Երբ երգիչ Մարտին Մկրտչյանին հրավիրեցինք հարցազրույցի, վերջինս ներկայացավ պրոդյուսեր Արմին Մովսիսյանի հետ, ով հետաքրքիր զրուցակից եւ պարզապես շոու-բիզնեսում «հին գել» լինելով, գրեթե չէր թողնում, որ Մարտինը խոսի: Այնպես որ` մեզ մոտ ստացվեց ոչ թե երկխոսություն, այլ եռակողմ քննարկում, որի ընթացքում պարզվեց, որ Մարտինը ժամանակին նաեւ պարի ուսուցիչ է եղել, առաջին անգամ երգել է դպրոցի բեմում` վերջին զանգի օրը: Իսկ հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ Մարտինն ու երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, բացի գործընկերներ լինելուց, նաեւ ընկերություն են անում, երգիչն առաջարկեց պատասխանի փոխարեն բազմակետ դնել: Մենք էլ դնում ենք` «…»:
Հաճախելով պարի դասերի, Մարտինն ընկերոջ հետ որոշում է, որ բավական է սովորել, եւ արդեն սովորեցնելու ժամանակն է: Միասին ստեղծում են իրենց անվան առաջնատառերից բաղկացած «AM disco» պարային խումբը, որը, սակայն, երկար կյանք չունեցավ: Մարտինը երաժշտական կրթություն չունի, սակայն ռեստորանում երգելու հետ զուգահեռ` նաեւ անհատական երաժշտական դասընթացների է հաճախել: Առաջին անգամ բեմ բարձրանալու հետ կապված շատ հուշեր ունի, քանի որ երգելով դպրոցի բեմում` իր եւ միջոցառման մասնակիցների համար բացահայտեց, որ երգել գիտի: «Շշմել էի, երբ իմ երգից հետո, տասը րոպե ծափահարում էին ինձ, քանի որ կյանքիս մեջ առաջին անգամ էի երգում: Ուսուցչուհիս ինձ առաջարկել էր երգել միայն այն պատճառով, որ երաժիշտների ընտանիքից եմ, սակայն նա եւս զարմացած էր եւ հուզված: Ի դեպ, անունս երաժիշտ պապիս պատվին է: Նրա անունը Մարտիկ էր, իսկ ինձ անվանել են մի տառի փոփոխությամբ»,- նշում է Մարտինը:
Պրոդյուսեր Արմին Մովսիսյանն այժմ զբաղվում է միանգամից երեք երգիչների հետ` Մարտին Մկրտչյան, Հռիփսիմե Հակոբյան եւ Ռազմիկ Ամյան: Քանի որ Մարտինի հետ մեզ հյուրընկալել էր նաեւ Ա. Մովսիսյանը, մենք մի քանի հարց էլ նրան ուղղեցինք:
– Պրոդյուսերի եւ արտիստի միջեւ որքանո՞վ են ճիշտ ընկերական հարաբերությունները: Արտիստների հետ Դուք աշխատո՞ւմ եք պայմանագրային հիմունքներով, թե՞ «եղբայրական» օրենքներով:
– Զուտ ռոբոտային աշխատանքը ճիշտ չեմ համարում: Շատ եմ կարեւորում ընկերական հարաբերությունները: Եթե կա թերություն, էական չէ` մենք ընկերնե՞ր ենք, թե՞ ոչ, այն քննարկվում եւ շտկվում է: Եվ բացարձակ կարեւոր չէ` այդ թերության պատճառը ե՞ս եմ, թե՞ երգիչը: Պարտադիր խոսվում է այդ մասին, հարկ եղած դեպքում` նաեւ քննադատվում: Եթե մենք մեր թերությունները չտեսնենք կամ անտեսենք, ապա հանրությունն անմիջապես նկատում է ցանկացած վրիպում: Այնպես որ` ջայլամի հոգեբանությունը մեր աշխատանքում չի խրախուսվում:
– «Երգում են բոլորը» արտահայտությունն, ասես, մեր երկրի համար լինի ստեղծված: Ի՞նչ է անհրաժեշտ սիրված լինելու համար, իհարկե, բացի 6/8 երգելուց:
– Ահավոր շատ են ճանաչված երգիչները եւ չափազանց քիչ` ճանաչված եւ սիրված երգիչները: Ուզում ես` 6/8 երգի, ուզում ես` Ֆրենկ Սինատրա երգի, եթե քեզ չսիրեն, չընդունեն, կդասվես միայն ճանաչվածների շարքին: Իսկ եթե շնորհքով երգիչ ես, քեզ կսիրեն, եթե անգամ միայն 6/8 երգես: Շատ կարեւոր է երգչի կայացման հարցում պրոդյուսերը, ով շնորhքով երգչին պետք է կարողանա ճիշտ ներկայացնել:
– Ի՞նչ է նշանակում ճիշտ ներկայացնելը` պրոդյուսերի տեսանկյունից:
– Կոպիտ ասած` երգիչը ապրանք է, որը պետք է կարողանաս այնպես ներկայացնել, որպեսզի այն գնվի: Իսկ այն կգնվի միայն այն դեպքում, երբ երգիչը ներկայանա` որպես որակով ապրանք:
– Ուզում եք ասել, որ անորակ ապրանք մինչ օրս չե՞ք վաճառել: Եթե Ձեզ առաջարկեն հսկայական գումար եւ վաճառքի հրամցնեն մի անորակ ապրանք, կվաճառե՞ք:
– Միգուցե, հնարավոր է…
– Բայց չէ՞ որ այդ «անորակին» հեռուստատեսությամբ տեսնելու եւ ռադիոյով օր ու գիշեր լսելու են Ձեր, ինչպես նաեւ` շատերիս երեխաները, եւ ըստ դրա` նրանց մոտ կարծիք է ձեւավորվելու երաժշտություն եւ երգիչ հասկացողության վերաբերյալ:
– Նայած, թե անորակ ասելով` ինչ նկատի ունեք: Պրոդյուսերը պարտավոր է անգամ անորակ ապրանքին նախքան ներկայացնելը շտկել, ներկայանալի դարձնել: Ասեմ, որ շատ են եղել համագործակցության առաջարկներ` կատարողական զրոյական մակարդակով եւ մարդկային արժանիքների իսպառ բացակայությամբ անձանց կողմից: Առաջարկվել են բավականին մեծ գումարներ, սակայն ես հրաժարվել եմ:
– Կարծում եմ` Ձեր առաջին պատասխանն առավել անկեղծ էր: Առաջարկում եմ Մարտինին եւս զրույցին մասնակից դարձնել, թե չէ` համեստորեն լռում է: Մարտի՛ն, հաճախ նշում ես, որ չես սիրում մասնակցել մրցույթներին, սակայն, չսիրելով հանդերձ, մասնակցում եւ հաղթում ես: Այդ դեպքում ո՞վ է քեզ ստիպում:
– Իրապես չեմ սիրում մրցակից հասկացողությունը, քանի որ ես ինձ ոչ ոքի մրցակիցը չեմ համարում: Ես պարզապես երգում եմ: Առաջին իմ հաղթանակը տեղի ունեցավ «Ոսկե կլառնետ» մրցույթի ժամանակ: Եվ թերեւս դա է միակ մրցույթը, որին մասնակցել եմ:
– Իսկ «Տաշիր 2011»-ը, որի ժամանակ հաղորդագրությունների շնորհիվ դարձար «Տարվա առաջընթաց» նոմինացիայի հաղթող: Թե՞ չես հավատում այդ հաղորդագրությունների արդյունքներին:
– Միանշանակ դա հաղթանակ էր, եւ եկեք չկասկածենք քվեարկության արդյունքների վրա:
– «Ռեստորանային երգիչ» ասվածը պիտա՞կ է, թե՞ պարզապես աշխատանք:
– Ես հպարտ եմ, որ աշխատել եմ ռեստորանում, եւ առ այսօր ռեստորանում երգելու հրավերներ եմ ստանում: Եթե այսօր ինձ սիրում են, ապա դրա պատճառն այն է, որ ես, երկար տարիներ երգելով ռեստորանում, ձեռք եմ բերել շատ մեծ փորձ եւ հանդիսատեսի համակրանք: Ես մի օր չեմ արթնացել եւ հորս ասել. «Պապ, փող տուր, գլխիս փչել ա` երգիչ պիտի դառնամ»: Այն երգիչը, ով կամաչի ասել, որ ռեստորանում է աշխատել, ես նրան ամոթանք կտամ: Ռեստորանը մեծ դպրոց է, կենդանի երգի դպրոց: Մոտ 10 տարի աշխատել եմ մի քանի ռեստորաններում: Ես չէի մտնի շոու-բիզնես ասվածի մեջ, եթե չանցնեի այդ դպրոցը: Երգիչ դառնում են երգելով, քրտնաջան աշխատանքով: Եթե ես 10 տարի չերգեի ռեստորանում, օրական 10-17 ժամ` կենդանի կատարողականությամբ, ես ինձ չէի համարի երգիչ:
Արմին Մովսիսյան – Եթե ինձ հնարավորություն տային, ապա մեր երգիչների 90 տոկոսին կփաթաթեի ու դեն կնետեի: Ովքե՞ր են այն երգիչները, որոնք ռեստորանային չեն: Երգիչը պետք է լինի առաջին հերթին երգիչ, ուզում է` ռեստորանից գա, ուզում է` հոր տանից: Կարեւորն այն է, որ երբ նա երգի, հանդիսատեսը զգա, հասկանա, որ դիմացինը երգիչ է, այլ ոչ` փողատեր պապայի բալա:
Մարտին – Այդ տասը տարիների ընթացքում գոհացրել եւ պարացրել եմ միլիոնավոր մարդկանց, որոնք միշտ իմ երգից հետո մոտեցել ու իրենց գոհունակությունն են հայտնել, ձեռքս են սեղմել, թուշս են համբուրել: Մինչ օրս էլ կան մարդիկ, ովքեր միացնում են իրենց խնջույքների տեսագրությունները, որին ես ներկա եմ եղել, զանգում եւ ի սրտե ասում են. «Մեռնեմ քո կյանքին»: Այդքանից ավելի ի՞նչ է անհրաժեշտ երգչին:
– Այդ դեպքում ինչո՞ւ են երգիչներից շատերը, ովքեր երգում են ռեստորաններում, խուսափում խոսել այդ մասին: Ասես` ռեստորանում երգելն անպատվաբեր է իրենց համար:
Մարտին – Եթե ինչ-որ մեկը փորձի վատ խոսքով անդրադառնալ ռեստորանի երգչին, ինձ հետ գործ կունենա, չնայած էությամբ շատ զուսպ մարդ եմ, եւ ինձ դժվար է հունից հանելը: Թող մեր շոու-բիզնեսի երգիչների միջեւ մրցույթ կազմակերպեն, եւ տեսնենք, թե մեզանից ո՞վ եւ որքա՞ն ժամանակ է կարողանում կենդանի երգել եւ քանի՞ տեսակ երգ է կարողանում ներկայացնել: Եվ մենք կհասկանանք, թե իրականում ով ինչ արժեք է ներկայացնում իրենից: Բայց «հայավարի» մրցույթ չլինի, այլ ներկա լինի միայն անաչառ հանդիսատեսը, ով ծափահարում է միայն արժանիին: Եվ առհասարակ բոլոր այն երգիչներին, ովքեր կտրուկ ասում են, որ երբեք չեն երգել եւ չեն էլ երգի ռեստորանում, պետք է հարցնել. «Իսկ քանիսո՞վ կերգեք»:
– Արմին, Դուք ի՞նչ երաժշտություն եք նախընտրում:
– Մայքլ Ջեքսոն, Պրինց:
– Դուք` որպես պրոդյուսեր, համագործակցելով բավականին լավ ձայներ ունեցող երգիչների հետ, հնարավորություն ունեք նրանց միջոցով բարձրորակ երաժշտություն տարածելու: Պահանջարկին համարժեք արտադրա՞նք եք տալիս:
– Մենք կամաց-կամաց, փուլ առ փուլ ենք անցնում մեր ուղին: Հռիփսիմե Հակոբյանը հրաշալի երգում է Նինա Պաստուրի, Ռազմիկը` «Բելլա սինյորինա», շուտով կտեսնեք նաեւ Մարտինի նոր աշխատանքը: Չեմ ուզում պարզապես ժամանակից առաջ ընկնել: Մեր երգացանկը շատ բազմազան է: Ընդհանրապես Հայաստանում մենք երգում ենք միայն այն, ինչ հայերին է հետաքրքիր:
– Իսկ ո՞վ է որոշել, որ հայերին միայն 6/8-ն է հետաքրքիր:
– Դա է վկայում նման համերգների ժամանակ Մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճը:
– Միգուցե դա պարզապես գովազդի արդյո՞ւնք է, որը ոչ թե համերգից մեկ կամ երկու ամիս առաջ է ձեւավորվել, այլ տարիներ շարունակ` շնորհիվ տվյալ ոճի մեջ անվերջ երգող երգիչների:
– Ժամանակին Արամ Ասատրյանին ընդհանրապես հեռուստացույցով ցույց չէին տալիս: Սակայն նա իր ժամանակի ամենասիրված երգիչն էր: Նրա համերգներին ասեղ գցելու տեղ չկար:
– Մարտին, քո հարցազրույցներից մեկում, հարցին. «Չե՞ք ուզում ունենալ Ձեր ընտանիքը», պատասխանեցիք, որ շատ եք ուզում, եւ անգամ նման մտքեր կան:
– Ընտանիք ունենալու մտքեր կան դեռեւս 18 տարեկանից, որովհետեւ ես շատ եմ սիրում երեխաներին եւ միշտ էլ ցանկացել եմ ունենալ իմ մեծ ընտանիքը: Այդ մտքերը վաղուց կան, եւ հնարավոր է եւս 10 տարի մնան որպես միտք:
– Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ Դուք եւ Հռիփսիմե Հակոբյանը հանդիպում եք:
– Ո՞վ է ասել:
– Ծիտիկը: Ի դեպ, ասողը երգիչներից է, ում անունը, բնականաբար, չեմ կարող նշել:
– Եկեք անձնական բնույթի հարցերին չպատասխանեմ: Ավելի լավ է պատասխանի փոխարեն կետիկներ դրեք: