Հայաստանը պետք է ջանքեր գործադրի պատմությունը կեղծելու Ադրբեջանի փորձերին հակազդելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ելույթ ունենալով «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» եռօրյա գիտաժողովում: «Հակառակորդը խեղաթյուրում է պատմությունը, աղավաղում փաստերը, յուրացնում եւ ակնհայտորեն գողանում մշակութային ժառանգությունը»,- ասել է Ս. Օհանյանը: Նրա խոսքով` նման քայլերը պետք է համարժեք պատասխան ստանան, քանի որ խոսքը վերաբերում է «ազգային անվտանգությանը»: Իսկ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, ներկայումս ոչ ստանդարտ իրավիճակ է ստեղծվել, երբ պարտված ժողովուրդը` ադրբեջանցիները, փորձում են արտագրել պատմությունը: Նրա կարծիքով` լրացուցիչ միջոցներ են հարկավոր ադրբեջանական կողմի կեղծիքներին դիմագրավելու համար. «Ակադեմիական շրջանակներում ադրբեջանցի գիտնականների «աշխատություններն» ընդունվում են ծիծաղով, սակայն սովորական «սպառողների» վրա ադրբեջանական կեղծիքի հոսքը կարող է ազդել»: