Հայ ազգային կոնգրեսից հեռացած Կարապետ Ռուբինյանը նույնպես համոզված է, որ այս ամսվա ընթացքում քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն:
Բայց նա գտնում է, որ իշխանություններն այդ քայլին գնացել են ոչ այնքան ժողովրդի ճնշման ազդեցության տակ, քանի որ անցած երկու տարիներին այն գնալով թուլացել է, եւ հիասթափության ալիք է եղել: «Փաստորեն, ճնշումը չի ավելանում, նրանց աթոռներին վտանգ չի սպառնում, բայց իշխանությունները զիջումների են գնում, որոնց համար ես շատ ուրախ եմ: Ուղղակի հարց է ծագում, իսկ ինչի՞ դիմաց են դա անում: Ուրեմն ինչ-որ բան են փոխարենը ստացել, չէ՞»,- հարցնում է նա:
Իհարկե, այսօր էլ ժողովրդական ցասումը կա, բայց Ռուբինյանի կարծիքով` դա ուժեղ չէ: Նա գտնում է, որ 2 տարի շարունակ իրական պայքար չի եղել: Բայց տարեսկզբին 2 կարեւոր հանգամանքներ առաջացան. «նախ` ծայրահեղ վատ սոցիալական իրավիճակ, անգործունակ կառավարություն, գների ֆանտաստիկ աճ, զանգվածային դժգոհություն եւ արտագաղթ, երկրորդը` արաբական աշխարհի հեղափոխական ալիքը եւ հզոր պետությունների ղեկավարների փոփոխված մոտեցումն այդ հեղափոխություններին` ստեղծեցին մի ֆոն, որը Հայաստանում կտրուկ փոփոխությունների համար շանս էր ստեղծել»: Իսկ այդ շանսն օգտագործելու համար պետք էր ամբողջ ընդդիմադիր դաշտը համախմբել, ժողովրդին դրանով ոգեւորել եւ իշխանությունների առաջ վերջնագրով հանդես գալ: Մինչդեռ, դրա փոխարեն, Կ.Ռուբինյանը ենթադրում է, որ հնարավոր է` իշխանությունները ՀԱԿ-ից իրավիճակը չսրելու մասին հավաստիացումներ են ստացել: Բայց նա նեղսրտած է, որ դրա արդյունքում ընդդիմությունը կորցրեց արմատական բարեփոխումների շանսը: Կ.Ռուբինյանը գտնում է, որ այդ արմատական բարեփոխումների ուղին միակ շանսն է, որ Հայաստանը կարող է դուրս բերել այս ծանր վիճակից: «Հիմա տեսնում ենք, որ այդ ուղին չի, այլ ընտրվել է մեկ այլ ճանապարհ, որը կարելի է կոչել, ենթադրենք` շախմատային, հարմարվողական կամ կոնֆորմիստական: Դրա արդյունքում եթե Հայաստանը արտագաղթի, սոցիալ-տնտեսական վիճակի առումով բարվոք վիճակում գտնվեր հարեւանների նկատմամբ, կհամաձայնեի: Իսկապես կարող եմ փոքրիկ առաջընթաց համարել, որ Կոնգրեսը հաջորդ խորհրդարանում տեղեր ունենա: Բայց խնդիրն այն է, որ բոլորս, այդ թվում եւ` Կոնգրեսի ղեկավարությունը, ասում էինք, որ այս վիճակն անթույլատրելի է: Այս հանցավոր ռեժիմի ամեն րոպե երկարաձգումը կործանման է տանում մեր երկիրը: Նման պայմաններում եթե դու սկսում ես գնալ փոքրիկ ձեռքբերումների եւ միկրոսկոպիկ առաջընթացի ճանապարհով, դա հանցագործություն է սեփական երկրի նկատմամբ»,- ասում է Կ.Ռուբինյանը:
ՀԱԿ-ից, սակայն, հայտարարություններ են հնչում, թե քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո իրենք նորից ներկայացնելու են իշխանափոխության եւ արտահերթ ընտրությունների պահանջը, եւ որ իրենց դիրքորոշման այս մեղմացումը զուտ այդ նպատակն ունի: Եվ այս երեք տարիներին Կոնգրեսից միշտ հայտարարել են, թե իշխանությունների հետ երկխոսության կգնան միայն այն դեպքում, երբ իշխանությունները քաղբանտարկյալներին կազատեն: Այդ դեպքում ինչո՞ւ չի արդարացվում ՀԱԿ-ի այդ մեղմացումը: Չէ՞ որ Կ.Ռուբինյանն ինքը քաղբանտարկյալ է եղել նույն մարտյան իրադարձությունների արդյունքում: «Մեր շարժման գերխնդիրը քաղբանտարկյալներին ազատ արձակելը չէր: Գերխնդիրը ձեւավորված հանցագործ ռեժիմը իշխանությունից հեռացնելն էր, եւ արդար ընտրությունների միջոցով իշխանությունը ժողովրդին վերադարձնելն էր»,- ասում է նա:
Ռուբինյանը նաեւ չի հավատում, որ նախագահ Սերժ Սարգսյանն, իսկապես, ցանկություն ունի բացահայտել Մարտի 1-ի իրադարձությունները: «Տա աստված, որ Ս.Սարգսյանը, ենթադրենք, ինչ-որ հրաշքով խելքի է եկել: Նա կսկսի կտրե՞լ այն ճյուղը, որի վրա նստած է, ինքնուրույն կազմաքանդե՞լ ավազակապետությունը: Հաճույքով կմիանամ այդ երազներին, բայց ես դրան չեմ հավատում, որովհետեւ, եթե այդպես լիներ, այդ մարդն ինչո՞ւ պիտի գնար Մարտի 1-ի արյանը Քոչարյանի հետ միասին: Ինչի՞ պիտի մինչեւ հիմա պահեր քաղբանտարկյալներին եւ ինչո՞ւ պիտի ոչ մի ռեֆորմ չաներ այս 3 տարիներին: Ի՞նչը փոխվեց, ընդամենը ավելացավ մեկ վտանգ` ժողովրդական ցասման վտանգը: Նա դրա առջեւ ընկրկեց: Ի՞նչ քայլերի գնաց, գնաց զիջումների, փոխարենը ի՞նչ հավաստիքներ ստացավ: Այսինքն` նա այդ զիջումների ճանապարհը բռնել է եւ տանելու է դեպի իր հրաժարակա՞նը: Նման ենթադրությունների հիմք կա՞»,- հարցնում է Կ.Ռուբինյանը:
Վերջինս նաեւ հեգնեց Լ.Տեր-Պետրոսյանի այն մոտեցումը, թե ընտրվել է մի ճանապարհ, որը «շատ պատվաբեր գործարք է իշխանության եւ հասարակության միջեւ»: «Նաեւ հայտարարվեց, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը էապես կլիցքաթափի իրավիճակը: Մեզ պետք էր էապես լիցքաթափե՞լ իրավիճակը, այդ դեպքում եկեք ոչ մի հանրահավաք չանենք: Էապես լիցքաթափված իրավիճակում Ս.Սարգսյանը ինչո՞ւ պիտի հրաժարական տա: Ձանձրացե՞լ է»,- հարցնում է Ռուբինյանը:
Կ.Ռուբինյանը, սակայն, իր քաղաքական եւ հրապարակախոսական գործունեության հետ կապված դեռ չի հստակեցրել, թե ինչ քայլեր է անելու եւ ում հետ է համագործակցելու: Ասում է, որ խոսակցություններ ու քննարկումներ շատ են եղել, բայց այս պահի դրությամբ դեռ որոշակի ոչինչ չկա: Հանդիպել եւ զրուցել է նաեւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Չի բացառում հետագա համագործակցությունը նաեւ Կոնգրեսի հետ: «Համագործակցություն թե Կոնգրեսի, թե այլ կուսակցությունների, թե սատանաների միության հետ հանուն այն բանի, որ մեր երկիրը լավը լինի, որ զարգացում լինի, ժողովրդավարական լինի, ես պատրաստ եմ միշտ»,- ասում է Կ.Ռուբինյանը: