Ինչո՞ւ հայկական ֆուտբոլի հանրահայտ վետերանները, մեկ-երկու երջանիկ բացառությամբ, չեն կարողանում հասկանալ այսօրվա ժամանակակից ֆուտբոլային իրողությունները, չեն ուզում ըմբռնել ֆուտբոլային պարզագույն ճշմարտություններ, չեն կարողանում մի քանի հոդաբաշխ նախադասությամբ վերլուծել իրականությունը, տեսնել ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Ինչո՞ւ են հայկական ֆուտբոլի հանրահայտ վետերանները կառչած մնացել յոթանասունականներին եւ համառորեն չեն ուզում, եթե ոչ միտքը, գոնե ոտքերն առաջ մեկնել: Որովհետեւ նրանց թվում է, թե հայկական ֆուտբոլի ցանկացած նոր հաջողություն մոռացնել է տալիս անցյալի այն փառքը, որով իրենք ապրում են, որ նոր սերունդը կարող է երկրպագել նոր անունների, եւ դրանից նրանք սարսափում են: Թերթեք ռուսական մարզական մամուլը, հետեւեք ռուսական, ուկրաինական, վրացական, թեկուզ` ադրբեջանական ֆուտբոլի հանրահայտ վետերանների հարցազրույցներին, ելույթներին ու կտեսնեք, թե ինչ ֆուտբոլային ինտելեկտ է առկա, ինչքան հմտորեն են կարողացել յուրացնել ժամանակակից ֆուտբոլի առանձնահատկությունները, որքան են ինտեգրվել Եվրոպական ֆուտբոլում, որքան են սրտացավ նոր սերնդով, ուրախ ու ոգեւորված՝ նոր սերնդի հաջողություններով` ավելի զորացնելով իրենց նախկին փառքն ու հեղինակությունը: Անուննե՞ր են հարկավոր. Բլոխին, Բուրյակ, Գազաեւ, Սիմոնյան, Չիվաձե…
Իսկ ի՞նչ են առաջարկում մեր վետերանները, ինչի՞ մասին են խոսում: Ի՞նչ է առաջարկում հայկական ֆուտբոլի զարգացման համար Արկադի Անդրեասյանը՝ «ֆուտբոլի պրոֆեսորն» ու «ֆուտբոլի ակադեմիկոսը», ինչպես նրան անվանեցին հեռախոսազանգ սիրող մեկ-երկու հեռուստադիտող. ընդամենը վետերանների մրցաշարերի կազմակերպում: Եվ ի՞նչ եք կարծում, ֆուտբոլը զարգանալու է, որովհետեւ պատանիները գալու են դիտելու մեր բիզնեսմեն դարձած ֆուտբոլիստ վետերանների խոլեստերինաշատ մարմինների շա՞րժը:
Ոչ մի բարձրակարգ միտք, ոչ մի վերլուծություն, ոչ մի անդրադարձ նոր սերնդի ֆուտբոլային խնդիրներին, սերնդափոխության բարդագույն պրոցեսին, անցած տարիներին ֆուտբոլում տեղի ունեցած զարգացումներին, լավ ու վատ լուծումներին: Ինչի՞ց է, որ այդքան փոքրածավալ է մեր «պրոֆեսորների» ու «ակադեմիկոսների» մտքի տարողությունը, այդքան անտեղյակ են նրանք այսօրվա ֆուտբոլից: Ինչո՞ւ են միայն չարախոսում: Չարախոսում երիտասարդ ֆուտբոլիստներին, երիտասարդ մարզիչներին, քամահրում նրանց հաջողությունները: Հեռուստահաղորդումն, իսկապես, շատ տխուր եզրահանգումների առիթ տվեց: Հայկական ֆուտբոլի հանրահայտ վետերանն ակնհայտ քամահրանքով է խոսում մինչեւ 19 տարեկանների Հայաստանի ազգային հավաքականի աննախադեպ հաջողության` Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու մասին: Հայաստանի հավաքական թիմը եվրոպական 53 երկրների մեջ գրավում է յոթերորդ հորիզոնականը, մրցաշարից դուրս է թողնում եվրոպական հզոր ֆուտբոլային երկրների հավաքականներին, ռեալ հնարավորություն է ստանում հռչակվելու Եվրոպայի չեմպիոն եւ… հայկական ֆուտբոլի վետերանը քամահրանքով է խոսում երիտասարդ այդ տղաների մասին: Տասնվեց տարեկանում ֆուտբոլ խաղալ սկսած վետերանն արհամարհանքով է խոսում ընդամենը տասնյոթ տարեկանում Հայաստանի բոլոր ազգային հավաքական թիմերում հաջողությամբ հանդես եկած, այսօր աշխարհահռչակ «Այաքսի» հիմնական կազմում ընդգրկված Էդգար Մանուչարյանի մասին՝ ծաղրաբար նկատելով, որ Էդգարը «մի օր` ոտքն է ջարդում, մի օր ողնաշարը, մի օր՝ քիթը»: Փառք Աստծո, չնայած այս հսկայական նավսին, Էդգարը ոչ ողնաշարն է կոտրել երբեւէ, ոչ՝ առավելեւս քիթը, եւ Էդգարը շարունակում է հանդես գալ «Այաքսի հիմնական կազմում: Իսկ ինչո՞ւ է այսքան կախ վետերանի քիթը. որովհետեւ ժամանակին ինքը հայտարարել էր, որ Էդգարից ֆուտբոլիստ դուրս չի գա, ու դուրս է եկել, որ Էդգարն իրենց մարզական ռեկորդները գերազանցելու ճանապարհին է…: Ինչքան ջանք ու ֆինանսական միջոց է դրվել Էդգար Մանուչարյան ստանալու համար: Ինչո՞ւ պիտի Անդրեասյանն այս մասին ասի:
Իրավունք ունի՞ ֆուտբոլի «ակադեմիկոսը» չհպարտանալ, որ Խորիկի տղան «Օլիմպիակոսում» է, որ Էդգարն «Այաքսում» է: «Խորիկի տղան մի քիչ բոյովացել է»,- հեգնանքով ասում է Անդրեասյանը: Ինչո՞ւ, որովհետեւ՝ ի դեմս Խորիկի տղայի, Խորիկ անունը, որ այնքան էին ուզում ջնջել, նորից մնալու է ֆուտբոլային երկնակամարում, իսկ իր տղայի պատճառով, իր իսկ խոստովանությամբ, ինքը միայն կարմիր քարտեր է ստանում ու դուրս հրավիրվում խաղադաշտերից, որ Խորիկին են ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչել 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը հայկական ֆուտբոլում: Իզուր չէր, որ մինչեւ 19 տարեկանների հավաքականի աննախադեպ հաջողությունից հետո հայկական ֆուտբոլի ոչ մի վետերան, ոչ մի «Արարատյոթանասուներեքցի» չշնորհավորեց այդ հավաքականի գլխավոր մարզչին, իրենց երբեմնի խաղընկերոջը՝ Սամվել Պետրոսյանին, ինչի մասին վերջինս ցավով ակնարկեց մի հաղորդման ժամանակ:
Ինչո՞ւ ծաղրական երանգներով խոսել երիտասարդ, խոստումնալից մարզչի՝ Արմեն Գյուլբուդաղյանցի մասին, որը քաջություն ունեցավ գլխավորելու մինչեւ 19 տարեկանների նոր հավաքականը, համառորեն, ջանադրաբար աշխատեց երիտասարդների հետ` որպես մարզիչ, որպես մանկավարժ եւ կարողացավ Սերբիա եւ Չեռնոգորիայի, Ուկրաինայի, Լատվիայի ուժեղագույն հավաքականների հետ մրցավեճում արժանապատվորեն հանդես գալ Եվրոպայի առաջնության նոր մրցաշարի որակավորման փուլում: Այո, չհաղթահարեցին որակավորման փուլի արգելքը, բայց չհաղթահարեցին նաեւ Հոլանդիան, Չեխիան ու շատ այլ Եվրոպական ֆուտբոլային գերտերություններ: Մյուս տարի կհաղթահարեն, երկու տարի հետո կհաղթահարեն: Նախադրյալները կան, չէ՞: Ինչո՞ւ այդպես խոսել մի մարզչի մասին, որին սաները սիրում են, հարգում եւ գուցե լսում են «երախտավորին»: Ինչո՞ւ իրենք` Անդրեասյանը, Մարգարովը, որ մի հարցազրույցում ասել էր, թե ինքը ցանկացած թիմի կարող է չեմպիոն դարձնել, չվերցրին երիտասարդների թիմը, տասնյոթ կամ տասնինը տարեկանների հավաքականները, ջանք ու եռանդ չդրեցին, չեմպիոն չդարձրեցին, Չեխիային ու Հոլանդիային չհաղթեցին: Ինչո՞ւ չեն շրջում մարզադպրոցներում, չեն բռնում մի տասնյոթ տարեկանի ձեռքից ու հասցնում որեւէ հանգրվանի: Կարո՞ղ եք մի տաղանդավոր ֆուտբոլիստի, մի երիտասարդ մարզչի անուն տալ ու ասել Անդրեասյանի կամ Մարգարովի կամ չգիտեմ ում սանն է: Հեշտը չարախոսե՞լն է: Զանազանյանին հեռացրին «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնից, ու «Բանանցը» հիմնովին վերափոխվեց: Մի երկու-երեք ամիս շուտ հեռացնեին, «Բանանցը» գուցե այսօր չեմպիոն դառնար: Թե ֆուտբոլիստներն են նկատում աճը, թե ֆուտբոլասերները: Ու փառք ու պատիվ Զանազանյանին, որ հասկանալով գնաց ու որպես Զանազանյան մնացել է թիմում. եւ «դուխ» է տալիս, եւ գործ է անում, իսկ թիմը մարզում է նոր ֆուտբոլի իրողություններն ընկալած երիտասարդ Աշոտ Բարսեղյանը: Ժամանակները փոխվում են, ու այդքան համառորեն չի կարելի փակել նոր սերնդի ճանապարհը: Այն մեծին են հարգում, ով հասկանում է, որ ինքը մեծ է: Որո՞նք են Անդրեասյանի հաջողությունները 73-ից հետո: Խժդժությունները «Արարատո՞ւմ», որի մասին գրեց անգամ Նիկիտա Սիմոնյանը: Անախորժությունները «Կոտայքո՞ւմ», բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստների հեռանալը հայկական ֆուտբոլի՞ց: «Արարատցիների» տարբեր տարիների բունտերը Անդրեասյանի դեմ եւ թիմից հեռացնելու պահանջնե՞րը: Հայհոյանքներն ու ծեծուջարդերը խաղադաշտերո՞ւմ, ՖԻՖԱ-ի մրցավար Կարեն Նալբանդյանի գլուխը ջարդե՞լը նոր Հայաստանի առաջնության խաղադաշտերում: Բոլոր մրցավարների հետ տեղի ունեցած տուրուդմփոցնե՞րը, բանսարկություններն ու խարդավանքնե՞րը: «Արարատ» թիմի դժգույն խաղը Հայաստանի առաջնությունո՞ւմ: Նույնիսկ իր գործընկեր ժամագործների կողմից հեռացվե՞լը, Սլավա Գաբրիելյանի ջանքերով առաջին խմբից բարձրագույն խումբ տեղափոխված թիմի ետընթա՞ցը: Այս շարքը կարելի է շարունակել, եւ ֆուտբոլային աշխարհից յուրաքանչյուրը կշարունակի յուրովի: Այս ամենի մասին չխոսել կստիպի միայն ինքը՝ Անդրեասյանը, եթե ինքն էլ չխոսի: Գուցե մի օր հայկական ֆուտբոլի անցյալն ու պատմությունը, խոհանոցը եւ լույս ու մութ կողմերն անկեղծորեն ներկայացնելու, այս ամենի ու այլ ճշմարտությունների մասին խոսելու, առկա միֆերը քողազերծելու համարձակություն ունենան նաեւ ՀՖՖ-ի գործկոմի անդամները, որ ֆուտբոլային բարձրագույն իշխանությունն են ներկայացնում, տարբեր տարիների ֆուտբոլիստներն ու մարզիչները, ֆուտբոլային լրագրողներն ու ֆուտբոլային ամենատարբեր չինովնիկները, որ ճշմարտությունը չմնա պատերի տակի համար: Միայն այսպես, ազնիվ բացախոսությամբ, ճշմարտությունները ճակատին ասելով, սեփական սխալները գիտակցելով կարող ենք առաջ գնալ: Այլապես թասիբի մասին խոսակցությունները կմնան ընդամենը որպես ազգային մենթալիտետի ատրիբուտ: