Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը թույլատրել է, որ Անկարայի դատախազությունը Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննություն սկսի Ազգային հետախուզության ծառայության երկու աշխատակցի նկատմամբ: Թուրքական «Radikal»-ի փոխանցմամբ` Էրդողանն այս թույլտվությունը տվել է 2011թ. հունվարի 21-ին: Անկարայի դատախազությունը հետախուզության աշխատակիցների դեմ հետաքննություն սկսելու համար նախորդ տարի դիմել էր վարչապետին, սակայն մերժում էր ստացել: Նշենք, որ Հրանտ Դինքը սպանությունից մեկ շաբաթ առաջ գրել էր, որ 2004թ. փետրվարի 4-ին իրեն հրավիրել են Ստամբուլի նահանգապետարան, որտեղ մի կին եւ մի տղամարդ իրեն սպառնացել են, քանի որ ինքը մի հրապարակման մեջ նշել է, որ Աթաթուրքի որդեգրած աղջիկը` Սաբիհա Գյոքչենը, հայ է: Դինքի սպանությունից հետո պարզվել է, որ սպառնացողներից մեկը եղել է Ազգային հետախուզության ծառայության Մարմարայի շրջանի պետի տեղակալ Օզել Յըլմազը: