Գնահատման եւ թեստավորման կենտրոնի Մշակումների եւ կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի պետական 28 եւ մասնավոր 48 բուհերի դիմորդները պետք է հանձնեն միասնական քննություն: «Այս տարի ունենք 18.500 վճարովի եւ 2428 անվճար տեղ, այսինքն` ընդունվելու համար, որոշ ֆակուլտետներում անվճար սովորելու համար անգամ բավարար է դրական ստանալը»,- ասել է նա` հավելելով, թե արդեն իսկ ավարտվել է առաջին փուլի դիմորդների տվյալների ամփոփումը: Ըստ այդմ` այս տարի առաջին փուլի քննություն հանձնողների թիվը կազմել է 1209, որից 320-ը Երեւանից են, 143-ը` Շիրակից, 108-ը` Արմավիրից, 104-ը` Արարատից, մյուս շրջաններից դիմորդների թիվը չի գերազանցում 100-ը: «Այս տարի անհամեմատ քիչ են, քանի որ հանրակրթական հաստատությունները շրջանավարտներ չունեն: Այս տարվա դիմորդներն են նախորդ տարիներին բուհերից դուրս մնացած, անցյալ տարի չընդունված, բանակից զորացրված եւ այս ու նախորդ տարիներին սփյուռքի շրջանավարտները, հեռակա բաժինների կամ մասնավոր բուհերի ուսանողները, որ ցանկանում են ընդունվել պետական, անվճար»,- նշել է Նասիբյանը:
Դիմումների ընդունումն ավարտվել է ապրիլի 10-ին, եւ քննությունների լրացուցիչ փուլը կկազմակերպվի հունիսի 24-ից հուլիսի 2-ը: Թույլատրվելու է հայտագրել 2 անվճար եւ 8 վճարովի տեղերի համար: Նրա խոսքով` 1209 դիմորդ ունենալը դեռեւս չի նշանակում, որ բոլորն ընդունվելու են: Ըստ նրա` քննությունների ընթացքը հսկվելու է ամենայն խստությամբ: Ի դեպ, դիմորդների միջին տարիքը, ըստ Նասիբյանի, 19 տարեկանն է, սակայն կա նաեւ 46-ամյա դիմորդ: Քիչ չեն նաեւ այն շրջանավարտները, որոնք միջնակարգ դպրոցն ավարտել են մինչեւ 2000թ.: «Լուրեր կան, թե լինելու են հեշտ քննություններ, սակայն միասնական քննություն տվողների թիվն այնքան քիչ է, որ ընդամենը 11 քննական կենտրոններ կան, որտեղ լինելու են Գնահատման եւ թեստավորման կենտրոնի աշխատակիցներ: Եթե նախորդ տարիներին կային 41-55 գնահատման կենտրոններ, եւ մենք դրսից ստիպված էինք լինում հրավիրել մասնագետներ, ապա այս տարի մեր մասնագետները լիովին կարող են հետեւել բոլոր քննություններին»,- ասել է նա: Ըստ Նասիբյանի` նախորդ տարվա` սերտիֆիկատ ստացած դիմորդներին թույլատրվում է մասնակցել քննության, բայց անբավարար գնահատական ստանալու դեպքում նա չի կարող շարունակել:
Անդրադառնալով քննական թեստերը կազմող մասնագետներին, Կ. Նասիբյանն ասել է, թե այդ գործում ընդգրկվել են լավագույն մասնագետները: Այս տարի ընդգրկվել է նաեւ փորձագետ: Ի դեպ, Կ. Նասիբյանը բացառել է բուհերի վարձավճարների բարձրանալու հնարավորությունը` ասելով. «Եթե բուհերի ռեկտորները ճիշտ քաղաքականություն վարեն, այս տարի գները կիջեցնեն»: