Հելլադայի դիվանագիտական որոգայթները։ Հայացք XXI դարից

05/05/2011 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Թերմոպիլեն` մեր աչքերով

Այդ հերոսապատումի մասին գրելիս Պլուտարքոսն ասել է. «Լեոնիդասը հրամայեց իր զինվորներին նախաճաշել եւ հայտարարեց, որ նրանք կճաշեն Հադիսում»: Այսինքն` անդրշիրիմյան աշխարհում: Թագավորը հանգիստ հայտնում է, որ գնում են մեռնելու: Ըստ էության, 300 սպարտացիներն առանց այլեւայլի հանդես են գալիս որպես մահապարտներ, միանգամայն գիտակցաբար` սպարտայական դաստիարակության եւ մենթալիտետի համաձայն: Նրանք պատրաստ են մեռնել, ինչը միանգամայն տեղավորվում է սպարտացու աշխարհայացքի եւ փիլիսոփայության շրջանակներում, քանզի ամենափոքր հասակից երեխային ներարկվում է անսպասելի եւ վաղաժամ մեռնելու սեւեռուն գաղափարը, անշուշտ, ռազմի դաշտում, սուրը ձեռքին` հանուն հայրենիքի: Լեոնիդասը եւ իր զինվորները գնում էին հաղթելու, բայց հաղթելու` զոհվելու գնով: Նրանք քաջ գիտակցում էին, որ փակել պարսկական անհամար հորդայի ճանապարհը իրենք, վերջիվերջո, ֆիզիկապես անկարող են, գիտեին նաեւ գաղտնի արահետի տեղը եւ կարող էին հեռանալ: Ոչ, նրանք ուզում էին մեռնել, որը ծրագրավորված էր ի սկզբանե` դառնալով նրանց գործելու եւ կռվելու ալգորիթմը: Սա վերածվում էր զուտ մարտիրոսվելու տենչանքի: Եվ նրանք ընդառաջ էին գնում մահվան, այնքան հանգիստ, այնքան սիրահոժար, ասես սպասում էին մի բանի, ինչը փնտրել էին ողջ կյանքում, ինչին ձգտել էին: Թերեւս այս հոգեվիճակն է նկատի ունեցել նշանավոր անտիկ պոետ Հորացիոսը, երբ գրել է. «Dulce et decorum est pro patria mori-«Մահը հանուն հայրենիքի անուշ է, չքնաղ»:

Թերմոպիլեն ունիկալ, հոգեբանական բարդ ֆենոմեն է, որը կրկնվելու էր պատմության մեջ, անկախ այդ վիճահարույց վարկածից` պատմությունը կրկնվում է, թե ոչ: Դրա նմանակն էր ճապոնական կամիկաձեն, որը թարգմանվում է` «աստվածային քամի» կամ «ոգու քամի»: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղ գտած այդ երեւույթը, ըստ վերջերս եղած որոշ հրապարակումների, ունեցել է իր խորհրդային տարբերակը եւս, երբ ինքնաթիռներն ուղարկում էին գերմանական խորը թիկունք, նրանց տալով այնքան վառելիք, որքան բավարար էր թռիչքի մի կողմի համար:

Ե՛վ Հունաստանում, եւ՛ ծագող արեւի երկրում մենք գործ ունենք գաղափարապես պատճառաբանված, թույլատրված եւ վավերացված, ինքնասպանության հետ: Այն հավասարազոր է սուիցիդալ` ինքնասպանության բարդույթի: Ե՛վ սպարտացիների, եւ՛ կենդանի դինամիտի վերածված օդաչուների համար շարժառիթը նույնն է. անմնացորդ նվիրվածություն եւ հավատարմություն պետության բացարձակ դիկտատին: Երկու դեպքում էլ անձնազոհության գնացողները համոզված են, որ գործ ունեն թշնամու հետ, որը չարի բացարձակ մարմնացումն է, որի դեմ հարկ է կիրառել ծայրահեղ միջոցներ, ներառյալ` սեփական կյանքի զոհաբերությունը, որը միանգամայն բնական է, տրամաբանական ու օրինական, եւ ոչ այլ ինչ է, եթե ոչ` հերոսական արարք: Նրանց համար դիմադրողականության ոգին, հայրենի տունը պաշտպանելու հրամայականն ունի նույն կենսական արժեքը, ինչ զոհաբերվելը: Միայն թե այդ զոհաբերությունը վերաբերում է ամենաթանկ բանին, որի անունն է` կյանք:

Իսկ ի՞նչ ընդհանրություն կարելի է գտնել թերմոպիլեցիների, կամիկաձե-օդաչուների եւ այսօրվա ահաբեկիչ-մահապարտների միջեւ, որոնք մահ են սփռում Նյու Յորքում, Մոսկվայում, Լոնդոնում, Փարիզում եւ քաղաքակրթության այլ կենտրոններում: Բացարձակապես ոչ մի: Մի կողմ թողնելով տնտեսական, քաղաքական, կրոնական, էթնիկական եւ մյուս շարժառիթները, իմ կարծիքով, ժամանակակից մահապարտներին, բոլորին անխտիր, հատուկ է վառ արտահայտված հոգեկան պաթոլոգիան: Իսկ ամենամեծ տարբերությունը հին եւ նոր մահապարտների մեջ կայանում է նրանում, որ առաջինները զոհվում էին` կործանելով դիմացինի ռազմական ուժը` հայրենիքի թշնամուն, իսկ ժամանակակից մահապարտը դասական հանցագործ է, ով հեռանալով, իր կարճ խելքով, երկնային երանություն, իր հետ տանում է բոլորովին անմեղ մարդկանց` կանանց, ծերերի եւ երեխաների:

Սպարտան իր ամբողջության մեջ հմայել է տոտալիտար եւ ավտորիտար ռեժիմներին, մասնավորապես` Հիտլերին եւ նրան շրջապատող նացիոնալ-սոցիալիստներին: Ֆաշիստներին գրավել է սպարտայական երկաթյա կարգապահությունը, զինվորական հիերարխիան, պետության եւ պետականության գերակայությունը անհատի եւ անհատականության համեմատ: Եվ, իհարկե, նացիստներին հիացրել է Թերմոպիլեն: Ստալինգրադյան ճակատամարտի օրերին ռեյխսմարշալ Գերման Գերինգը շրջափոխելով 300 հերոսների դամբանագրի հայտնի խոսքերը, որոնց հեղինակը նշանավոր պոետ Սիմոնիդեսն է, դիմել է վերմախտի զինվորներին. «Եթե լինեք Գերմանիայում, պատմեք նրանց (գերմանացիներին.- Ա.Ն.), թե ինչ եք դուք տեսել, թե ինչպես ենք մենք կռվել Ստալինգրադում` խոնհարհվելով պատվի եւ պատերազմի օրենքի առաջ»: Իսկ Մարտին Բորմանը պնդում է, որ Հիտլերը բունկերում` վերջին անգամ նշելով իր ծննդյան տարեդարձը, կոչ է արել զինակիցներին «պարզապես հիշել Լեոնիդասին եւ նրա երեք հարյուր սպարտացիներին»: Ալֆրեդ Ռոզենբերգի եւ նացիստական մյուս գաղափարախոսների ջանքերը` գտնել ընդհանրություններ եւ նմանության եզրեր սպարտացու եւ ֆաշիստի կենսահայեցողության եւ կենսափիլիսոփայության միջեւ, հիմքում սխալ է: Մոլորություն է նաեւ Ստալինգրադի եւ Թերմոպիլեի կործանման պատճառահետեւանքային գործոնները նմանացնելը: Թեկուզ այն պարզ պատճառով, որ Սպարտան կարեւոր մաս կազմելով դեմոկրատական Աթենքի (չնայած Սպարտայում այդ պահին իշխանության գլուխ էին կանգնած օլիգարխները)` կյանքի եւ մահու կռիվ էր մղում տոտալիտար ռեժիմի, էքսպանսիոնիստական Պարսկաստանի դեմ: Դա անողոք պայքար էր բարու եւ չարի, տարբեր քաղաքակրթությունների, տարբեր կուլտուրաների միջեւ: Այստեղ վճռվում էր Եվրոպայի հետագա ճակատագիրը եւ զարգացման ուղին: Մինչդեռ ֆաշիստական Գերմանիան փորձում էր զավթել ողջ Եվրոպան, Ասիան էլ հետը: Ի՞նչ ընդհանրության մասին կարող է խոսք լինել նրա եւ Հելլադայի միջեւ: Ոչ մի:

…Գանք Հայաստան: Ունեցե՞լ ենք արդյոք Թերմոպիլեին հավասարազոր հերոսապատումներ: Ունեցել ենք, այն էլ` ոչ մեկը:

481 թվական, ամառ: (Խոսքը նոր թվարկության մասին է): Պարսից 7 հազարանոց բազմավարժ, արյունարբու բանակը, որը մասնակցել էր Ավարայրի ճակատամարտին, մարզպան Ավրշնասպի հրամանատարությամբ գալիս է փոքրաթիվ ապստամբած հայերին պատժելու: Վահան Մամիկոնյանը ժողովել էր ընդամենը 400 հեծյալ: Հայերը դիմեցին խորամանկ մանեւրի: Բաց դաշտում կռվելուց խուսափելու նպատակով հակառակորդին քաշեցին Ակոռի գյուղի բարձրադիր տեղանք, որը Մասիսի լանջին է: Կենտրոնի հեծյալները սկսեցին պաշտպանվելով դանդաղ նահանջել, իսկ երբ պարսիկները խորացան հայկական շարքերի մեջ, թեւերից աքցանի մեջ առան նրանց: Այնժամ, հայկական այրուձին, աշխարհի լավագույններից մեկը համարվող ռազմական ուժը, անցավ կատաղի գրոհի: Ինչպես Թերմոպիլեում Քսերքսեսին սպարտացիներն էին խելահեղներ թվում, այնպես էլ նրա ժառանգներին խելահեղ էին թվում հայերը: Պարսիկները չդիմացան, բայց եւ հնարավորություն չունեցան նահանջել: Ծայր առավ մի իսկական կոտորած: Դրությունը չփոխվեց անգամ այն ժամանակ, երբ Գարջոյլ Խորխոռունին հարյուր հեծյալներով անցավ թշնամու կողմը: Հայկական այրուձին շարունակեց պարսկական մսաղացը: Պարսից հրամանատարությունը մարզպանով հանդերձ ընկավ: Այսպիսով, 300 հայ ռազմիկները (այն բանակ էլ չես անվանի), հիմնովին ջախջախեցին պարսկական 7 հազարանոց բանակը, կրկնելով հույների քաջագործությունը: Սակայն հայերի եւ հույների մեջ մի մեծ տարբերություն կար: Ինչպես նշում է Համլետ Դավթյանը` իր` «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» հրաշալի գրքում` «նրանք զոհվելու համար չմտան մարտի մեջ, այլ հաղթելու»: Սա մեր նախնիներին մեծապես տարբերում է եւ՛ սպարտացիներից, եւ՛ կամիկաձեներից: Բացահայտում է մեր ազգի բարձր բարոյական հատկանիշները, կենսունակությունը եւ հոգեկերտվածքի առավելությունները: Պատմահայր Եղիշեն հենց այնպես չի ասել, թե իմացյալ մահը անմահություն է:

Մեկ տարի անց հայերը եւս մի փառապանծ հաղթանակ են տանում Ներսեհապատ գյուղի մոտ, Ավարայրից ոչ հեռու, 30 հազարանոց զորքով գլխովին ջախջախելով մի քանի անգամ իրեն գերազանցող պարսկական զորքերին:

Թող ազգային սնապարծություն չհամարվի (հեղինակը հեռու է այդ հիվանդությունից, որի անունն է` էթնոցենտրիզմ), եթե զուտ թվարկվեն հայկական հերոսապատումի մի քանի օրինակներ եւս: «Արյան լճի» ճակատամարտ (852 թ.)` Գուրգեն իշխանի 900 հոգանոց ջոկատը պարտության է մատնում արաբ Բուղայի 15.000 զորքը: 921 թ. Սեւանի կղզում Աշոտ II թագավորը 70 ռազմիկներով ճեղքում է արաբների բազահազարանոց բանակի օղակը: Նրան հաջողվում է դա անել հիմնականում իր նետահարների շնորհիվ, որոնք ալիքների կատարներին պարող մակույկներից դիպուկ նետահարում էին թշնամու զինվորների աչքերը: Իրեն անմահությամբ պսակեց Գեւորգ Մարզպետունին, ով 20 հոգով պարտության մատնեց Բեշիր զորավարին: Հայերը շատ են պաշարվել: Միգուցե սա է պատճառը, որ մեծ փորձ են ձեռք բերել պաշարման օղակը ճեղքելու գործում: Այդպիսի նշանավոր մի ճեղքում եղել է 1727 թ., երբ 300 հոգի (այս թիվը, երեւի, հերոսների սիրած թիվն է) ավերեցին Հալիձորի շուրջը թուրքերի կանգնեցրած պատնեշները, դուրս եկան բաց դաշտ եւ ջարդեցին նրանց:

Անշուշտ, ամեն ժողովուրդ ունի իր Թերմոպիլեն այս կամ այն ձեւով: Ռուսական զորքերի հաղթանակը Պլեւնայի եւ Շիպկայի լեռնանցքներում 1877-ի ձմռանը: Բրեստի պաշտպանությունը Հայրենական Մեծ պատերազմի առաջին օրերին… Թվարկումը կարելի է շարունակել:

Շատ հերոսապատումներ հայտնի են մարդկությանը: Ինչ վերաբերում է 300 սպարտացիներին, նրանք մտել են համաշխարհային պատմության գանձարանը: Մի քանի դար շարունակ նրանց անդրադարձել են նշանավոր գրողները, երաժիշտները, նկարիչներն ու քանդակագործները` անմահացնելով նրանց իրենց գլուխգործոցներում: Սպարտացիներն անգամ մտել են մարդկանց կենցաղի մեջ. բելգիական Leonidas հայտնի ֆիրման արտադրում է մեծ տարածում գտած շոկոլադ` Սպարտայի հերոսի պատկերով: Իսկ ո՞վ է տեղյակ Ակոռիսի կամ մյուս հերոսապատումներին: Երեւի միայն Հայաստանի ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի մասնագետները: Իհարկե, կարելի է բելգիական շոկոլադի փոխարեն ուտել «Գրանդ Քենդի»: Դա սարսափելի չէ: Շատ էլ համեղ է: Իսկ որ աշխարհն անտեղյակ է, որ մենք էլ ենք ունեցել մեր թերմոպիլեները, տխուր է: Իսկ ո՞ւմ մեղքն է դա…

Շարունակելի