Վերջին տարվա ընթացքում Ռոդոսում արտաքնապես գրեթե ոչինչ չի փոխվել: Ափամերձ հյուրանոցներն ու խորտկարաններն աշխատում են, ինչպես եւ խանութների ու կրպակների մեծ մասը, որտեղ կարելի է գնել ինչ մտքովդ անցնի, բայց միեւնույն ժամանակ` որտեղ շատ քիչ բան է վաճառվում. որպես կանոն` հանգստացողները պատրաստված են գալիս: Ամենավաճառվող ապրանքը ծովափին պառկելու համար խսիրից փռոցն է, պանամկաները, ալկոհոլն ու սիգարետները: Իմ կարծիքով` ողջ Եվրոպայից Ռոդոս ժամանած հանգստացողներն ուրիշ ոչ մի բան չեն գնում: Ուղիղ մեկ տարի առաջ` մայիսին, Հունաստանում անկարգություններ սկսվեցին. հույներն իրենց բողոքն էին արտահայտում կառավարության սոցիալական քաղաքականության խստացման դեմ: Կառավարությունն ինքն էլ կարծես թե առանձնապես մեղավոր չէր, եթե չխորանանք պատճառների մեջ եւ չհասնենք ինչ-ինչ կոռուպցիոն պատմությունների: Եվրամիությունում որոշեցին, որ Հունաստանում սոցիալական ծրագրերը ճգնաժամի պայմաններում չափազանց մարդասիրական են, եւ Աթենքին խորհուրդ տվեցին կրճատել բյուջետային ծախսերն այդ ուղղությամբ: Հույները վրդովվեցին եւ սկսեցին ջարդուփշուր անել կառավարական հաստատություններն ու գրասենյակները:
Այն ժամանակ Ռոդոսում հանգիստ էր, եթե չհաշվենք այն, որ տեղի օդանավակայանի աշխատակիցները, ի նշան համերաշխության, մեկուկես օր միացան համազգային գործադուլին: Կղզու բնակիչները իմաստուն վարվեցին. հանգստանալու սեզոնի սկզբին աղմուկ-աղաղակ բարձրացնելն իրենց վրա ավելի թանկ կնստի: Հայտնի չէ` բողոքի ակցիաները հաջողության կհասնե՞ն, թե՞ ոչ, բայց որ դրանք կխրտնեցնեն Էգեյան կամ Միջերկրական ծովի ափերին (իսկ Ռոդոս կղզու ափերը ողողում են հենց այդ երկու ծովերը) հանգստանալ ցանկացողներին, հաստատ է:
Վերջին տարվա ընթացքում ռոդոսցիների կենսակերպը չի փոխվել: Նրանք նույն լրջությամբ ու հանդարտությամբ բացում են իրենց փոքրիկ խանութներն ու խորտկարանները, նույն ձեւով հրավիրում են ներս` որեւէ բան ուտելու կամ գնելու, նույն ձեւով իրենք իրենց համար 2-3 ժամանոց սիեստա են կազմակերպում` անկախ ամեն ինչից, եւ նույն ձեւով շարունակում են հուսալ, որ դեռ կգան ավելի լավ ժամանակներ: Այդուհանդերձ, պատրաստվում են վատթարագույնին:
Իմ համակուրսեցիներից մեկը, որ դեռ մի քսան տարի առաջ էր տեղափոխվել իր նախնիների հայրենիք եւ ամբողջ Հունաստանում իր տուրիստական բիզնեսն էր ծավալել, ինձ ուղղակիորեն ասաց. «Բաններս բուրդ է: Երկիրն ահավոր շատ պարտքեր ունի: Հնարավոր չի լինելու խուսափել դեֆոլտից»: Նրան կարելի է հավատալ. նա կապեր ունի հունական վերնախավի հետ: Հունաստանում դժվար է առանց կապերի լուրջ հաջողության հասնել բիզնեսում: «Իսպանիան, Իտալիան, Պորտուգալիան ավելի շատ պարտքեր ունեն: Բայց պատժելու են հենց մեզ` Հունաստանին: Ցուցադրական ծեծ կկազմակերպեն, որ մյուսների աչքը վախեցնեն: Իսկ ինչո՞ւ հենց Հունաստանին: Երեւի այն պատճառով, որ նա ավելի թույլ է ու պակաս նշանակալից Եվրամիությունում. երկակի ստանդարտներ են գործում»,- շարունակեց նա:
Արտաքնապես դա այնքան էլ չի երեւում: Եվ հետո, դրախտային կղզի հանգստանալու ժամանած մարդու ինչի՞ն է պետք խորանալ ներքին գործերի մեջ: Բայց եթե անգամ չխորանաս, այլ ընդամենը մակերեսային հայացք ձգես Ռոդոսին, ապա կտեսնես ոչ միայն գեղեցիկ հյուրանոցներ, այլեւ դադարեցված շինարարություն, սեզոնին չնախապատրաստվող հյուրանոցներ, փակված խանութներ. անցյալ տարվա տնտեսական ճգնաժամն անհետեւանք չի անցել, իսկ սուբսիդիաներ բոլորը չէ, որ ստացել են: Հատկապես շատ է տուժել շինարարական բիզնեսը: Շատ քիչ ընկերություններ են կարողացել գոյությունը պահպանել այդ բնագավառում: Ասում են, որ ամբողջ Հունաստանում ոչ մի բան չի կառուցվում, ամեն ինչ մեռյալ վիճակում է: Աշխատանքի հարցն առավել բարդ է. հիմնականում սեզոնային աշխատանք է` միրգ, բանջարեղեն, ցիտրուսային կուլտուրաներ ու ձիթապտուղ հավաքելն է կամ էլ նույն զբոսաշրջության ոլորտը: Եվ իրավիճակն առանձնապես հեռանկարային չէ: Ավարտելով իր պատմությունը` նույն այդ համակուրսեցիս ասաց, որ իր երկու եղբայրները ընտանիքներով որոշել են հետ վերադառնալ Վրաստան, որտեղից արտագաղթել էին տասը տարի առաջ: «Աշխատանք չկա, հույս էլ չկա, ուրիշ ի՞նչ անեն. նստեն ու սպասեն նպաստների՞ն, որ երեւի նորից կկրճատեն: Ու այդպիսի մարդիկ շատ են: Մեկ-մեկ մտածում եմ, որ երեւի ես էլ հետ կգնայի, բայց հենց պատկերացնում եմ, որ ամեն ինչ նորից զրոյից պիտի սկսեմ… արդեն առաջվա ուժն ու եռանդը չունեմ, դրա համար էլ աշխատում եմ այստեղ մի կերպ դիմանալ ու յոլա գնալ»,- խոստովանեց նա:
Եվ սա չափազանցություն չէ` մարդիկ իսկապես «յոլա են գնում»: Ընդհանուր իրավիճակի վատացումը հանգեցրել է մրցակցության սրման. ոչնչի առաջ կանգ չեն առնում: Օրինակ` դեռ Մոսկվայում` Ռոդոսի ուղեգիր գնելիս, ես խնդրեցի, որ Ռոդոսում ինձ դիմավորի նույն ընկերությունը, ինչ որ մեկ տարի առաջ, այսինքն` համակուրսեցուս ընկերությունը: Մոսկվայում ինձ վստահեցրին, որ այդպես էլ կլինի: Բայց Ռոդոսում ինձ դիմավորեց մի ուրիշ ֆիրմայի աշխատակցուհի, որ մրցակցության մեջ է համակուրսեցուս ընկերության հետ: «Դա հեչ, մանրուք է,- փիլիսոփայորեն ասաց համակուրսեցիս,- ավելի վատ էլ է լինում: Օրինակ` մրցակիցը կարող է համաձայնության գալ հյուրանոցի տիրոջ հետ, եւ վերջինս կարող է ինձ, այսպես ասած, «քցել»: Ես դրա միջով նույնպես անցել եմ: Չնայած պայմանագրին` քիչ մնաց իմ խմբերին առանց հյուրանոցների թողնեին. լավ է, որ այդ «քիչ մնաց»-ը մի փոքր ավելի շուտ տեղի ունեցավ` սեզոնի բացվելուց առաջ»:
Եվ որքան դժվար է դառնում կյանքը, այնքան ավելի հաճախ են հույները, համենայն դեպս` Ռոդոսում, հիշում գնդապետների կառավարության ժամանակաշրջանը: Ո՛չ, սա կարոտախտ չէ: Պարզապես այն ժամանակ երկիրն արտաքին պարտք չուներ, քիչ թե շատ զարգանում էր, աշխատատեղերի հետ էլ այդպիսի խնդիրներ չկային, ինչպես հիմա: Ուրիշ խնդիրներ կային: Ու հիշելով այն ժամանակները` հույները սկսում են դժգոհել ԵՄ-ից: Այո՛, սուբսիդիաներ, այո՛, օգնություն, առանց որոնց Հունաստանը լրիվ քարուքանդ կլիներ: Սակայն մյուս կողմից` հենց ԵՄ-ն է, Հելլադան իր կազմի մեջ ընդունելով, զրկել նրան ողջ արդյունաբերությունից (լավ թե վատ, բայց գոնե կար), փակել ֆաբրիկաների ու գործարանների մեծ մասը, որոնց արտադրանքն ինչ-ինչ չափանիշներով չէր համապատասխանում եվրոպական ստանդարտներին, եւ թողել է միայն սննդի ու տեքստիլ արդյունաբերությունը:
Հարուստ Եվրոպան ի դեմս Հունաստանի` ցանկանում էր տեսնել բացառապես կուրորտային երկիր` բացառիկ էկոլոգիայով, եւ խոստացավ նրան ամեն կերպ աջակցել բյուջեի հարցում, որպեսզի, մասնավորապես, խնդիրներ չծագեն աշխատատեղերը կորցրած մարդկանց նպաստներ վճարելու հարցում: Թերեւս Եվրոպան դա ստացավ: Բայց ստացա՞վ արդյոք Հունաստանը դրա փոխարեն այն ամենն, ինչ ուզում էր: Ինչ-որ բան հուշում է, որ ոչ: Այդ պատճառով այստեղ երեւի թե կրկին ինչ-ինչ հուզումներ կլինեն: