Երեկ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ մամլո ասուլիս` նվիրված «Նորաձեւության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագրին, որին մասնակցում էին Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Ռումինիայի դեսպան Կրինա Պրունարիուն, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիայի վարչության առաջին բաժնի մասնագետ Վարդուհի Խեչոյանը, նորաձեւության փորձագետ Կարին Լեյբերգը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ մարքեթինգի բաժնի ղեկավար Աննա Սիմոնյանը: Այս ծրագիրը երկամյա նախաձեռնություն է, որի ընթացքում հինգ հայ նկարիչ-մոդելավորողներ իրենց եվրոպացի հինգ գործընկերների հետ կծանոթանան միմյանց երկրների անցյալին եւ մշակութային ժառանգությանը` նոր գաղափարներ մշակելու եւ ոգեշնչվելու համար: Նրանք հնարավորություն կունենան ուսումնասիրելու Հայաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ռումինիայի, Դանիայի եւ Չեխիայի ազգային տարազների պատմությունը, դրանց դերը ժամանակակից հասարակության մեջ, եւ կվերլուծեն, թե ինչպես են ազգային տարազներն արտացոլում տվյալ երկրի ազգային ինքնությունն ու մշակութային ժառանգությունը: Ծրագիրը կսկսվի միջազգային սեմինարի անցկացմամբ, որին կհաջորդեն մշակութային փոխայցելությունները: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության Մշակութային ֆոնդի կողմից: Ծրագրի շրջանակներում կձեւավորվի աշխատանքային 5 զույգ, յուրաքանչյուրում կներգրավվի մեկ հայ եւ մեկ եվրոպացի նկարիչ-մոդելավորող: Յուրաքանչյուր զույգն այնուհետեւ կստեղծի 4 մասից բաղկացած հավաքածու, որը կցուցադրվի ձմռանը: Հավաքածուն կցուցադրվի Երեւանում եւ Հայաստանի չորս մարզերում, այնուհետեւ` մասնակից եվրոպական երկրներում: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ որպես մշակութային կամուրջ ընտրվեց նորաձեւությունը, այլ ոչ շատ ավելի խորը արմատներ ունեցող հայկական այլ մշակութային ճյուղ, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը պատասխանեց. «Բրիտանական խորհրդի նպատակն ընդհանրապես միջմշակութային կապեր ստեղծելն է: Այս ծրագրի գաղափարն առաջացել է տարազների մասին պատմող գրքից: Երբ ես թերթում էի այդ գիրքը, հասկանում էի, որ ընդամենը մեկ գիրք թերթելով` կարող ես պատկերացում կազմել մի ամբողջ ազգի պատմության մասին: Տարազները ցույց են տալիս այն բոլոր մշակութային ազդեցությունները, որոնք մենք ունեցել ենք տարիների ընթացքում, տարբեր աշխարհագրական, հասարակական դիրքերը… Եվ ես հասկացա, թե որքան խոսուն եւ հզոր հաղորդակցության միջոց կարող է հանդիսանալ նորաձեւությունը»: «Որքա՞ն արժե այս ծրագրի իրագործումը» հարցին Ա.Սարիբեկյանը պատասխանեց. «Ծրագիրն ամբողջությամբ արժե 250.000 եվրո, որի մի մասը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, իսկ մյուսը` Բրիտանական խորհրդի եւ գործընկերների»: