«Յյուրաքանչյուր օրգանիզմ յուրովի մոտեցում է պահանջում»

04/05/2011

Ասում է «Դետոքս» առողջության պահպանման եւ վերականգնման կենտրոնի («Ս եւ Լ Իսրայելյաններ» ՍՊԸ) բժիշկ-բնաբույժ Լիանա Իսրայելյանը

Մեր կյանքն այսօր անվերջ պայքար է, եւ այդ պայմաններում մենք հաճախ մոռանում ենք ամենակարեւորի` սեփական առողջության մասին։ Սակայն ինչ-որ պահի մեր օրգանիզմը սկսում է «ըմբոստանալ» նման անխնա վերաբերմունքից։ Եվ հենց այդ ժամանակ էլ մենք օգնության կարիք ենք ունենում ու ստիպված ենք լինում դիմել համապատասխան մասնագետների:

– Այս կամ այն դեղորայքի գովազդը դիտելիս` մարդիկ հաճախ մտածում են, թե կարելի է մեկ կամ մի քանի դեղահաբ կուլ տալ, ու դրանից հետո ամեն ինչ կանցնի։ Ցավոք, դա այդպես չէ։ Առողջության վերականգնումը պահանջում է նախ` գտնել հիվանդության պատճառը, երկրորդ` ճշտել, թե որ ուղղություններով է այն ազդել, ինչպիսի վնասներ է հասցրել օրգանիզմին, եւ երրորդ` մշակել բուժման այնպիսի ծրագիր, որը թույլ կտա` առանց վնաս հասցնելու` մաքսիմալ օգուտ ստանալ: Չէ՞ որ բժշկության հիմնական կարգախոսն է` չվնասել: Մարդու առողջությանը նպաստող բոլոր միջոցներն էլ կյանքի իրավունք ունեն, բայց կարեւոր է գտնել այդ միջոցների ճիշտ համադրությունը յուրաքանչյուր անձի դեպքում։ Նույնքան կարեւոր է ոչ միայն բուժել առանձին վերցված որեւէ հիվանդությունը, այլ կիրառել ամբողջ օրգանիզմը կազդուրող միջոցներ, որոնք, հավատացեք, շատ մեծ են։ Հենց այդ նպատակն իրականացնելու համար էլ ստեղծվել է մեր` «Դետոքս» կենտրոնը, որի հիմնադիրը «Ս եւ Լ Իսրայելյաններ» ՍՊԸ-ն է։

– Իսկ ինչպե՞ս է Ձեզ մոտ կատարվում ախտորոշումը:

– Մեր կենտրոնում ախտորոշումը կատարվում է «Իմեդիս-էքսպերտ» վեցերորդ սերնդի ապարատով, որը լիցենզավորման եւ ստանդարտիզացիայի արդյունքում հավանություն է ստացել ՀՀ առողջապահության նախարարության կողմից (լիցենզիա` Կ-XX-001503)։ Մեկ ժամվա ընթացքում հնարավոր է այս սարքի միջոցով ախտորոշել մարդու ամբողջ օրգանիզմը: Մեզ մոտ առողջության վերականգնման եւ պահպանման գործընթացը ենթադրում է ինչպես դեղորայքային, այնպես էլ` բնաբուժական, ֆիզիոթերապեւտիկ մեթոդներ: Նաեւ դարեր շարունակ իրեն արդարացրած մեթոդը` ասեղնաբուժությունը, ռեֆլեքսաթերապիան։ Կան հիվանդագին վիճակներ, որոնք հաճախ մենք թերագնահատում ենք` դա ողնաշարի վիճակն է, սխալ շնչառությունը եւ մեր օրգանիզմում պարազիտների առկայությունը։ Բնավ բոլոր հիվանդությունների պատճառը վերը նշվածները չեն, բայց այդ խնդիրները կարգավորելու դեպքում վերանում է ծանր վիճակների մի հսկայական խումբ, իսկ մյուսներն ավելի հեշտ են ենթարկվում բուժմանը։

– Այսինքն` այդ սարքի միջոցով հնարավոր է ախտորոշել ցանկացած հիվանդությո՞ւն:

– Այո, ախտորոշումը կատարվում է բժիշկների եւ դիագնոստիկ հզոր սարքի համատեղ ջանքերով։ Նորագույն տեխնիկան թույլ է տալիս ոչ միայն գտնել ինֆեկցիաները, պարազիտները, այլեւ չանտեսել էլեկտրամագնիսական, քիմիական, պսիխոգեն ծանրաբեռնումը, որոշել միկրոէլեմենտների, վիտամինների, խոլեստերինի բարձր կամ ցածր քանակը։ Այդ սարքը հնագույն արեւելյան բժշկության ժամանակակից արտացոլումն է։ Սարքը բարձր ճշգրտություն է ապահովում, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Ի դեպ, նմանատիպ դիագնոստիկ համակարգ, ֆրանսիական արտադրության, արտոնագրված է Եվրամիության երկրներում, Կանադայում, Իսրայելում եւ, որ ամենակարեւորն է` Չինաստանում։ Բացի այդ, բիոֆունկցիոնալ օրգանոմետրիան եւ վեգետատիվ-ռեզոնանսային թեստավորումը (սա է մեթոդի գիտական անվանումը) թույլ է տալիս գնահատել ինչպես առանձին օրգանների, օրգան-համակարգերի, այնպես էլ` ողջ օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակը, որոշել ախտաբանական պրոցեսի տեղակայումը, խորությունը, ախտաբանական ուղին։ Հնարավոր է տեղեկություն ստանալ օրգանիզմի պաշտպանողական եւ հարմարողական ռեզերվների մասին եւ, որպես կանոն, ընտրել բուժման ճիշտ տակտիկան եւ ստրատեգիան կոնկրետ պացիենտի համար։ Երբ ախտորոշումը պարզ է, մշակվում է անհատական ծրագիր, որտեղ մենք օգտագործում ենք եւ՛ տեխնիկական ժամանակակից միջոցներ, եւ՛ շնչառական գիմնաստիկա, եւ՛ հայտնի պրոֆեսոր Կացուձո Նիշիի` ողնաշարի եւ կապիլյարների համար նախատեսված մարզումները, ասեղնաբուժությունը եւ ռեֆլեքսաթերապիայի այլ ձեւեր։

– Դուք ընդգծեցիք ճճվակրությունը, մի՞թե դա այդքան վտանգավոր է։

– Իհարկե: B 03-ի տվյալներով` միայն ասկարիդներով տարեկան ախտահարվում է շուրջ 1,2 մլրդ մարդ, Եվրոպայում ախտահարված է ամեն երրորդը։ Անցյալ դարի 20-ական թվականներին թեժ պայքար սկսվեց մակաբույծների դեմ, եւ արդեն բավական լավ արդյունքներ էին նկատվում: Սակայն վերջին 20-25 տարիների ընթացքում մարդկանց միգրացիան շատացավ եւ դժվարացավ սանիտարական վերահսկողություն իրականացնելու գործընթացը։ Արդյունքում նկատվեց այդ հիվանդությունների մեծ աճ։

Բանն այն է, որ հելմիտները (ճիճուները) մի կողմից ճնշում են դիմադրողականությունը, մյուս կողմից` գրգռում այն։ Արդյունքում` մենք ունենք ալերգիկ հիվանդությունների աճ եւ ինֆեկցիոն հիվանդություններին դիմադրելու նվազում։ Բացի այդ` մեր, այսպես կոչված` «անկոչ հյուրերը», մեծ հաջողությամբ օգտվում են օրգանիզմ ներմուծվող սննդից` կլանելով նրա կարեւոր բաղադրամասերը, փոխարենն արտազատելով թույներ։ Ամեն ինչ իրականում այդքան վատ չէր լինի, եթե նրանց հեշտ լիներ հայտնաբերել եւ վանել մարդու օրգանիզմից։ Սակայն դա այդպես չէ։ Հելմիտները տեղակայվում են եւ՛ աղիներում, որտեղ երբեմն հաջողվում է նրանց հայտնաբերել, եւ՛ հյուսվածքներում, անգամ արյան կարմիր բջիջներում։ Եվ ամենակարեւորը` ճճվակրությունը շատ արագ դառնում է քրոնիկ եւ թաքնվում է շատ տարբեր, երբեմն ծանրագույն հիվանդությունների դիմակների տակ։ Այդ հանգամանքը եւ սովորական լաբորատոր մեթոդների քիչ արդյունավետությունը հաճախ դառնում են ախտորոշման սխալների պատճառ: Իսկ սխալ ախտորոշման դեպքում` արդյունքում լինում է սխալ բուժում եւ առողջության լուրջ խաթարում։

– Իսկ Ձեր կենտրոնում բուժման մեթոդներն ինչպիսի՞ն են։

– Սկսենք նրանից, որ հաճախ անհրաժեշտ է լինում բուժումը սկսել մաքրումից, որը մեզ մոտ կատարվում է բնաբուժական եւ բիոռեզոնանսային մեթոդներով։ Օգտագործում ենք նաեւ ռեֆլեքսաթերապիան եւ ավանդական ասեղնաբուժության թերմոպունկտուրան, նաեւ նրանց արդիական մոդիֆիկացիաները` էլեկտրոպունկտուրա, ֆարմակոպունկտուրա, ԴԷՆՍ-թերապիա։ Այսինքն` դինամիկ (փոփոխական) էլեկտրո-նեյրո-ստիմուլյացիա։ Հատուկ սարքի միջոցով մենք իրականացնում ենք ազդեցություն կենսաակտիվ կետերի եւ զոնաների վրա այնպիսի էլեկտրական հոսանքներով, որոնք թափանցում են միայն մաշկի մեջ, գրգռում են նյարդային վերջավորությունները բնական (ուղեղից եկող) իմպուլսների նման եւ «հիշեցնում» օրգանիզմին ինքնակարգավորման անհրաժեշտության մասին։ Այս մեթոդն ունի շատ քիչ հակացուցումներ եւ «աշխատում» է ինչպես նույն ժենշենը կամ լոշտակը, բայց առանց օրգանիզմի ներքին միջավայր ներխուժելու։ Օրգանիզմն ինքն է ամեն ինչ անում։ Իսկ ինքն իրեն նա վնասել չի կարող։ Մեզ մոտ կիրառվող շնչառական վարժությունների օգտակարության ու անհրաժեշտության մասին խոսել է դեռեւս Բուտեյկոն։ Օրինակ, նյարդային վիճակում մենք հաճախ մակերեսորեն ենք շնչում, բայց արտաշնչում ենք մեծ քանակությամբ C ածխաթթու գազ, սակայն մեր ներշնչած թթվածինը չի կարող անցնել բջջի ներսը, եթե «մուտքի» մոտ կանգնած է CO2 մոլեկուլը, որի հետ նրանք պետք է «փոխվեն» տեղերով։ Արդյունքում, շրջակա միջավայրում առկա է բավարար քանակությամբ թթվածին, իսկ մեր բջիջները «խեղդվում» են թթվածնային քաղցից, փոփոխություններ են տեղի ունենում նյութափոխանակության շղթաներում, առաջանում է անոթների սպազմ եւ հիվանդագին տհաճ այլ երեւույթներ։ Ճիշտ շնչելու պարագայում մենք օգնում ենք նյութափոխանակության ճիշտ ընթացքին։ Վարժությունները վերամշակված են եւ հարմարեցրած ժամանակակից պայմաններին պրոֆեսոր Շոլոխովի կողմից։ Իհարկե, մարդու արտաքին տեսքը շատ է կախված օրգանիզմի ներսի միջավայրից, բայցեւայնպես, ժամանակակից մարդու համար կոսմետոլոգիան դարձել է անհրաժեշտություն։ Բոլորն ուզում են գեղեցիկ եւ երիտասարդ մնալ` անկախ անձնագրային տարիքից։ Մենք օգտագործում ենք ժամանակակից տեխնոլոգիայի նվաճումները. եւ՛ ապարատային, եւ՛ զանազան նյութերի միջոցով մենք մեր այցելուներին օգնում ենք ձեռք բերել իրենց, այսպես ասած` երազած տեսքը։

– Իսկ դեղամիջոցներ չե՞ք օգտագործում բուժման ընթացքում։

– Օգտագործում ենք, սակայն նվազագույն էֆեկտիվ դոզաներով եւ անպայման այն զուգորդում ենք բնաբուժական եղանակներով, որոնք մի կողմից` ուժեղացնում են դեղի ազդեցությունը, մյուս կողմից` պաշտպանում մարդու լյարդը։ Մեր կենտրոնն աճող, զարգացող կառույց է։ Մենք աշխատում ենք` ուղղորդվելով Մոսկվայի բժշկական համալսարանին կից գործող Շոլոխովի կենտրոնի, Մոսկվայի նատուրոթերապիայի ինստիտուտի, Ելիսեեւայի եւ Սոկոլինսկու կենտրոնների փորձով եւ խորհուրդներով։ Եվ ամենակարեւորը` անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր պացիենտներն իրենց ապահով զգան մեզ մոտ։ Ժամանակակից բժշկի առջեւ շատ մեծ խնդիր է դրված։ Մի կողմից` շատացել են առաջարկվող դեղորայքային պրեպարատները (այդ թվում նաեւ` հակամիկրոբային, հակապարազիտային), մյուս կողմից` ամեն քայլափոխի հանդիպում ես դեղորայքակայուն հիվանդությունների ձեւերին։ Դա ինչ-որ տեղ օրինաչափ է, քանի որ օրգանիզմում ապրող միկրոբները, պարազիտները եւս կենդանի օրգանիզմներ են եւ շատ արագ կայունություն են ձեռք բերում քիմիական միացությունների նկատմամբ։ Բացի դրանից, մարդկային օրգանիզմը չունի քիմիական շատ միացություններ դուրս բերելու համակարգ, եւ պարբերաբար ընդունված դեղորայքի որոշ մասը կուտակվում է օրգանիզմում։ Դրան գումարած` նաեւ սննդի հետ ընդունած թույները (օրինակ` սննդամթերքի պիտանելիության ժամկետը երկարացնելու համար օգտագործվող քիմիկատները, պարարտանյութերը), օդի, ջրի հետ ընդունած թույները: Եվ ստացվում է, որ ժամանակակից քաղաքաբնակն ունի աղտոտված օրգանիզմ։ Դա ենթադրում է բոլոր օրգան-համակարգերի իմունային համակարգի ծանրաբեռնվածություն եւ հյուծում։ Ամբողջ աշխարհում շատ մեծ խնդիր է դարձել չբերությունը, եւ օրգանիզմի աղտոտվածությունն այդ հարցում վերջին տեղում չէ։ Միզասեռական քրոնիկ հիվանդությունները, պարազիտակրության որոշ տեսակները, քրոնիկ սթրեսները շատ խոցելի են դարձնում էնդոկրին համակարգը։ Արեւելյան բժշկությունը չբերության շատ դեպքեր համարում է լյարդի պրոբլեմի հետեւանք։ Կան չբերության տեսակներ, որոնք կապված են ողնաշարային պրոբլեմի հետ (օրինակ` 12-րդ կրծքային ողի մակարդակով օստեոխոնդրոզի)։ Այդ դեպքում ասեղնաբուժությունն անփոխարինելի մեթոդ է։ Ու երբ ուսումնասիրում ենք սեռական հորմոնների սինթեզի բիոքիմիական շղթան` ամեն ինչ հասկանալի է դառնում։ Հակաբորբոքային, հակամիկրոբային բուժումներն օրգանի մակարդակով միայն մաքրում են օրգանը, բայց չեն վերականգնում։ Իսկ թույլ օրգանը շատ արագ հիվանդանում է նույնիսկ լիարժեք մաքրվելուց հետո։ Բնաբուժությունը, ասեղնաբուժությունը, ռեֆլեքսաթերապիան վերականգնողական բուժման այն ձեւերն են, որոնք անցել են դարերի փորձությունը եւ մեզ են հասել լիարժեք հղկված։ Գրագետ մոտեցման դեպքում կարելի է համատեղել հին` փորձված մեթոդները, նոր` ժամանակակից բուժումների հետ (օրինակ` դեղորայքային բուժում եւ ասեղնաբուժություն)։ Մեր փորձը ցույց է տալիս, որ արդյունքը շատ հաճախ գերազանցում է նույնիսկ սպասելիքները։ Կարելի է համոզված ասել, որ բժշկության ապագան ինտեգրալ մոտեցումն է (հնի եւ նորի համատեղումը), ինչն այսօր արդեն օգտագործվում է մեր կենտրոնում։ Այնպես որ` բոլորովին պարտադիր չէ լավ մասնագետ լինելու համար ունենալ կոչումներ (դոց., պրոֆ, եւ այլն), բավական է ունենալ պատասխանատվություն հիվանդի նկատմամբ, մեծ փորձ, գիտելիքներ ժամանակակից եւ ավանդական բժշկությունից, սիրել հիվանդներին եւ չմոռանալ Հիպոկրատի երդումը։

– Ձեր կենտրոնում լայն կիրառում ունի ԴԷՆՍ սարքը: Ի՞նչ է դա:

– ԴԷՆՍ-ը հապավում է` դինամիկ էլեկտրոնեյրոստիմուլյացիա: Այսինքն` ազդեցությունը ռեֆլեքսագեն զոնաներին եւ կետերին` հատուկ ձեւի եւ հաճախականության իմպուլսներով։ Այս մեթոդը, ի դեպ, ինչպես նաեւ` մեր բոլոր մյուս մեթոդները, ուղղված են հիմնականում օրգանիզմի ռեզերվները խթանելուն, որպեսզի նա արդեն ինքն իրեն բուժի, մենք միայն օգնականի դերում ենք։

– Ինչպիսի՞ սարքավորումներով է կատարվում դա։

– Օրինակ, ԴԷՆՍ-ակնոցը կիրառելի է կարճատեսության, հեռատեսության, տեսողական համակարգչային սինդրոմի պրոֆիլակտիկայի համար, նաեւ համալրում է տեսողական խնդիրների բուժական ծրագրերը։ ԴԷՆՍ-կարդիոն նախատեսված է անկայուն հիպերտոնիայի կառավարման համար եւ որպես հիպերտոնիկ հիվանդության համալիր բուժման բաղադրամաս։ Օտեո-ԴԷՆՍ-ը մասնագիտացված է պարանոցային եւ ուսագոտու շրջանում ցավի եւ դիսկոմֆորտի բուժման եւ պրոֆիլակտիկայի համար։ Այն համատեղում է նեյրոստիմուլյացիան մերսման հետ։

Իսկ դիադենա-կոսմոն օգտագործվում է կոսմետիկ նպատակներով` վերականգնում է դեմքի մկանների տոնուսը, բարելավում հյուսվածքների միկրոցիրկուլյացիան եւ նյութափոխանակությունը։ Բացի այդ, կենտրոնում իրականացվում են տարբեր համալիր ծրագրեր: Օրինակ, ողնաշարի կորեկցիա, ընդհանուր դետոքսիկացիա, մանկական ծրագիր, բոդիֆլեքս շնչառական վարժություններ, կոսմետոլոգիական ծառայություններ։

Նարինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ