Քաղաք
Մեզանից շատերը քայլելով Երեւանով` հաճախ մտովի փորձում են վերադասավորել քաղաքը, այսպես ասած` ակամայից մոդելավորել այն, քանի որ քաղաքն անընդհատ վերակառուցվելով ու քանդվելով` կարծես չի հասցնում ավարտուն տեսք ստանալ: Իսկ ենթադրյալ ավարտուն տեսքն էլ վերախմբագրվում է հերթական չինովնիկի ու շինարարական հետաքրքրություն ունեցող ընկերության կողմից` այդպես էլ չդառնալով այն, ինչն ընդունված է կոչել «պլանավորված շինարարություն»: Երեւանն անընդհատ դառնում է լոկալ եւ կտրուկ միջամտությունների զոհ, եւ ոչ թե ինքնաբուխ է վերաձեւվում, այլ «վիրահատվում» է` համալրվելով տարբեր արհեստական օրգաններով, որոնք կենսունակ չեն հենց միայն այն պատճառով, որ փոխկապակցված չեն ողջ օրգանիզմի հետ: Տարբեր օրգան-փողոցներն, օրինակ, մի քանի օրում կարող են զրկվել անցումային գոտիներից, պուրակաձեւ տարածքներից կամ էլ զուտ զբոսանքի համար նախատեսված հատվածներից: Իսկ դրանք քաղաքի օրգանիզմի կենսունակությունն ապահովող տարածքներ են, որոնց նվազումը շնչահեղձ է անում քաղաքացիներին` առեւտրականացնելով յուրաքանչյուր քառակուսի մետրը: Անգամ մայթերն են հռչակվում ոչ առեւտրային տարր ու որքան հնարավոր է սեղմվում, նեղանում ու անհարմար են դառնում քայլող մարդու համար: Նման մոտեցման համաձայն էլ` նվազում են այգիների պուրակների ու բակերի ծավալները: Եվ քաղաքը մերկանում է, մնում է միայն տարբեր չափի վնասվածքներ ստացած քաղաքի կմախքը:
Ուրբանիզացիան մեզանում զարմանալի ֆորմա է ստացել. նորակառույց շենքերը, թաղամասերը պարզապես իրար մեջ են մխրճվում` թույլ չտալով, որ մարդը քայլի փողոցների ցանցով ու պարբերաբար կանգառների տեղ գտնի: Եթե հնարավորություն լիներ, ապա հաստատ իրարից կհեռացնեինք շենքերը ու կապամոնտաժեինք խիտ կառուցված տձեւ կցորդ-շինությունները, որոնք կառուցվում ու ընդլայնվում են հիմնականում հանրային տարածքների հաշվին: Հենց այնպես, աննպատակ զբոսնել քաղաքով ու այդ զբոսանքից հաճույք ստանալն արդեն շատ բարդ է: Քաղաք չկա, կան միայն բնակելի հատվածներ ու սպասարկման օբյեկտներ, որոնք ի դեպ` ակտիվորեն մոդեռնացվում են քաղաքային իշխանությունների պատկերացումների համաձայն (շենքերի ճակատներն են լվացվում ու ներկվում, ավելանում է դեկորատիվ զարդարանքը):
Մեր Երեւանը (հատկապես կենտրոնը) արդեն այն վիճակում է, երբ գրեթե անհետացել են ճարտարապետական անցում-արանքները, ինչն իրականում անհրաժեշտ կոնցեպտ է քաղաքաշինության մեջ, քանի որ արանքները (չկառուցապատված հատվածները) թույլ են տալիս քաղաքը դիտարկել հեռանկարում: Այսինքն` անհատականացնել ճարտարապետական կառույցները` դարձնելով շենքերը վիզուալ մեկուսացված միավորներ, որոնց միավորելը բնակչի ու անցորդի գործն է: 1960-70-ական թթ. Երեւանն այդպես էր կառուցապատվում (մարդն էր միավորում իր միջավայրի օբյեկտները, միավորում էր հենց զբոսանքի գաղափարով): Իսկ հետո եկավ կոմերցիայի շրջանն, ու քաղաքի արյունատար անոթների դեր կատարող արանքներն անհետացան: Նկատած կլինեք, որ հիմա անհետանում են նույնիսկ կամարաձեւ անցում-դալանները, որոնք փակվում են աղյուսներով եւ վերածվում են առեւտրի կենտրոնների կամ էլ մասնավոր ավտոկանգառների: Նույն կերպ էլ փակվում են շենքերի միջանցիկ մուտքերը: Ամեն բան փակվում, ցանկապատվում ու կոդավորվում է (բառիս բուն իմաստով): Քաղաքը փակվում է իր բնակիչների համար:
Արվեստ
Քաղաքը կրկին «բացելու» ու արտիստական գործունեության համար մատչելի տարածքներ որոնելու նպատակով վերջերս Երեւանում անցկացվեց «City in use»` «Գործածելով քաղաքը» ծրագիրը: Հայաստանցի արվեստագետները հայտարարեցին, որ ժամանակակից արվեստի ցուցադրությունները հարկ է անցկացնել հենց հանրային վայրերում, ինչը կօգնի արտիստական տեսանկյունից ֆունկցիոնալ դարձնել Երեւանը:
Ծրագրի համադրողները նշում էին, որ արվեստագետներից եւ համադրողներից շատերը չեն կարողանում իրենց գործունեությանը համապատասխան ցուցասրահներ գտնել, ուստի այլընտրանքային վայրերի ստեղծման մեծ անհրաժեշտություն կա: Իհարկե, ոչ ոք այդ մտքի հետ չի վիճում, մանավանդ, որ ժամանակակից արվեստի ու քաղաքի կապը երկուստեք կարող է դառնալ շահավետ գործ: Իսկ ավելի ստույգ` ժամանակակից արվեստն արդեն իսկ հանրայնացման, մասսայականացման գործիք է, քանի որ դիտարկում է դիտողին (հանդիսատեսին)` որպես արվեստի անմիջական համամասնակիցը: Ժամանակակից արվեստն ամենուրեք է, այն դուրս է թանգարաններից ու պատից կախված նկարները զննելու ավանդույթից: Ժամանակակից արվեստի ներգործությունն այլեւս ցուցադրումը (արվեստի ստեղծագործության նվիրաբերումը) չէ, հարկավոր է ապահովել ներկայության էֆեկտը: Այդ հատկանիշը բնորոշ է թատրոնին, եւ պատահական չէ, որ շատ ակցիաներ նմանվում են հենց ներկայացումների, որտեղ հանդիսատեսի դերը սոսկ դիտելը չէ, այլ մասնակցելը, շարունակելն ու շարժվելն է: Մնում է միայն հստակ մշակել այն գաղափարը, որի մասնակիցն ուզում ես դարձնել հարեւաններիդ, պատահական անցորդներին ու քաղաքի վերափոխման ներքին պահանջ ունեցող անձանց, որոնք մասնակցելով արվեստագետի հետազոտական աշխատանքին, հետագայում իրենք իրենց հետազոտությունը կանեն:
Եվ բնական է, որ եթե Հայաստանի արվեստագետները Երեւանն էին ցանկանում արվեստի հարթակ դարձնել, ապա առաջին հերթին նկատի ունեին հենց երեւանցուն, նրա արձագանքը, տեղաշարժվելու եւ նոր տարածքներ հայտնաբերելու ներքին պահանջը (հո չի՞ կարող արվեստագետների միակ ցանկությունը սեփական գործերի ցուցադրումը լինել): Սակայն հենց հանրային գործոնը դարձավ մեր ժամանակակից արվեստագետների պրոբլեմը, քանի որ մեծ հաշվով նրանց արածը չընկալվեց հասարակության կողմից: Ինչի պատճառը, թերեւս, ոչ թե հասարակության անտարբերությունն էր, այլ արվեստագետների մոտեցումը: Նրանք չկարողացան հաղթահարել ցուցադրելու, պրեզենտացիա անելու ցանկությունը, արդյունքում նրանց աշխատանքին հաղորդակից դարձավ միայն իրենց նեղ ընկերական շրջանակը: Որն էլ ասաց` բրավո… Եվ դրանով ամեն ինչ սահմանափակվեց:
«Գործածելով քաղաքը» ծրագրի շրջանակներում, օրինակ, մի խումբ արվեստագետներ (Նարինե Զոլյան, Մհեր Ազատյան եւ այլք) այցելեցին Կոնդ թաղամաս ու կիսաքանդ տնակներում ծայրահեղ նվաստ պայմաններում ապրող մարդկանց տները դեկորացրեցին իրական էթնոգրաֆիկ տեսարանների լուսանկարներով: Ասես կրկին շրջանառության մեջ դրեցին նախկինում եղած կենցաղային պատկերները: Այդ նախագիծը կոչվում էր «Don`t worry, be happy» եւ հստակ սոցիալական ուղղվածություն ուներ: Ուղերձը հետեւյալն էր. նույնիսկ տարրական կոմունալ հարմարություններից զուրկ միջավայրում կարելի է ապրել ու երջանիկ լինել: Որպես սոցիալական կոչ` այդ ուղերձը բավականին վիճելի էր, իսկ որպես արվեստի նախագծի կոնցեպտ` հարկավոր չէր ոչ կոնդեցիներին, ոչ էլ` այլ ավելի ապահով թաղամասերում ապրող բնակիչներին: Վերջիվերջո, սոցիալական շեշտադրումը հաճախ ծուղակ է արվեստագետի համար, քանի որ նեղացնում է արվեստագետի ուսումնասիրման մակերեսը: Ասենք թե` հարմարվեցինք ու երջանիկ դարձանք (մշտական ջուր, հարմար բազմոց կամ վերանորոգված տանիք ունեցանք), հետո՞ ինչ: Արդյոք հենց դա՞ է հանրության հետ շփվելու նոր մակերեսը: Եթե այդ նախագիծը նախատեսված էր միայն կոնդեցիներին մխիթարելու ու նրանց կյանքը գեղեցկացնելու համար, ապա դա ոչ թե արվեստ, այլ սոցիալական նպաստ էր` մի փափեթ դեկորացիայի տեսքով:
Չէ՞ որ դեկորացնելով, զարդանախշելով պրոբլեմը, չես կարող բուն աղետի իմաստին մոտենալ: Իսկ Կոնդն իսկապես աղետ է, ինչպես թերեւս` ճապոնական ցունամին կամ տեխնոգեն վթարները: Եվ հարկ է ավելի ստույգ մշակել ակցիայի գաղափարն ու հասցեատերերին, այլապես վերածվում ես ընդամենը մոդայիկ պրեզենտացիոն պրոյեկտի, ինչն էլ հակասում է ժամանակակից արվեստի էությանը:
Ի դեպ` այդ նույն մոտեցմամբ (նկարը նվիրաբերելու) աշխատեց նաեւ քանդակագործ Սահակ Պողոսյանը, ով Հյուսիսային պողոտայի կառուցապատված, բայց ամայի բակերից մեկում ներկայացրեց «Քո-Չարի քաղաքը» ֆոտո-ցուցահանդեսը, որը դասական թանգարանային ցուցադրության ֆորմատ ուներ եւ բաղկացած էր շրջանակված, ապակեպատված լուսանկարներից: Նկարներում պատկերված էին նորակառույց շենքերի նախագծային պաստառները: Բոլորն էլ շատ գեղեցիկ ֆոտոներ էին` նկարահանված ճիշտ լուսային ռեժիմով ու հստակ կոմպոզիցիայով: Նա լուսանկարել է այն պաստառները, որոնք հասցրել էին պոկվել, պատառոտվել կամ ճմրթվել: Այդ ֆոտոշարքը, որը բավականին ուշագրավ խորագիր ուներ, Ս.Պողոսյանը կարող էր ցուցադրել ցանկացած վայրում, անգամ` Նկարիչների տանը, քանի որ վայրը բնավ էլ նշանակություն չունի, եթե ընտրել ես նկարը շրջանակելու ու որպես մնայուն թանգարանային արժեք ներկայացնելու ֆորման: Նախագիծն այնքան ամբողջական, ստատիկ եւ ոչ ռիսկային էր, որ կարիք չկար այն տեղափոխել բետոնապատված պատերի վրա, միեւնույն է` արդյունքը նույնն էր լինելու: Մարդիկ գալու, նայելու ու տուն էին գնալու` առանց անհատական քարտեզագրում անելու, լիցք ստանալու: Եվ այս դեպքում ինքնին արդեն հսկայական դեկորացիա հիշեցնող Հյուսիսային պողոտան ընդամենը մի քանի ժամով արժանացավ նոր դիզայնի: Լավ, որակյալ, գեղեցիկ, բայց` դիզայնի, որը շատ լավ տեղավորվեց ժամանակակից կոնտեքստի մեջ` մնալով որպես զմռսված ու շրջանակված ընծա:
Այսօր իրապես ժամանակակից դառնալու համար արվեստը թերեւս նախեւառաջ պիտի փորձի ազատվել ժամանակակից կոնտեքստից (քարոզից, գեղեցկացնելուց, էկզոտիկ դետալներից) ու իմաստ գտնել լիակատար դատարկության մեջ: Դատարկ տարածքներում (եւ սոցիալական, եւ ճարտարապետական) մեծ պոտենցիալ կա: Այն կա եւ Կոնդում, եւ Հյուսիսային պողոտայում: Եվ առավելեւս կա հանրային մտքերում: Եվ ժամանակակից արվեստը կարող է ռեզոնանսի մեջ մտնել հանրության հետ այն դեպքում, երբ արվեստագետը վստահ է, որ ոչ թե արժեքավոր ու գեղեցիկ փաթեթավորված ինֆորմացիա է փոխանցելու, այլ` դրդելու է մարդուն մասնակից դառնալ: Ընդ որում` այն բանի մասնակիցը, որը դեռ անհայտ է: Դատարկությունն, ընդհանրապես, անհայտ բան է, բայց այն մեկնակետ է: Պատահական չէ, որ շատ հաճախ ժամանակակից արվեստը դիմում է պարադոքսի, պրովոկացիայի` միայն թե ապահովի մասնակցություն, արձագանք ստանա: Եթե մասնակցեցիր, ուրեմն անպայման քաղաքի (երկրի, մոլորակի) մակերեսի վրա քո անհատական ուղեւորությունը կանես: Ի դեպ` նման պրովոկացիա փորձեցին անել նաեւ երիտասարդ արվեստագետները, ովքեր դուրս եկան փողոց` «Ոչ ասա արվեստին` հանրային տարածքներում» պաստառներով` ենթադրելով, որ հանրությունը կհասկանա հեգնական երանգը: Սակայն հանրությունը անտարբեր մնաց, քանի որ արվեստագետները «խաղում» էին այն դաշտում, որը չկա: Եվ խաղում էին լոզունգների, այլ ոչ թե թատրոնի կանոններով:
Հետեւելով «Գործածելով քաղաքը» ծրագրի շրջանակներում անցկացված բացօթյա ցուցահանդեսներին, սոցիալական նախագծերին ու փողոցային ակցիաներին, հասկանում ես, որ մեր արդի արվեստագետները ոչ այնքան փորձում են հանդիսատեսի հետ շփվելու նոր լեզվական մոդելներ գտնել (իսկ արվեստը լեզու է) եւ վերջիվերջո վերակազմավորել քաղաքի տարածքը, այլ բավականին հարմարավետ են իրենց զգում եղած կոնտեքստում: Նրանք ավելի շուտ պատրաստ են մոդեռնացնել մեր իրականությունը, այլ ոչ թե ազատվել դրա պարտադրանքից: