Թեեւ օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե չի խոչընդոտելու Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությանը, երեկ Սենատում մի քանի ժամ շարունակված թեժ քննարկումներից հետո Ֆրանսիայի օրենսդիրները ի վերջո ոչ մերժեցին, ոչ էլ հաստատեցին այն: Քվեարկությունից առաջ Սենատի Օրենսդրական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել օրինագծին եւ առաջարկել է այն հանել քվեարկությունից: Թեժ քննարկումներից հետո առաջարկն ընդունվել է ձայների մեծամասնությամբ` 196 «կողմ», 74 «դեմ»:
Սարկոզին նաեւ խոստացել էր, թե կառավարությունը թույլ կտա, որ Սենատը ազատորեն կողմնորոշվի իր քվեում, եւ որ ինքը ոչ մի հանձնարարություն չի տա իր քաղաքական մեծամասնությանը այդ քվեարկության վերաբերյալ: Երեկ Սենատում քննարկումն անցել է բավական թեժ մթնոլորտում, իսկ քննարկման ամբողջ ընթացքում Սենատի շենքի մոտ ֆրանսահայերը բողոքի ակցիա էին անցկացնում` պահանջելով ընդունել այդ օրինագիծը: Ի դեպ, քվեարկության ընթացքում դահլիճում ներկա է եղել նաեւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը: Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը դժգոհություն էր հայտնել Սարկոզիի քաղաքականությունից եւ սպառնացել նրա դեմ օգտագործել ֆրանսահայերի ձայները 2012թ. նախագահական ընտրություններին: Քննարկման ժամանակ Ֆրանսիայի Սոցկուսի նախագահ Ռոբբեր Բատինտերը իր դիրքորոշումը, թե ինչու չպետք է ընդունել օրինագիծը, բացատրել է. «Երբեմն օրենսդիրները զգացմունքների ազդեցության տակ գնում են այնտեղ, որտեղ պատմաբանների տեղն է»: Ըստ նրա` սխալ է ունենալ օրենք, որը պետք է կարգավորի պատմությունն ու ավելին` բանտարկություն նախատեսի: «Օրենսդիր եւ դատական իշխանությունների տարբերությունն այն է, որ օրենսդիր իշխանության առջեւ խոչընդոտ կա` դատելու այս կամ այն իրադարձության վերաբերյալ: Օրենքը չի համապատասխանում Սահմանադրությանը: Ցեղասպանության ժխտման դեմ պետք է պայքարել այլ միջոցներով»,- ասել է նա: Իսկ UMP-ի ներկայացուցիչ Ամբրուազ Դյուպոնը հայտարարել է, թե ընդունելով այս օրինագիծը, պետք է հիշել Հարավային Կովկասում Ֆրանսիայի դերի, ԵԱՀԿ ՄԽ-ում անդամության մասին: «Պետք է հիշել նաեւ տարածաշրջանի բարդ տնտեսական վիճակը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման, փակ սահմանի առկայությունը հաշվի առնելու անհրաժեշտությունը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ նախագծով պահանջվում էր, որպեսզի Հայոց ցեղասպանության մերժողները 1 տարի ազատազրկման ենթարկվեն, ինչպես նաեւ` վճարեն 45.000 եվրո տուգանք: