Նոր տեխնոլոգիաների տարածումը Հայաստանում զարմանալի արագությամբ է ընթանում: Երեւի ժամանակի շունչն է պարտադրում: Կամ էլ ղեկավարին հետեւելու անզուսպ մղումը: Հիմա միայն ամենաալարկոտ չինովնիկը «ֆեյսբուկիստ» կամ «բլոգեր» չէ: Սա միանշանակ դրական երեւույթ է: Պետական պաշտոնյաները գոնե վիրտուալ տարածքում կարող են շփվել իրականության հետ: Բայց վերջերս տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման բացառիկ ձեւի հանդիպեցի: Ինտերնետ տարածքում, պարզվում է, կարելի է հետեւել մի քրեական գործի պատմության: Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից կատարված գողության մեջ մեղադրվում է մտավորական ծանոթիս որդին, ով կրթությամբ մաթեմատիկոս է: Հավանաբար, հենց նա է հղացել իր քրեական գործի նյութերը stepanhovakimyan.wordpres.com կայքում տեղադրելու գաղափարը: Նախ` կայքում տեղադրված են մարդու իրավունքներին վերաբերող հիմնական միջազգային կոնվենցիաները: Ինչն ինքնին արդեն որոշակի «հանդգնություն» է: Երկրորդ՝ կարելի է հետեւել սույն քրեական գործի նախաքննական ու դատական գործընթացներին: Էտապ առ էտապ: Սա բաց դատավարության կազմակերպման փորձ է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Դրանցով մեղադրյալը փորձում է դատական գործընթացը իսկապես մրցակցային դարձնել: Ապացուցել, որ մարդուն մեղադրանք ներկայացնելու համար իրական փաստեր են պետք: Իրական, հիմնավորված ու դատականորեն ապացուցելի: Մոտ մեկ տարի երեք ամիս կալանքի տակ գտնվող մարդը փորձում է պաշտպանել իր իրավունքները: Իսկ այս փորձը լավագույնս ի ցույց է դնում մեր Ոստիկանության, քննչական մարմինների, դատական համակարգի աշխատանքի մեթոդներն ու դրանց արդյունավետությունը: Նախաքննություն համարվող գործընթացի սկզբում մեղադրյալն ընդունել է, որ գողությունն ինքն է կատարել: Ստալինյան հանրահայտ դատախազ Վիշինսկու մեթոդաբանությամբ, իհարկե, ինքնախոստովանական ցուցմունքը բավարար էր մեղքն ապացուցելու համար: Վիշինսկու հեղինակությամբ ինքնախոստովանական ցուցմունքը խորհրդային իրավագիտությունը, կարծեմ, 30 տարի համարում էր «ապացույցների թագուհի»: Հետո նույնիսկ խորհրդային իրավաբանները հասկացան, որ դա ապացույց համարել չի կարելի: Որովհետեւ ծեծի ու կտտանքի միջոցով ցանկացած մարդու կարելի է ստիպել ցանկացած ինքնախոստովանություն ստորագրել: Անկեղծ ասած` չեմ ուզում մեջբերել գողության մեջ մեղադրվող Ստեփանի բողոքներում նշված ֆիզիկական ու հոգեբանական կտտանքների նկարագրությունը: Ինքս իրավապահ մարմինների հետ շփման փորձ համարյա չունեմ: Եվ գուցե այդ պատճառով է, որ կայքում տեղադրված նյութերն ընթերցելուց ահագին բան ինձ անհասկանալի է մնում: Դեռ նախաքննության փուլում մեղադրյալը հրաժարվել է իր ցուցմունքներից ու բողոք գրել, որ դրանք կորզվել են բռնությամբ: Նույն բանն արել է հետագայում՝ դատական գործընթացի սկզբում: Որքան ես հասկանում եմ` իրավաբանության մեջ այս բողոքը կոչվում է «Հայտարարություն կատարված հանցագործության մասին»: Այցելեք կայք ու կտեսնեք` ինչ տարօրինակ ծուլությամբ են մեր իրավապահներն արձագանքել այդ բողոք-միջնորդություններին: Նույնիսկ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Համարբերգին դիմելուց հետո, երբ այս քրեական գործի մասին գրել էին «Հետք» եւ «Լրագիր.am» պարբերականները, մեր իրավապահները մեղադրյալին ու նրա դատապաշտպանին տեղեկացրել են, որ վարույթ սկսելու փոխարեն` Հատուկ քննչական ծառայությունից բողոքն ուղարկվել է Ոստիկանություն՝ ներքին ծառայողական քննության: Այս ընթացքում բողոք ստացող օղակների ոչ մի ներկայացուցիչ նեղություն չի կրել հանդիպելու բողոքող ամբաստանյալի հետ: Անցած տարվա հուլիսից սույն քրեական գործն ուղարկվել է դատարան եւ մինչ այժմ չի հանգուցալուծվել: Նաեւ այն պատճառով, որ գործը վարող դատավորը փոխվել է: Իսկ այդ փոփոխությունը նշանակում է` ամեն ինչ սկսել նորից: Հետեւաբար, այս դատավարությանը ինտերնետ կայքում հետեւողների համար նոր հնարավորություն է բացվում: Օրինակ` նախկին դատավորը (Արմեն Խաչատրյան) մերժել էր «Մոսկվա» կինոթատրոնի ներկայացրած տեսաձայնագրությունը փորձաքննության ուղարկելու միջնորդությունը: Կինոթատրոնի այդ հատվածը չորս տեսախցիկի նկարահանման տարածք է: Մինչդեռ դատարան ներկայացվել է ընդամենը մեկուկես րոպե տեւողությամբ տեսանյութ: Տեսանյութ, որն ըստ մեղադրվողի` մոնտաժված է: Նախկին դատավորին չի հետաքրքրել, թե ինչ է կատարվել կինոթատրոնի անվտանգության համակարգի նկարահանած տեսանյութի հետ: Դժվար չէ ենթադրելը, որ այդ կինոթատրոնում ամեն օր չէ, որ գողություն է կատարվում: Հետեւաբար` համակարգչի արձանագրած տեսանյութը դժվար թե որեւէ մեկի մտքով անցներ ջնջել: Հատկապես, որ դրանց պահպանությունը մեծ ծախս ու լրացուցիչ աշխատանք չի պահանջում: Մեղադրյալն ու նրա դատապաշտպանը հարկավ հերթով ներկայացնելու են այն միջնորդությունները, որոնք նախկին դատավորը մերժել է: Հետեւաբար` նոր փուլում դրանց ճակատագրին հետեւելը հետաքրքիր է լինելու: Ես հասկանում եմ, որ իմ տողերում որոշակի անտակտություն կա: Տեղեկատվական տեխնոլոգիաներով համարյա «օն-լայն» լուսաբանվող դատական գործընթացը «հետաքրքիր» որակելու իմաստով: Մինչդեռ ժամանակակից մեթոդներով իր իրավունքներն ու անմեղությունը պաշտպանող երիտասարդն անազատության մեջ է: Բայց ընդունեք, որ նա գտել է այս դատական գործին հասարակական հնչեղություն տալու ամենաարդյունավետ ու ամենաժամանակակից մեթոդը: Հիմա բոլորս էլ հրապուրված ենք տեղեկատվական տեխնոլոգիաներով: Մեկի համար այն ժամանց է: Մյուսի համար` հասարակությանը ընկալելի դառնալու միջոց: Երրորդի համար` ընդամենը հետամնաց չընկալվելու ձգտում: Իսկ կոնկրետ Ստեփանի համար՝ իր անմեղությունն ապացուցելու եւ դատական գործընթացին իրավամբ մրցակցային բնույթ հաղորդելու փորձ: