Էրդողանը` ծառա՞

05/05/2011

«Մենք ոչնչի չենք հասնի նրանց հետ, ովքեր փորձում են պառակտել մեր երկիրը»,- երեկ Մուշում կայացած իր նախընտրական ելույթում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` հերքելով քրդական հարցի գոյությունը: Նա քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանն անվանել է «խաբեբաներ»: «Մենք ժողովրդի հետ միասին հանդես կգանք նրանց դեմ, ովքեր խաբում են մեր քուրդ եղբայրներին ու քույրերին: Մենք արժանի պատասխան կտանք նրանց մեր քվեներով: Մենք ոչնչի չենք հասնի նրանց հետ, ովքեր փորձում են եղբորը եղբոր դեմ հանել, պառակտել երկիրը: Մենք մեր երկիրը չենք դնի Քրդական բանվորական կուսակցության (PKK) ոտքերի տակ: Մենք ոչնչի չենք հասնի նրանց հետ, ովքեր փորձում են ձախողել ժողովրդի կամարտահայտության ժողովրդավարական իրավունքը»,- հայտարարել է նա: Նաեւ հավելել է. «Սա մեր երկիրն է, մեր հայրենիքը: Այստեղ տեղ չունեն խտրականությունն ու անջատողականությունը: Մենք միասնական ենք: Մենք միասին կլինենք, մեծ ու ուժեղ կլինենք: Մենք ընկերներ ու բարեկամներ չենք, մենք հավերժ եղբայրներ ենք: Մենք եղբայրներ ենք, ինչպես Եփրատն ու Տիգրիսը, ինչպես Սիփանն ու Արարատը: Մենք անբաժանելի ենք, ինչպես երկինքն ու երկիրը: Մենք պետք է իմանանք, որ նա, ով ասում է հակառակը, հերքում պատմությունը, սպանում է ճշմարտությունը եւ հերքում ինքն իրեն: Մեր երկրում այլեւս չկա քրդական հարց: Կան խնդիրներ իմ քուրդ եղբայրների համար, բայց քրդական հարց չկա: Թայիբ Էրդողանը տեր չէ, այլ ձեր ծառան»: