ԱՄՆ-ը դատի է տվել

05/05/2011

ԱՄՆ-ը գերմանական խոշորագույն Deutsche Bank-ին մեղադրում է ամերիկացիներին անխելամիտ հիպոթեքային վարկեր տրամադրելու եւ պետական երաշխիքները չարաշահելու համար: Մեքենայություններից ստացված վնասը կազմում է հարյուր միլիոնավոր դոլարներ: Deutsche Bank համակարգի բաժնետոմսերը մայիսի 3-ին ավելի քան 3 տոկոսով ընկել են, երբ հայտնի է դարձել, որ ԱՄՆ կառավարությունը դատի է տվել բանկին: Ըստ «Reuters»-ի` Մանհեթենի շրջանային դատարանն ընդունել է քաղաքացիական հայցը, որի համաձայն` Deutsche Bank-ը եւ նրա ամերիկյան MortgageIT դուստր ընկերությունը մեղադրվում են 1999-2009թթ. ընկած ժամանակահատվածում հիպոթեքային վարկերով մեքենայություններ իրականացնելու համար: «Reuters»-ի փոխանցմամբ` վնասի փոխհատուցումը տուգանքի հետ միասին կարող է կազմել 1 մլրդ դոլար: Deutsche Bank-ի ներկայացուցիչն իր հերթին ասել է, որ MortgageIT ընկերության եւ Deutsche Bank-ի դեմ ուղղված հայցում բացակայում է որեւէ հիմնավորում: Ըստ նրա` գերմանական բանկը մտադիր է պաշտպանվել հնարավոր բոլոր միջոցներով: