1893թ. նա դեղատուն ուներ Հյուսիսային Կալիֆոռնիայի Նյու Բերն քաղաքում, որտեղ դեղերից բացի նաեւ սոդայաջուր էր վաճառում եւ, ինչպես մյուս տեղատների տերերը, փորձեր էր անում տարբեր բուժական խառնուրդներով:
Նա հնարում է մի ըմպելիքի բաղադրատոմս, որը շատ նման էր «Կոկա-կոլային» եւ նախատեսված էր իբրեւ ստամոքսը հանգստացնող միջոց: Այդ ըմպելիքը ստացավ «Brad’s Drink» անունը: Այն իրենից ներկայացնում էր աֆրիկական կոլա ընկույզի, արեւադարձային մրգերի, շաքարի, վանիլինի եւն խառնուրդ եւ հաճելի համ ուներ: 1902թ. Բրեբհեմը փոխում է ըմպելիքի անունը եւ այն անվանում «Պեպսի-կոլա»: 1909-ին նա արդեն բավականին հարուստ մարդ էր. «Պեպսի-կոլան» վաճառվում էր 24 նահանգներում:
Բայց 1-ին համաշխարհային պատերազմը խառնում է բոլոր հաշիվները: Շաքարի գնի կտրուկ բարձրացումն ու աշխատավարձերի ավելացումը կործանարար ազդեցություն են ունենում ֆիրմայի վրա: 1922թ. ընկերությունը սնանկանում է, եւ Բրեբհեմը վերադառնում է հին գործին՝ դեղագործությանը:
Մի մեծահարուստ՝ Ռոյ Մեգարջել անունով, շուտով գնում է «Պեպսի» ապրանքանիշն ու Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում ստեղծում նոր ֆիրմա: Բայց ֆինանսական միջոցների սղության պատճառով ֆիրման 1932թ. դադարեց գոյություն ունենալուց:
Շուտով ֆիրման գնում է մեկ ուրիշը՝ Լոնգ Այլենդում գտնվող «Լոֆթ Ինքորփորեյշնի» նախագահ Չարլզ Գուտը: Նա որոշում է սեփական բաղադրատոմսը ստեղծել, եւ շուտով նոր «Պեպսին» սկսում է վաճառվել ամենուրեք:
«Կոկա-կոլան» գաղտնի գործակալներ է ուղարկում, եւ պարզվում է, որ երբ «Լոֆթ Ինքորփորեյշնի» խանութներում հաճախորդները «Կոկա-կոլա» են պատվիրում, նրանց «Պեպսի» են վաճառում: Այսպես սկսվում է դատական գործն ընդդեմ «Լոֆթ Ինքորփորեյշնի»: Գուտը հակընդդեմ հայց է ներկայացնում «Կոկա-կոլային»՝ մեղադրելով նրան ապօրինի հետապնդման մեջ:
Սկիզբ են առնում դատական երկարատեւ վեճերը, որոնք դեռ երկար տարիներ էին շարունակվելու:
Քանի որ «Պեպսին» միայն «Լոֆթի» խանութներում էր վաճառվում, ֆիրման սկսեց սնանկանալ, եւ Գուտը որոշեց վաճառել ընկերությունը: Նա նույնիսկ առաջարկեց «Կոկա-կոլային»՝ իր երդվյալ թշնամուն, գնել ընկերությունը, բայց վերջինս հրաժարվեց:
Ընկերության հետագա ճակատագիրը մազից էր կախված, բայց մի ձեռներեց համոզեց Գուտին` «Պեպսին» վաճառել ոչ թե սովորական, այլ գարեջրի շշերով: Գարեջրի շշերը երկու անգամ մեծ էին, եւ Գուտը մեկ շշի գինն իջեցրեց 10 ցենտով: Երկիրն ապրում էր Մեծ դեպրեսիայի ծանր ժամանակներում, եւ 10 ցենտը գնորդների համար բավականին շոշափելի գումար էր: «Պեպսիի» վաճառքի ծավալները կտրուկ ավելացան:
«Կոկա-կոլան» աճող տագնապով էր հետեւում «Պեպսիի» ծաղկմանը: 1938թ. «Կոկա-կոլան» հայց ներկայացրեց ընդդեմ «Պեպսիի»՝ իր ապրանքանիշի հեղինակային իրավունքները խախտելու մեղադրանքով՝ հայտարարելով, որ «Պեպսին» ապօրինաբար օգտագործել է իրենց կողմից գրանցված «Կոլա» լոգոտիպը:
Սակայն այս անգամ երկու ֆիրմաների նախագահները համաձայնության եկան եւ հաշտության պայմանագիր ստորագրեցին՝ համաձայն որի` նրանք փոխադարձաբար ընդունում էին ապրանքանիշը ԱՄՆ-ի տարածքում օգտագործելու միմյանց իրավունքներն ու դադարեցնում դատական հայցը մեկը մյուսի դեմ:
Բայց «հրադադարը» երկար չտեւեց: «Կոկա-կոլան» «Պեպսիի» դեմ սկսեց դատական հայց ներկայացնել մյուս երկրներում: Կանադայում դատավորը հայցը բավարարեց հօգուտ «Կոկա-կոլայի», իսկ Կանադայի Գերագույն դատարանը՝ հօգուտ «Պեպսիի»:
Քանի որ Կանադան Բրիտանական համագործակցության անդամ էր, «Կոկա-կոլան» դիմեց Համագործակցության Գերագույն դատարան: Սակայն «Պեպսիի» փաստաբանը կարողացավ հասնել այն բանին, որ դատարանը հարցը վճռեց հօգուտ «Պեպսիի»՝ հայտարարելով, որ «կոլա» բառը համընդհանուր գործածության տերմին է:
Թեեւ դատական հայցերը դադարեցին, բայց երկու ֆիրմաները շարունակում էին մեկը մյուսի վրա հարձակումները իրացման շուկայում: Նրանք միմյանց դեմ կռվում էին նաեւ գովազդի միջոցով:
Երկու «Կոլաների» պատերազմը դեռ շարունակվում է:
Ըստ ինտերնետային նյութերի