Թուրք զինվորականներն ապրիլի 24-ին սպանված Սեւակի ընտանիքին տարել են այն զորամաս, որտեղ տեղի է ունեցել սպանությունը: Թուրքական «Vatan»-ի փոխանցմամբ` Սեւակի մայրը զինվորական հրամանատարությունից ստացած հատուկ թույլտվությամբ դեմ առ դեմ հանդիպել է իր որդուն սպանած Քվանչ Աղաօղլուին: Սեւակի մայրը կարողացել է հարցնել միայն, թե ինչո՞ւ է նման բան արել Քվանչը, եւ ուշագնաց է եղել, որից հետո նրան դուրս են հանել սենյակից: Քվանչը պատասխանել է. «Ի՞նչ ասեմ»: Սպանությունից հետո քաղաքացիական դատարանը ազատ էր արձակել Քվանչին, սակայն զինվորական դատարանն օրեր անց կրկին ձերբակալել է նրան: Իր բացատրության մեջ Քվանչը նշել է, թե ինքը Սեւակի հետ լավ հարաբերություն է ունեցել: «Այդ օրը պահակակետում աշխատանքներ էինք իրականացնում, որի ընթացքում կատակներ էինք անում: Իմ հրազենի փողը դեպի երկինք էր ուղղված: Մի պահ, երբ կռացա, կրակոց արձակվեց: Սկզբում չէի նկատել, որ Սեւակին է դիպել, կարծեցի` կատակով է որովայնը բռնել»,- ասել է Քվանչը: Դեպքին ականատես զինվորներից Ֆազլա Քեսքինը պատմել է, որ կրակոցի ձայնը լսելուց հետո Սեւակն ասել է. «Քվանչ եղբայր, այս ի՞նչ արեցիր, հասիր»:
Հիշեցնենք, որ Սեւակի զորացրմանը մնացել էր 23 օր: Նրան սպանել են ապրիլի 24-ի առավոտյան: Սպանության հետ կապված` Ոստիկանությունը հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել զինծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից: Սակայն Սեւակի ծնողները չեն հավատում այս տեսակետին եւ պահանջում են մանրամասն հետաքննություն իրականացնել: