ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ ասուլիսում պաշտոնական Բաքվին մեղադրել է ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը ձգձգելու եւ ռազմական գործողությունները վերսկսելու առիթ որոնելու մեջ:
«Ցավոք սրտի, Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը կրկնվող եւ քաղաքակիրթ երկխոսության չափանիշներին չհամապատասխանող հայտարարություններով, որոնք լրջորեն հարվածում են բանակցային գործընթացին»,- ասել է Ս. Սարգսյանը` հավելելով, թե Ադրբեջանը որպես մարտավարություն` ընտրել է ձգձգման քաղաքականությունը: «Ըստ էության, Ադրբեջանը հարմար առիթի է սպասում, որպեսզի նոր ռազմական ավանտյուրա սկսի»,- ասել է նա: Ս. Սարգսյանը նաեւ ընդգծել է, թե Հայաստանը դրական է գնահատում ներկայում ԵԱՀԿ-ում նախագահող Լիտվայի ցանկությունը` սատարել գործընթացին, ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների եւ անձամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ջանքերը. «Մենք պատրաստ ենք բանակցելու, պատրաստ ենք եւ անհրաժեշտ ենք համարում որոնել փոխզիջումներ, բայց լուծման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը եւս ունենա նույն ցանկությունը»: Իսկ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, թե Հայաստանը կարող է կայունացնող գործոն դառնալ տարածաշրջանում եւ լուծել բոլոր խնդիրները խաղաղ ճանապարհով: Լիտվայի նախագահը, ով մինչ Երեւան ժամանելը այցելել է Բաքու եւ Թբիլիսի, երեկ նաեւ հայտարարել է. «Ոչ մի երկիր, ոչ մի կազմակերպություն չի աջակցի ղարաբաղյան խնդրի ռազմական կարգավորմանը: Այդ ուղերձը ես փոխանցել եմ երեք երկրների ղեկավարներին, որտեղ եղել եմ այս օրերին»: Նրա խոսքով` Լիտվայի համար տարիներ առաջ անչափ կարեւոր էր ճանաչել բոլոր նորանկախ պետություններն այնպես, ինչպես նրանք էին ճանաչում Լիտվան` այդպիսով նոր էջ բացելով պատմության մեջ. «Այդ պատճառով մենք շահագրգռված ենք, որ բոլորս, ովքեր իբրեւ պետություն 20 տարի ինքնուրույն ապրում եւ զարգանում ենք` բարգավաճենք եւ կարողանանք օգնել միմյանց, քանի որ իրար հասկանում ենք ավելի լավ, քան մյուսները, ովքեր երբեք չեն եղել պատմականորեն այդքան մոտ: Ես նույնպես շատ ուրախ եմ, որ մենք կարող ենք հասկանալ միմյանց ու օգտակար լինել ինչպես տնտեսական, այնպես էլ միջազգային հարցերում»: Նաեւ հավելել է. «Չնայած ձեր պատմական անցյալին, չնայած կապերին, հարաբերություններին եւ ցավոտ կետերին, այն ցավին, որ ժառանգել եք դարերի ընթացքում, այդուհանդերձ, ձեր ժողովուրդն ի վիճակի է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները: Միջազգային հանրության, այդ թվում` ԵԱՀԿ-ի, որն այսօր նախագահում է Լիտվան, հիմնական նպատակն է եւ ամենակարեւոր հանգամանքը, որ տարածաշրջանում ցանկացած հակամարտություն լուծվի խաղաղ ճանապարհով, քանի որ հավատում ենք, որ խաղաղ ճանապարհով լուծումը հնարավոր է»: Լիտվայի նախագահը միաժամանակ հայտարարել է, որ Լիտվան կսատարի բոլոր կողմերի այնպիսի ծրագրերին, որոնց նպատակը կլինի օժանդակել վստահության ամրապնդման միջոցառումներին: «Իհարկե, ենթադրում ենք, որ այդ միջոցառումները պետք է երկու կողմերն էլ իրականացնեն»,- ասել է նա:
Դալյա Գրիբաուսկայտեն նաեւ նշել է, թե իր այցի երկրորդ օրակարգային հարցը եւ նպատակը Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացն է: Ըստ նրա` այդ գործընթացն ինքնին շատ օգտակար էր եւ արդյունավետ` Լիտվայի համար, այդպիսին է նաեւ Հայաստանի համար: «Գործընթացն օգնում է ձեզ` բարեփոխվելու եւ ավելի շուտ հասնելու ժողովրդի բարեկեցությանը: Ես ձեզ շնորհավորում եմ ընդամենը վերջերս Եվրոպական Միության հետ բանակցություններում եւս երկու գլուխների քննարկումն ավարտին հասցնելու համար: Լիտվան բարեփոխումների եւ բանակցությունների հարուստ փորձ ունի: Մենք պատրաստ ենք փոխանակելու մեր փորձը եւ օգնելու ձեզ` նախապատրաստվել բանակցության գործընթացում: Իհարկե, այնքանով, որքանով հիմա դուք ցանկություն կհայտնեք»,- ասել է Լիտվայի նախագահը: «Երկրորդ հանգամանքը, որ ձեզ համար շատ կարեւոր է` միջուկային էներգետիկայի հետ կապված ծրագրերն են: «Ֆուկուսիմայի» իրավիճակից հետո ամբողջ Եվրոպան եւ նույնիսկ ամբողջ աշխարհը ձգտում են միջուկային անվտանգության ավելի բարձր չափորոշիչներ ապահովել: Դա կարեւոր է ոչ միայն Հայաստանի կամ Լիտվայի, այլ նաեւ ամբողջ մարդկության, ամբողջ աշխարհի համար: Ինչո՞ւ է Եվրոպան սկսում իրականացնել այլ նախաձեռնություն` Եվրոպայում գործող միջուկային էներգետիկայի բոլոր օբյեկտների սթրես թեստավորում: Սեփական անվտանգության համար կխնդրեի, որպեսզի նույնն անեին Եվրոպական Միության բոլոր հարեւանները: Դա ոչ միայն անվտանգության համար է արվում, այլեւ ազգերի միջեւ վստահությունն ամրապնդելու նպատակով է, որ տեղեկատվությունը պետք է բաց եւ հրապարակայնորեն փոխանակել: Համառոտակի քննարկելով այս հարցը ձեր հանրապետության ղեկավարի հետ` ես հասկացա, որ Հայաստանը պատրաստ է դրան: Մեր հարաբերությունների երկրորդ բաղադրիչը կամ փաթեթը` երկկողմ հարաբերություններն են, որոնք քաղաքական առումով շատ բարձր մակարդակի վրա են: Ե՛վ մեր, եւ՛ ձեր պետությունները սկզբից եւեթ անկախություն հռչակեցին, ուստի միասին միաժամանակ կարող ենք տոնել անկախության 20-ամյակը: Մեր տնտեսական կապերին պայծառ ապագա է սպասվում: Մենք պատրաստ ենք ներդրումներ անել եւ պատրաստակամորեն սպասել ձեր ակտիվությանը մեր երկրում: 20 տարվա ընթացքում մեր երկու պետությունների անցած ուղիները տարբեր են, բայց կան նաեւ բազմաթիվ նմանություններ: Մենք հնարավորինս բաց ենք եւ պատրաստ` համագործակցելու եւ օգնելու»,- ասել է Դալյա Գրիբաուսկայտեն: