քերականությունը»,- ասել է նա: Այս տարվա նորամուծություններից է լինելու հյուր-երկրի ներկայացումը, ինչը սովորաբար կիրառվում է գրքերի տոնավաճառների ընթացքում: Առաջինը կլինի Եգիպտոսը, ում կինոարվեստը լայնորեն կներկայացվի փառատոնի օրերին: Ժիլ Ժակոբը Եգիպտոսի ընտրությունը բացատրում է «արաբական գարունի» գործոնով: Կիսատ մնացած գարունները դեռ մոդա չեն դարձել, եւ ուրեմն` հայկական կինոյի մոդան աշխարհին չի սպառնում: