Լոս Անջելեսի FOX հեռուստաընկերությունը երկու օր անընդմեջ ուղիղ եթերով Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցազրույցի էր հրավիրել Հարութ Սասունյանին: Առաջինը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, հեռուստակայանի երեկոյան լուրերի ծրագրի ժամանակ, եւ տեւեց հինգ րոպե, իսկ երկրորդը` ավելի քան վեց րոպե տեւողությամբ, տեղի է ունեցել հաջորդ օրը` ապրիլի 25-ին, «Good Day LA» շոուի ժամանակ: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ այդ երկու հարցազրույցներից:
Ապրիլի 24, 2011թ.
– Այսօր Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցն է: Այն շատերիս համար նաեւ մի տեսակ շփոթություն առաջացնող հարց է, քանի որ ամերիկահայերը ցանկանում են, որ նախագահն ասի, հայտարարի, որ դա Ցեղասպանություն էր: Սակայն, քիչ առաջ, նախքան լուրերի թողարկմանը մասնակցելը, Դուք ասացիք, որ իսկապես կարեւոր չէ` նախագահը կասի՞ այն, թե՞ ոչ: Ինչո՞ւ:
– Որովհետեւ մենք արդեն մի այլ նախագահ ենք ունեցել` Ռոնալդ Ռեյգանը, որը 30 տարի առաջ` 1981թ., իր նախագահական Հռչակագրում նշել է Հայոց ցեղասպանություն բառերը: Բացի այդ, Հայոց ցեղասպանությունը հիշատակող երկու բանաձեւ ունենք, որոնք Կոնգրեսի կողմից ընդունվել են 1975 եւ 1984 թվականներին:
– Մարդիկ, որոնք ծանոթ չեն 1915թ. Ցեղասպանությանը, կարող են հարցնել` ուրեմն ինչո՞ւ եք բողոքում թուրքական հյուպատոսության առջեւ:
– Մենք պարզապես ցանկանում ենք, որ նախագահը եւ ցանկացած այլ քաղաքական գործիչ իմանա, որ եթե նա մեզ մոտ գալիս է որպես թեկնածու, (դատարկ) խոստումներ է տալիս եւ հետագայում` մեր ձայներով ու գումարներով ընտրվում, ապա մենք մտադիր չենք լուռ մնալ, մենք պատրաստվում ենք մեր անհամաձայնությունն արտահայտել եւ ամեն ինչ անել, որ նա չվերընտրվի:
– Ուրեմն, այնքան էլ բավարար չէ ունենալ միայն նախագահ Ռեյգանի հռչակագիրը, ունենալ Արդարադատության նախարարության 1951 թվականի փաստաթուղթը, որտեղ գրված է, որ այն Ցեղասպանություն էր: Դուք ցանկանում եք, որ այն հաստատվի՞ ներկայիս վարչակազմի կողմից:
– Լավ կլինի, որ նրանք հաստատեն, սակայն մենք փորձում ենք ուղերձ հղել նախագահին եւ բոլոր քաղաքական գործիչներին, որ եթե նրանք խոստում են տվել մարդկանց, ապա պարտավոր են կատարել իրենց խոստումը: Չես կարող կեղծ խոստում տալ, վերցնել նրանց գումարները, նրանց քվեները, իսկ հետո այնպես վարվել, որ կարծես թե ոչինչ չի պատահել: Նրանք թանկ կվճարեն դրա համար: Մենք պետք է ամբողջովին փոխենք քաղաքական խեղկատակությունն այս երկրում, որտեղ հանգիստ ստում են հասարակությանը:
– Իմանալով, որ Թուրքիան ԱՄՆ ռազմավարական դաշնակիցն է, արդյո՞ք Դուք ակնկալում եք, որ որեւէ նախագահ, այժմ կամ հետագայում, դուրս կգա եւ կասի, որ «Օսմանյան կայսրությունը հայերի դեմ Ցեղասպանություն է իրագործել»:
– Մեծ տարբերություն կա քաղաքականության եւ պատմական փաստերի միջեւ: Պատմական փաստերը չեն փոխվում ժամանակի ընթացքում: Եթե իրադարձությունը տեղի է ունեցել, ուրեմն այն տեղի է ունեցել… Այսպիսով, մեր դաշինքները կամ հարաբերությունները, լավ կամ վատ, չպետք է ազդեն պատմական իրողությունների վրա:
– Երեկ հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը ռինգում հայտնվել էր գոտու վրա գրված մեծ թվանշաններով` «1915», իսկ բլոգերը մարզական բլոգում գրել էր. «Եթե դուք չեք լսել Հայոց ցեղասպանության մասին …» եւ այնուհետեւ սկսել էր բացատրել դրա մասին: Արդյո՞ք Ձեզ չի նեղացնում, որ ամերիկահայերից զատ, այդքան շատ մարդ իրականում անտեղյակ է դրա մասին:
– Դա ինձ այնքան էլ չի նեղացնում, որովհետեւ մարդկանց մեծ մասն աշխարհի մասին շատ բան չգիտի: Նրանք այնքան էլ մոտիկից չեն հետեւում լուրերին, ինչպես մեզանից ոմանք: Ինձ ավելի շատ մտահոգեց այն, որ լրատվական թողարկման սկզբում Դուք ասացիք` «Հայերը պնդում են, որ դա Ցեղասպանություն էր»: Հայերը չեն պնդում Ցեղասպանությունը: Ամբողջ աշխարհը գիտի, որ Ցեղասպանություն է եղել. հարյուրավոր պատմաբաններ, ԱՄՆ 43 նահանգները, Կոնգրեսը` երկու անգամ, նախագահ Ռեյգանը, 25 տարբեր պետություններ խորհրդարանական որոշումներ են ընդունել: Եվ միայն այն պատճառով, որ այն ժխտում է Թուրքիան` ոճրագործ վարչակարգի իրավահաջորդը, այն չի դարձնում մերկապարանոց հայտարարություն կամ պնդում: Դա պատմական փաստ է: Թուրքիան քաղաքական պատճառներով չի ցանկանում առերեսվել իր սեփական պատմության հետ:
– Ես կարծում եմ, որ այդպես գրված էր մեզ մոտ, եւ այդպես հաղորդելով` մենք նպատակ ունեինք ցույց տալ հայերի եւ թուրքերի միջեւ առկա հակադրությունը: Ընդ որում, Ձեր դիտողությունն ընդունված է: Շնորհակալություն ուղղման համար:
Ապրիլի 25, 2011թ.
– Երեկ ամբողջ աշխարհում 1915 թ. Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններ կայացան. մի շատ վիճահարույց պատմական իրադարձություն, գուցե 1.5 միլիոն մարդ է մահացել կամ սպանվել դրա արդյունքում: Մենք ամեն տարի դա նշում ենք: Հարցի էությունը հետեւյալն է. ԱՄՆ կառավարությունը, ներկայիս նախագահը, նախորդ նախագահը, նրա նախորդը, բոլորը նախընտրական շրջանում մեծ-մեծ հայտարարություններ են անում, ասելով, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի որպես Ցեղասպանություն, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա Հոլոքոստը: Երեք նախագահներն էլ նախընտրական խոստում են տվել, երեքն էլ պաշտոնը ստանձնելուց հետո Թուրքիան դիտել են որպես խիստ անհրաժեշտ դաշնակից Մերձավոր Արեւելքում եւ չեն կատարել իրենց խոստումը:
– Ընդհանուր առմամբ, բոլոր քաղաքական գործիչները տարբեր թեմաների վերաբերյալ տված իրենց խոստումները կատարելու առումով շատ վատն են: Սակայն, երբ խոսքը վերաբերում է այս թեմային, ապա այստեղ առկա է փոքր-ինչ տհաճ իրավիճակ, որտեղ մարդիկ քաղաքականությունը շփոթում են պատմության հետ: Կարող եք Թուրքիայի հետ մնալ որպես լավ բարեկամներ, լավ դաշնակիցներ, սակայն, միեւնույն ժամանակ, չխեղաթյուրել պատմական փաստերը… Այսպիսով, մենք չպետք է քաղաքականությունն ու պատմությունը խառնենք: Պետք է արդարացի լինել փաստերի հանդեպ, բայց կարելի է նաեւ շարունակել բարեկամներ մնալ, առեւտուր անել եւ պահպանել ռազմական հարաբերությունները:
– Թույլ տվեք պարզապես սատանայի փաստաբանի դեր խաղալ, իբրեւ թե այժմ ես ներկայացնում եմ նախագահին: Այո, ճիշտ է, բայց այս պահին, իմ տեսանկյունից, մենք այնպիսի վիճակում ենք, որ մենք չենք ցանկանում վիրավորել Թուրքիային, եւ նրանք հստակորեն հասկացրել են մեզ, որ խիստ կվիրավորվեն դրանից:
– Առաջին հերթին դա կատարվել է Օսմանյան կայսրության եւ ոչ թե Թուրքիայի Հանրապետության կողմից, որն այն ժամանակ գոյություն չուներ: Երկրորդ, Գերմանիան ոչ մի խնդիր չունեցավ` ճանաչելով նացիստական վարչակարգի կատարածը: Որեւէ պատճառ չկա, որը ժամանակակից Թուրքիային խանգարի ճանաչել այն, ինչ կատարվել է իր նախորդի կողմից….
– Տարիների ընթացքում Թուրքիան մեզ համար ավելի ու ավելի կարեւոր է դառնում:
– Այն ավելի կարեւոր է դառնում, սակայն վերջերս մեզ համար նաեւ մեծ փորձանք է դառնում, քանի որ նրանք ավելի շատ վերածվում են արմատական իսլամական վարչակարգի եւ ուժեղացնում իրենց կապերը Իրանի, Սիրիայի եւ այլ արմատական վարչակարգերի հետ:
– Ես կարծում եմ, որ վարչակազմը վախենում է, որ եթե ճանաչման քայլ կատարի, դա նրանց ավելի շատ կմղի դեպի այդ ճամբարը:
– Խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքական նկատառումներով մենք զիջում ենք մեր սկզբունքներն ու արժեքները: Մենք պետք է դրանք տարանջատենք: Պետք է ասել` ահա այստեղ փաստերն են, այստեղ` պատմությունը, այստեղ` մեր արժեքները, եւ դուք պետք է դրանք ընդունեք: Որքան շատ ենք գոհացնում բռնակալներին, մարդկանց, որոնք ժխտում են պատմության փաստերը, նրանք ավելի պահանջկոտ են դառնում մեզանից:
– Գիտեք, Օսմանյան կայսրության պատմության մեջ, որն անմիջապես դրանից հետո կործանվեց, թուրքերն ասում են. «Ցեղասպանություն չէր, դա պատերազմի մշուշն էր, մարդիկ մեռնում էին պատերազմից, մարդիկ մեռնում էին հիվանդությունից, այն ծրագրված չէր, ուստի այն Ցեղասպանություն չէր», իսկ դուք ասում եք…
– Հարյուրավոր պատմաբաններ, Հոլոքոստի եւ Ցեղասպանության փորձագետներ միասնական նամակ են ստորագրել` ասելով, որ այն Ցեղասպանություն էր: Մենք դատական գործեր ունենք, Միավորված ազգերի կազմակերպություն, Եվրոպական պառլամենտ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բազմաթիվ երկրներ, ԱՄՆ նահանգները եւ նախագահ Ռեյգանը ասել են, որ դա Ցեղասպանություն էր:
– Գիտեմ, որ ճանաչում եք ուզում, եղել է որոշակի ճանաչում, բայց թերեւս ոչ բավարար: Ուրիշ էլ ի՞նչ եք ուզում:
– Իրոք, այն, ինչ մենք ուզում ենք, ճանաչումը չէ, որովհետեւ իմ տեսանկյունից` աշխարհը գիտի, որ դա Ցեղասպանություն էր: Որոշ մարդիկ չեն ուզում այն հրապարակավ ասել: Սակայն, այն, ինչ մենք իրոք ուզում ենք, հետեւյալն է… մենք շատ ենք կորցրել, բազում սպանվածներից բացի, մենք կորցրել ենք նաեւ մեր մշակույթը, մեր եկեղեցիները, մեր հողերը եւ մեր անձնական ունեցվածքը: Բոլոր հայերը ունեցել են տներ, կալվածքներ, սեփականություն եւ բանկային հաշիվներ: Մենք դրանք բոլորը կորցրել ենք: Այնպես որ, իմ նպատակն է դիմել դատարան` Համաշխարհային դատարան, Եվրոպական դատարան եւ Միացյալ Նահանգների դաշնային դատարաններ: Մենք ցանկանում ենք, որ թուրքերը փոխհատուցում վճարեն, եւ ցանկանում ենք վերականգնել արդարությունը նրանց գործած այս վիթխարի ոճրագործության համար: Դա մեզ համար շատ ավելի կարեւոր է, քան որեւէ քաղաքական գործչի շուրթերից հնչած խոսքը:
– Իրողությունն այն է, որ պաշտոնական ճանաչման մեկ մակարդակի բացակայությունը թեման շատ վառ է պահում: Եվ որոշ առումով, այն առավելություն ունի, որովհետեւ ամբողջ ժամանակ խոսում ենք դրա մասին:
– Դուք միանգամայն ճիշտ եք… եկեք մի պահ մոռանանք նախագահ Օբամայի մասին: Եթե անգամ Թուրքիայի նախագահը վաղն առավոտյան հայտարարի, որ դա Ցեղասպանություն էր, ապա շատ մարդիկ ամբողջ աշխարհում, եւ գուցե նույնիսկ որոշ հայեր ասեն, որ մենք վերջապես հասել ենք մեր նպատակին, եկեք առաջ գնանք: Այնպես որ` միգուցե մեր օգտին է, որ թուրքերը շարունակում են ժխտել Ցեղասպանությունը:
Թարգմ.` Ռ.ԱՎԱԳՅԱՆԻ