– Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ երկխոսությունն արդեն նկատելի է, Սերժ Սարգսյանը թե բանավոր հայտարարություններ, եւ թե գործնական քայլեր է անում ընդդիմության պահանջներին ընդառաջ: Ազատության հրապարակը բացվեց, քաղբանտարկյալներին այս ամսվա ընթացքում բաց կթողնեն: Իսկ դրանից հետո ընդդիմությունն ի՞նչ է անելու, ներկայացրած պահանջների մյո՞ւս կետերն է առաջ քաշելու եւ շարունակելու է երկխոսությունը, թե՞ ավելի կտրուկ քայլեր է ձեռնարկելու:
– Ընդդիմության դիրքորոշման մեջ ըստ էության փոփոխություն չկա: Ի՞նչ էր ասում ընդդիմությունը տարիներ շարունակ` պահանջում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին, որից հետո հնարավորություն կլինի գնալ երկխոսության: Բայց երկխոսության գնալ ինչի՞ շուրջ, իհարկե, արտահերթ համապետական ընտրությունների շուրջ` թե նախագահական, թե խորհրդարանական: Ըստ էության, որեւէ փոփոխություն չի եղել: Գիտեք, ՀԱԿ-ը կարող է իր գործունեության ընթացքում բազմաթիվ պահանջներ առաջ քաշել, տարբեր հարցադրումներ անել, կադրային փոփոխություններ պահանջել, սակայն ընդդիմության գլխավոր խնդիրը եղել եւ մնում է նույնը` մեր երկրում սահմանադրական կարգի հաստատումը: Ի վերջո, սրա համար է ստեղծվել Հայ ազգային կոնգրեսը: Կոնգրեսը կարող է ոչ թե 15, այլ 25 ընթացիկ պահանջներ ներկայացնել գործունեության ընթացքում, սակայն հիմնական խնդիրն է սահմանադրական կարգի հաստատումը, արդար ընտրությունների միջոցով օրինական իշխանության ձեւավորումը: Այս խնդրի լուծմանը պետք է հետամուտ լինի ՀԱԿ-ը: Ես բազմիցս եմ ասել, որ լավագույն երկխոսությունը դա ազատ, արդար ընտրությունների անցկացումն է: Եվ որքան շուտ հասնենք դրան, այնքան մեր երկիրը կշահի: Իսկ եթե տեղի չի ունենում, դա ոչ թե ընդդիմության, այլ երկրի ձախողումն է: Այնպես որ, որեւէ բան չի փոխվել, Կոնգրեսի պահանջները մնում են նույնը:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանում օրինականության վերականգնումը տեղի ունենա ոչ թե արտահերթ ընտրությունների կամ իշխանափոխության միջոցով, այլ այս տարբերակով` ընդդիմությունը դրա կատարման հետ կապված 15 կամ ավելի պահանջներ ներկայացնի, իշխանությունն էլ աստիճանաբար կատարի: Ինչպես որ եղավ ՀԱԿ-ի առաջին 3 պահանջների դեպքում:
– Ընդդիմությունը տարբեր պահանջներ ներկայացրել է, կարող է նոր պահանջներ էլ առաջ քաշել, սակայն նորից եմ ասում` ընդդիմության գլխավոր խնդիրը, եւ ես կասեի` այսօր մեր երկրի համար կարեւորագույն խնդիրը, օրինական իշխանության ձեւավորումն է: Իսկ դրան կարելի է հասնել միայն ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջոցով: Պարզապես ամոթ է, 21-րդ դարում էլ մեր երկրում ընտրություններ են կեղծվում: Սրա վերջը պետք է տրվի: Սա է երկրի զարգացման նախապայմանը: Բազմիցս ասել եմ ու հիմա էլ ստիպված եմ կրկնել, որ կեղծված ընտրությունների հետեւանքները հնարավոր չէ չեզոքացնել այլ քայլերով: Դա կարելի է անել միայն նոր, ազնիվ ընտրությունների միջոցով: Կեղծված ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությունն ի վիճակի չէ երկրում օրինականություն հաստատել:
– Կոնգրեսի առաջնորդներն անընդհատ ասում են, որ արտահերթ համապետական ընտրություններ են լինելու, բայց հերթական խորհրդարանական ընտրություններին ընդամենը մեկ տարի է մնացել: Իշխանական կողմից էլ անընդհատ պատասխանում են, թե ՀՀԿ օրակարգում ո՛չ նախագահական, ո՛չ խորհրդարանական արտահերթ ընտրությունների խնդիր չկա՛ ու չի՛ քննարկվել երբեք: Դուք, այնուամենայնիվ, վստա՞հ եք, որ այս 1 տարվա ընթացքում Հայաստանում արտահերթ ընտրություններ կլինեն:
– Մենք ամեն ինչ արել ենք ու անելու ենք, որպեսզի որքան հնարավոր է շուտ երկրում անցկացվեն արդար ընտրություններ: Դրանից շահելու է երկիրը, չեն շահելու միայն մի խումբ մարդիկ: Նաեւ մենք մշտապես արել ենք ամեն ինչ, որպեսզի մեր երկրում արմատական փոփոխություններ իրականացվեն առանց մեծ ցնցումների, առանց բախումների: Ընդդիմությունը հավատարիմ է մնալու իր որդեգրած սկզբունքներին, եւ ձգտելու է հասնել արդյունքի: Եվ, բնականաբար, ամեն ինչ կախված է հասարակության ակտիվությունից:
– ՀՀԿ-ն ներկայացնում է, թե Հայաստանի ավելի քան 900 համայնքներից մոտ 600-ի ղեկավարներն իրենց կուսակցության անդամներն են: Եվ նրանք ու վարչական այլ լծակները տարիներ շարունակ իրենց կուսակցության համար ապահովել են ձայների մեծամասնություն: Եվ կարող է այնպիսի վիճակ ստեղծվել, որ վարչախումբը կարողանա իր վերարտադրվելու համար անհրաժեշտ ձայների քանակը նորից ապահովել: ՀԱԿ-ը մտահոգվա՞ծ չէ, որ հաջորդ համապետական ընտրություններին էլ իշխող ՀՀԿ-ն վերընտրվելու համար լավագույնս օգտագործելու է իր այս վարչական լծակները: Արդյո՞ք ժողովրդի մեջ առկա դժգոհությունը կարող է չեզոքացնել ընտրությունների կեղծման հնարավորությունը:
– Ժողովրդի մեջ դժգոհությունը շատ մեծ է, այս իշխանությունը բացարձակապես ձախողված է, ձախողված է տնտեսության բոլոր բնագավառներում: Մարդիկ պարզապես փախնում են երկրից` հեռանկար չտեսնելով: Սա` մի կողմից, երկրորդը` եթե մենք խոսում ենք արդար ընտրությունների մասին, ապա դա ենթադրում է ընտրությունների անցկացում առանց վարչական լծակների, ահաբեկումների եւ այլ ընտրակեղծիքների: Սակայն նույնիսկ այդ վարչական լծակները չեն փրկել իշխանություններին պարտություններից թե 1998, թե 2003 եւ թե 2008 թվականների ընտրություններին: Պարզապես այդ ընտրությունների արդյունքներն ամենակոպիտ ձեւով նենգափոխվեցին: Այնպես որ, արդար ընտրությունների դեպքում ընդդիմության հաղթանակը որեւէ կասկած չի առաջացնում:
– Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, ինչո՞ւ իշխանությունները գնացին ՀԱԿ-ի պահանջներին ընդառաջ եւ կատարեցին որոշ քայլեր:
– Դա տեղի ունեցավ հասարակության, ինչպես նաեւ` միջազգային կառույցների հետեւողական ճնշման արդյունքում: Վաղուց էր պետք դա անել:
– ՀԱԿ-ում մտահոգություն չկա՞, որ իր նկատմամբ առաջացող դժգոհության արդյունքում իշխանությունները կարող են մի երրորդ ուժ ձեւավորել, որը տեր կկանգնի այդ դժգոհող զանգվածներին ու ընդդիմադիր դաշտում դառնա Կոնգրեսի մրցակից: Չի բացառվում, որ այդ ուժը ձեւավորվի նաեւ առանց իշխանությունների միջամտության:
– Նման փորձեր եղել են ու էլի կլինեն: Ակնհայտ է, որ եթե մարդիկ տեսնեն, որ ՀԱԿ-ը հետեւողական չէ իր պայքարում, ապա կգնան այլ ուժերի հետեւից: Եթե, իհարկե, այդպիսի ուժեր ձեւավորվեն: Մենք տեսնում ենք, թե ինչպես են ոմանք փորձում ինքնահաստատվել` Կոնգրեսին վարկաբեկելու միջոցով, սակայն համոզված եմ, որ մեր ժողովուրդն ի վիճակի է ճիշտ կողմնորոշվել եւ տեսնել, թե ով է իրապես պայքարում այս ռեժիմի դեմ եւ ով է ունակ լուծել երկրի առաջ կանգնած խնդիրները:
– ՀԱԿ-ն իր սուր քննադատությունն ինչո՞ւ է ավելի շատ ուղղում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, եւ ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ: Եվ Ռ.Քոչարյանին ուղղված քննադատությունները պատճառ են դառնում հայտարարությունների, թե ՀԱԿ-ն ու գործող իշխանությունները խնդիր ունեն, որ Ռ.Քոչարյանը չվերադառնա քաղաքականություն:
– Նման խոսակցությունները որեւէ հիմք չունեն: Գործող վարչախումբը նախորդի օրգանական շարունակությունն է, եւ երկուսն էլ պատասխանատու են երկրում ստեղծված այս վիճակի համար: Երկուսն էլ հանդիսացել են երկրում ձեւավորված կրիմինալ, քրեաօլիգարխիկ համակարգի երաշխավորը: Իսկ ընդդիմության խնդիրն է երկիրն այս համակարգից ազատելը:
– Հավատո՞ւմ եք Մարտի 1-ը բացահայտելուն ուղղված Ս.Սարգսյանի հայտարարությանը:
– Այն, ինչ ասվեց Ս.Սարգսյանի կողմից, առայժմ խոսքեր են, ժամանակը ցույց կտա: