Ո՞վ է Լուկաշենկոն

05/05/2011

Իտալիայի պաշտպանության նախարար Ինյացիո Լա Ռուսսան հեռուստատեսության ծրագրերից մեկում չէր կարողացել հիշել, թե ով է Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին հաղորդել է «Ռիա Նովոստին»` վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին: «Ballaro» ծրագրում Լա Ռուսսայի զրուցակիցը` Իտալիայի կենտրոնամետ ուժերի ղեկավար, Պատգամավորների պալատի նախկին ղեկավար Պիեռ Ֆերդինանդոն Կազինին քննադատել է վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին` «անձնական դիվանագիտություն» վարելու մեջ: Կազինիի խոսքով, վարչապետը շփվում է այնպիսի մարդկանց հետ, ում հետ վաղուց ոչ ոք չի շփվում, մասնավորապես` Ալեքսանդր Լուկաշենկոյի: Կազինիի այս խոսքից հետո ծրագրում ընդմիջում է հայտարարվել: Պաշտպանության նախարարը չէր նկատել, որ ընդմիջումն ավարտվել էր, եւ հայտնվել էր տեսախցիկների առաջ: Մինչ հաղորդավարը դիմել է Լա Ռուսսային` խնդրելով մեկնաբանել կենտրոնամետ ուժերի ղեկավարի խոսքը, նախարարը դիմել է իր մոտ նստած օգնականին եւ հարցրել. «Լուկաշենկոն ո՞վ է»: