«Որքանո՞վ են պաշտպանված կանայք եւ երեխաները աշխարհի տարբեր երկրներում, ի՞նչ պայմաններում են նրանք ապրում».- ամերիկյան «Save the Children» կազմակերպության փորձագետները երեքշաբթի օրը հրապարակած զեկույցում փորձել են գտնել այս հարցերի պատասխանը: Ըստ «Ազատության», ամերիկացի փորձագետները աշխարհի պետությունները բաժանել են երեք խմբի` առավել զարգացած, զարգացման միջին մակարդակի վրա գտնվող եւ թերզարգացած: Հայաստանը այս ցուցակում հայտնվել է երկրորդ խմբում` Ուզբեկստանի, Վիետնամի, Թունիսի եւ Բոլիվիայի հետ միասին գրեթե նույնատիպ ցուցանիշներ արձանագրելով: Հարկ է, սակայն, նկատել, որ ամերիկացի փորձագետների գնահատականների համաձայն` Հայաստանը առաջ է անցել իր բոլոր հարեւաններից: Հետազոտության ընթացքում «Save the Children» կազմակերպության մասնագետները համադրել են մոտ մեկ տասնյակ ոլորտներում երկրների արձանագրած ցուցանիշները` մանկական մահացության մակարդակից մինչեւ կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում: Այսպես, զեկույցի հեղինակներն արձանագրում են, որ հղի կանանց տրամադրվող բժշկական ծառայությունների առումով Հայաստանն առաջատարների թվում է: Զեկույցում, մասնավորապես, նշված է, որ Հայաստանում արձանագրվող ծննդաբերությունների 100 տոկոսն անցնում է որակյալ բժշկական անձնակազմի հսկողության ներքո: Վրաստանում այդ ցուցանիշը 98 տոկոս է կազմում, Թուրքիայում` 91, Ադրբեջանում` 88: Կանանց կյանքի միջին տեւողությունը Հայաստանում, ըստ ամերիկացի փորձագետների, 77 տարի է, Վրաստանում եւ Թուրքիայում` 75, իսկ Ադրբեջանում ու Իրանում` 73 տարի: «Save the Children»-ի մասնագետները նաեւ հետազոտել են աշխարհի տարբեր պետություններում առկա սանիտարական պայմանները: Զեկույցի հեղինակներն այստեղ էլ Հայաստանում տիրող կացությունը ընդհանուր առմամբ բարվոք են գնահատում` նշելով, օրինակ, որ երկրի բնակչության 96 տոկոսը ապահովված է որակյալ, սանիտարական նորմերին համապատասխանող խմելու ջրով: Վրաստանում այս ցուցանիշը 98 տոկոս է կազմում, իսկ Ադրբեջանում` շուրջ 80: Սակայն կա մի ցուցանիշ, որով Հայաստանը զիջում է աշխարհի պետությունների զգալի մասին. խոսքը երկրի կառավարման համակարգում կանանց ներգրավվածության մասին է: Պարզվում է, որ Հայաստանում պատասխանատու պաշտոնների միայն 9 տոկոսն է կանանց վստահված: Վրաստանում այս ցուցանիշը ավելի ցածր է` շուրջ 7 տոկոս: Կառավարման համակարգում կանանց ներգրավվածության ցուցանիշով Հարավային Կովկասի առաջատարն է դարձել Ադրբեջանը, որտեղ պատասխանատու պաշտոնների շուրջ 16 տոկոսը զբաղեցնում են կանայք: