Ընդունել է

05/05/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Հիսասու Տոկունագային: Ս. Սարգսյանը մեկ անգամ եւս ցավակցություն է հայտնել մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի եւ ավերածությունների պատճառ դարձավ` նշելով, որ, ցավոք, 1988թ. հայ ժողովուրդը նույնպես բնության այդ աղետի սարսափելի հետեւանքներն իր վրա զգացել է: ՀՀ նախագահի խոսքով, թերեւս, դա է պատճառը, որ հայ ժողովուրդն ավելի ծանր ընդունեց Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգությունը: «Մենք հիացած ենք ձեր ժողովրդի արիությամբ եւ տոկունությամբ` ճակատագրի այդ ծանր հարվածը կրելիս: Իհարկե, ուշադրությամբ հետեւում ենք Ճապոնիայի կառավարության գործադրած ջանքերին` «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի հետեւանքների վերացման ուղղությամբ, եւ լիահույս ենք, որ ձեզ կհաջողվի չեզոքացնել բոլոր հետեւանքները»,- ասել է Ս. Սարգսյանը: Նա նաեւ հույս է հայտնել, որ Ճապոնիայի համար այս ծանր ժամանակաշրջանը չի խանգարի երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ աշխատանքը շարունակելուն, որի նպատակով դեռեւս անցյալ տարվա հունիսին Տոկիոյում բացվել է ՀՀ-ի դեսպանություն: Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին` ցավակցության եւ իր ժողովրդին ուղղված ջերմ խոսքերի համար` վստահեցնելով, որ չնայած բոլոր դժվարություններին, Ճապոնիան պատրաստակամ է ՀՀ-ում շարունակել իր աջակցության ծրագրերը: Հիսասու Տոկունագան նշել է, որ ի պաշտոնե առաջին անգամ է այցելում Հայաստան եւ վստահ է, որ այցի շրջանակներում ունեցած հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը: