Առանց միջնորդի՞

05/05/2011

«Ոչ ԱՄՆ-ի միջնորդությամբ եւ ոչ էլ մեկ այլ կողմի միջնորդությամբ ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ գաղտնի բանակցություններ չեն ընթանում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` հերքելով շրջանառվող լուրերն այն մասին, թե Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ: «Որեւէ բանակցություն իշխանությունների հետ չի վարվում, չկա նման բան, ես հերքում եմ»,- ասել է Զուրաբյանը` ավելացնելով, թե իրենք իշխանությունների հետ կարող են բանակցություններ վարել միայն քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո, ինչը իրենց երեք տարվա անփոփոխ դիրքորոշումն է:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ժամանակ ժողովրդի մի մասի նստացույցի պահանջի մերժումը հիասթափություն է առաջացրել Կոնգրեսի որոշ համակիրների շարքում, ՀԱԿ համակարգողն ասել է, որ իրենք ժամանակին ասել-զգուշացրել էին ժողովրդի հնարավոր դժգոհության մասին: «Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասել էր, որ գալու է մի պահ, երբ ժողովուրդը թքած կունենա նաեւ ՀԱԿ-ի կարծիքի վրա, ինչպես նաեւ` Ղարաբաղի խնդրի հետ կապված արգելանքների վրա, եւ կընդվզի: Իսկապես, երկրում ծանրագույն սոցիալական վիճակ է ստեղծված, եւ ժողովուրդը հակված է ծայրահեղ գործողությունների»,- ասել է Զուրաբյանը: Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում նստացույցի պահանջով ցուցակագրման գործընթացին` ՀԱԿ համակարգողն ասել է, որ ներկայումս ցուցակագրվածների թիվն անցել է 500-600-ի սահմանը: «Բայց վստահ եմ, որ նստացույց չի լինի, որովհետեւ քաղաքական գործընթացները գնում են այնպիսի ուղղությամբ, որ մայիսի 31-ի հանրահավաքում ելույթ կունենան եւ՛ Նիկոլ Փաշինյանը, եւ՛ Սասուն Միքայելյանը… այլապես ինձ ոչինչ չի մնում անելու, քան միանալ նստացույցին,- ասել է Զուրաբյանը` ավելացնելով,- ՀԱԿ-ի նպատակն է երկրում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով ավազակապետության կազմաքանդումն ու հաշվետու իշխանության ձեւավորումը»:

Լեւոն Զուրաբյանը նաեւ հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի թեկնածուն լինելու է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի անվիճարկելի թեկնածուն է»,- հայտարարեց Զուրաբյանը: Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ինքն իր թեկնածությունը նախագահական ընտրություններում կառաջադրի միայն այն դեպքում, եթե առաջադրվի նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Հարցին, թե արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունն այն դեպքում, եթե իր թեկնածությունն առաջադրի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Լեւոն Զուրաբյանը պատասխանել է. «Վստահ եմ, որ անկախ իրավիճակից` արտահերթ նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը»։ Նա նշել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունը վերաբերում էր կոնկրետ քաղաքական իրավիճակին, եւ ներկայում քաղաքական իրավիճակը փոխվել է: Անդրադառնալով այն խոսակցություններին, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում Լեւոն Տեր-Պետրոսյանը կդառնա ԱԺ խոսնակ, Լեւոն Զուրաբյանն արձագանքել է. «Ո՞նց եք պատկերացնում, որ առաջին նախագահը, անցնելով էս ճանապարհը, նվաճելով Հայաստանի անկախությունը եւ հաղթանակելով այս պայքարում, համաձայնի կամ գնա նման առաքելության»: