– Պարոն Սայիր, Ձեր ղեկավարած թերթը Թուրքիայում անգլիատառ ամենահեղինակավոր թերթն է: Ե՞րբ այն հիմնվեց: Այսօր տպագիր մամուլն ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնել:
– «Todayգs Zaman»-ը (TZ) «Ֆեզա» ընկերության 4 հրատարակումներից մեկն է` «Զաման», «Թըդեյ Զաման», «Աքսիյոն» եւ «Թուրքական ռիվյուն»: Բացի վերոնշյալ հրատարակումներից, ընկերությունն ունի նաեւ լուրերի գործակալություն` «Ջիհանը»: «TZ»-ըշրջանառությունը սկսեց 2007թ.: Իր գործունեության առաջին տարիներից սկսած այն դարձավ Թուրքիայի ամենամեծ շրջանառություն ունեցող անգլերեն լեզվով հրատարակվող թերթը (տպաքանակի օրական շրջանառությունը կազմում է միջին հաշվով 7000): Այսօր այն արդեն թուրքական 2 տպագիր թերթերից մեկն է, որ հրատարակվում է անգլերենով: Ինչեւէ, բացի տպագիր օրինակից, «TZ»-ն ինտերնետային հրաշալի կայք ունի, եւ, բնականաբար, թերթում հրապարակված բոլոր հոդվածները տեղադրվում են այդ կայքում: Նրանք, ովքեր հետաքրքրվում են, թե ի՞նչ է կատարվում Թուրքիայում, հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ այդ մասին: Բացի այդ հանգամանքից, նորություններ ենք տեղադրում նախորդ մի քանի րոպեներին կատարված իրադարձությունների մասին: «TZ»-ի ամենաուժեղ ասպեկտը նորություններն են: Զգայուն եւ հակասական թեմաների մասին լուրերը տալիս ենք դետալ առ դետալ, ամենայն մանրամասնությամբ, ինչպես, օրինակ, թերթը հանգամանորեն լուսաբանեց «Էրգենեկոնի» ահաբեկչական կազմակերպության դեպքը, որը սերտորեն կապված է թուրքական ժողովրդավարության ապագայի եւ Թուրքիայում տեղի ունեցող բարեփոխումների հետ: Մենք ունենք նաեւ տարբեր կողմերի քաղաքական, կրոնական եւ էթնիկ սպեկտրի սյունակագիրներ եւ աջակիցներ` ներառյալ հայեր եւ քրդեր: Կարծում եմ` թերթը հատկապես օտարերկրացիների համար տեղեկատվություն ստանալու լավագույն միջոցն է: Մեր ընթերցողները Թուրքիայում գտնվող դիվանագետներն են, զբոսաշրջիկները, գործարարները, գիտնականներն ու ուսանողները: Չնայած դրան, աշխարհի մյուս բոլոր թերթերի պես` ունենք միանման խնդիրներ: Թուրքիայի` սրընթաց զարգացող տնտեսության, բնակչության մեծ թիվը հաշվի առնելով` մանեւրելու պատճառներ ունենք, որոնցից մեկը թերթի տպաքանակը մեծացնելն է: Իհարկե, կարեւորություն ենք տալիս նաեւ թերթի ինտերնետային տարբերակին, բայց պետք է նկատեմ, որ ինտերնետային լրագրությունն արեւմտյան երկրների համեմատ դեռեւս տկար է Թուրքիայում` աշխատակազմի, գովազդների եւ այլ գործոնների առումով:
– «Զամանը», լինելով Թուրքիայի ամենամեծ մեդիա խմբերից մեկի, այսպես ասած` անդամը, ինչպես «Դոգան» մեդիա խումբը, ի՞նչ ազդեցություն ունի քաղաքական եւ հասարակական իրադարձությունների կամ տեսակետների ձեւավորման վրա:
– «Զամանն» ամենամեծ շրջանառություն ունեցող թուրքական օրաթերթն է, որի օրական շրջանառությունը 1 միլիոն է: Հաջորդ մեծ շրջանառություն ունեցող թերթը «Պոստան» է` 500.000 տպաքանակով: 1986-ից տպագրվող «Զամանը» հասարակական տեսանկյունից` պահպանողական, իսկ քաղաքական առումով` պրոգրեսիվ է: Դա նշանակում է` հարգել կրոնը, ընտանիքը, էթնիկ եւ ավանդական արժեքները եւ այլն: Այն նաեւ աջակցում է բարեփոխումների գործընթացին, որը միտված է Թուրքիայի ժողովրդավարացմանը, ազատության ընդլայնմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ այլն: Թուրքիայի` Եվրամիության անդամ դառնալու գործընթացի աջակիցներից մեկը «Զամանն» է, որը կարող եմ բնութագրել որպես Թուրքիայի թերթ: Այն հասանելի է հասարակության յուրաքանչյուր հատվածին: «Զամանը» ներկայացնում է լուրջ լրագրություն` տեղ չտալով սենսացիոն բնույթի նորություններին, կոնֆլիկտի երկու կողմերին առաջարկելով երկխոսություն: Թերթն, իրավամբ, շատ կարեւոր դերակատարում ունի Թուրքիայում: Թերթի ընթերցողների շրջանում մեծ թիվ են կազմում երիտասարդները: Եթե նկատենք, որ Թուրքիայի 74 միլիոն բնակչության գրեթե 75%-ը 35 տարեկանից ցածր են, կնշանակի, որ թերթն արդեն սովորույթ, ինչո՞ւ չէ` նաեւ ավանդույթներ է ձեւավորում Թուրքիայի ապագայի համար: Դա նշանակում է, որ մենք կլինենք ավելի ժողովրդավար, ավելի բաց եւ ավելի գունեղ Թուրքիայի ապագայում: Այդ իմաստով «Զամանն» ու նրա ընթերցողներին ես տեսնում եմ որպես հասարակական փոփոխությունների գլխավոր շարժիչը Թուրքիայում, որը փորձում է, այսպես ասած` դուրս լողալ այն ոչ նորմալ ժողովրդավարությունից, որ իշխում էր 1923-ից ի վեր ռազմական խնամակալությունների կողմից:
– Իսկ ի՞նչն է փոխվել ռազմականացված Թուրքիայում:
– Ինչպես վերը նշեցի, Թուրքիայում ռազմական ուժերը մեծ դերակատարում ունեին: Մենք ունեինք 5 ռազմական միջամտություններ, որ ճակատագրի հեգնանքով տեղի ունեցան այն ժամանակ, երբ Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ: Հատկապես 1990թ. երկրորդ կեսին Թուրքիան սկսեց փոփոխությունների ծրագիրը` ներառելով տնտեսությունն ու ԶԼՄ-ները: 2000թ. ընթացքում Եվրամիության անդամ դառնալու գործընթացը սկսեց արագանալ: Կարծում եմ` նոր սահմանադրությունը կկարգավորի զինվորականության դերը, ինչպես ընդունված է արեւմտյան երկրներում: «Էրգենեկոնի» դեպքը պարզորոշ հաղորդագրություն էր այն մասին, որ եթե որեւէ մեկը հակաժողովրդավարական մեթոդներով փորձ կանի տապալել կառավարությունը, դատապարտված է:
– Այնուամենայնիվ, քաղաքական հովանավորչությունը որքա՞ն տարածում ունի թուրքական ԶԼՄ-ներում: Ընթերցողը թերթը գնելիս միշտ փնտրում է գլխավոր հարցի պատասխանը` ո՞վ է թերթի հովանավորը կամ ի՞նչ քաղաքական պատվեր են կատարում:
– Թուրքիայում չենք կարող խոսել քաղաքական հովանավորչության մասին: Քաղաքական կուսակցությունները չեն կարող մուտք ունենալ ԶԼՄ-ներում: ԶԼՄ-ները եկամուտ գլխավորապես ստանում են գովազդներից: Թուրքիան զարգացած տնտեսություն ունի, եւ գովազդային շուկաներն ընդլայնվել են: Մասնավոր ընկերություններից բացի, հասարակական ինստիտուտները եւս գովազդային մատակարարներից են: Անշուշտ, քաղաքական կուսակցությունները գովազդներ պատվիրում են ընտրական ժամանակահատվածում, ինչը մասնավոր ընկերությունների գովազդների համեմատ կազմում է ոչ մեծ թիվ: 1990թ. Թուրքիան բավական վատ փորձ ուներ քաղաքական կուսակցությունների եւ ԶԼՄ-ների միջեւ հարաբերությունների համատեքստում, որն ավարտվեց շուրջ 40 միլիարդ դոլար կաշառակերությամբ: Թուրքիայում ԶԼՄ-ների հետ հարաբերություններն ավելի թափանցիկ են դառնում:
– Որքանո՞վ են ԶԼՄ-ներն ազատ Թուրքիայում: Թերթը քանի՞ դատական գործ ունի, եւ ի՞նչ տաբու թեմաներ կան թուրքական ԶԼՄ-ների համար:
– ԶԼՄ-ների ազատության հարցը ամենաթեժ թեմաներից մեկն է Թուրքիայում: «Freedom House»-ի վերջին զեկույցը մատնանշում է այդ խնդիրը: Իհարկե, անցյալի համեմատ ակնհայտ է, որ բավական մեծ քայլեր են արվել: Դուք կարող էիք տեսնել շատ հարցեր, որոնք տաբու էին նախկինում: Դրանցից մեկը քրդական հարցն է, 1915թ. եւ զինվորականության հարցերը, որոնք ազատորեն քննարկվել են ԶԼՄ-ներում: Անցյալի համեմատ ավելի քիչ լրագրողներ են գտնվում բանտերում, ովքեր արել են ավելին, քան իրենց մասնագիտական պարտականությունն է, լրագրությունը: Օրինակ, լրագրողներ Ահմեդ Սիքի եւ Նեդիմ Սեների մասին վերջին դեպքը, ովքեր, ըստ Դատախազության` կապված էին «Էրգենեկոնի» ցանցին: Սա պատմության տխուր կողմն է: Մյուս կողմից էլ` լրագրողների դեմ հազարավոր դատական գործեր են հարուցվում: Սա պատմության գլխավոր մասն է: Միայն «Զամանի» լրագրողներն ունեն ավելի քան 500 դատական գործ: Գլխավոր պատճառը հարցի «հետաքննության գաղտնիության խախտումն է» («Էրգենեկոնի» դեպքը): Մի շարք դատախազներ ինքնաբերաբար դատական գործեր հարուցեցին լրագրողների դեմ, ովքեր գրում էին «Էրգենեկոնի» դեպքի մասին: Դա մեդիա արշավ էր այն լրագրողների դեմ, ովքեր գրում էին «Էրգենեկոնի» դեպքի կարեւոր մանրամասները: Ոստիկանության կողմից առգրավված փաստաթղթերը ցույց են տվել ԶԼՄ-ների ռազմավարությունը: Այն անվանվեց «Մեդիա ծրագիր 2010»: Անշուշտ, շատ կարեւոր է իմանալ նաեւ թուրքական լրագրության անցյալը: Երբ մենք խոսում ենք մամուլի ազատության մասին, քննադատում ենք նաեւ ինքներս մեզ: Դժբախտաբար, թուրքական ԶԼՄ-ները շատ վատ պատմություն ունեն, որը վկայում է ռազմական ուժերի դերի մասին: ԶԼՄ-ները լուրեր են տպագրում, որոնք հարթվել են 1960, 1971, 1980,1997 եւ 2007 թթ. միջամտությունների ճանապարհով: Հիշողությունները դեռեւս թարմ են. այն, թե ինչպես էին լրագրողներից շատերը հոդվածներ գրում գեներալների պատվերներով, թե ինչպես էին շատերը գեներալների պատվերով հարձակվում իրենց գործընկերների վրա: Ճակատագրի հեգնանքով այժմ նրանցից ոմանք պահանջում են մամուլի ազատության հերոսի կոչումներ: Մենք հիշում ենք, թե նախքան սպանությունը Հրանտ Դինքն ինչպես էր քարկոծվում մի շարք թերթերի եւ լրագրողների կողմից: Թուրքիան ավելի ժողովրդավար եւ բաց դառնալու ճանապարհին է: Բարեփոխումների այս համատեքստում ԶԼՄ-ները եւս բացառություն չեն:
– Մի քանի շաբաթ առաջ Դուք աշխատանքից հեռացրեցիք Թուրքիայում ամենահայտնի լրագրողներից մեկին` Անդրոու Ֆինկելին, ով թուրքական թերթերից մեկում քննադատական հոդված էր հրապարակել սեփական թերթի մասին: Դա խոսքի ազատության սահմանափակում չէ՞:
– Մեր գլխավոր խմբագիրը պարզորոշ գրել էր, թե ինչու է աշխատանքից ազատում Անդրոու Ֆինկելին: Ինչպես գիտեք, ցանկացած խմբագիր իրավունք ունի աշխատել կամ չաշխատել այս կամ այն լրագրողի կամ սյունակագրի հետ, համագործակցե՞լ նրանց հետ, թե՞ ոչ: Նախքան այդ` մենք հրապարակել էինք նրա նման գաղափարները: Այժմ Ֆինկելը աշխատում է «Տարաֆ» օրաթերթում: Մենք դեռ ունենք մի շարք սյունակագիրներ, ովքեր քննադատում են շատ երեւույթներ` ներառյալ մեր խմբագրական դիրքորոշումները:
– Արդյո՞ք Թուրքիայի ժողովրդավարացումը պայմանավորված է Եվրամիության անդամ դառնալով: Ի՞նչ կտա Թուրքիային ԵՄ անդամ դառնալը:
– Եվրամիությանն անդամագրվելու գործընթացը նպաստում է Թուրքիայի` ավելի շատ ժողովրդավարացմանը: Բոլոր կարեւոր բարեփոխումներն իրականացվում են ԵՄ գործընթացի շրջանակներում: Որքան Թուրքիան ավելի ժողովրդավար եւ բաց դառնա, այնքան նոր որակ կկրի կյանքի յուրաքանչյուր ոլորտի հետ հարաբերությունները: Դժբախտաբար, բանակցային գործընթացը ԵՄ-ի հետ դանդաղում է` եվրոպական մայրաքաղաքների կողմից դրված երկակի ստանդարտների պատճառով: ԵՄ-ի անդամ դառնալու ձգտումը նվազում է: Բայց կարծում եմ, որ ԵՄ-ի բոլոր բարեփոխումները ձեւափոխել են Թուրքիան` ապագայի համար ներքին գործոնները դարձնելով առավել արդյունավետ: Չնայած դրան, դեռ պարզ չէ, թե արդյոք ԵՄ-ն կընդունի՞ Թուրքիային, թե՞ ոչ, բայց մի բան հստակ է` Թուրքիան կպնդի գործընթացի շարունակելիությունը եւ կդառնա ԵՄ անդամ երկիր:
Շարունակելի
Ստամբուլ-Երեւան