Ապրիլի 28-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը դեռեւս սպառված չէ, եւ մեկ ամսով երկարաձգեց «ջրբաժանի ժամկետը»: «…երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է: Ես ոչ մի կասկած չունեմ, որ այն լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում….»,- հայտարարել էր Տեր-Պետրոսյանը` իշխանությունների հետ երկխոսության հնարավորության պահպանումը ներկայացնելով` որպես «ՀՀ քաղաքական մթնոլորտի առողջացմանն ուղղված եւ արդեն իսկ հաջողություններ արձանագրած լրջագույն գործ»: ՀԱԿ առաջնորդի ելույթից րոպեներ առաջ ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ըստ էության տրամագծորեն հակառակ կարծիքն էր հայտնել` հայտարարելով, որ իշխանությունները «երկխոսության լեզվով փորձում են ներքաշել ճահիճը, բայց դա չի լինելու` միակ ելքը իշխանափոխությունն է»: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում Հ. Բագրատյանը` մեկնաբանելով դիրքորոշումների այս տարբերությունը, նախ խնդրել է չհակադրել իր եւ Լ.Տեր-Պետրոսյանի մոտեցումները: «Ես երկխոսությունը չեմ բացառում, բայց դա պետք է լինի հրապարակային: Քաղաքական դաշտում հնարավոր չէ անել կոնֆիդենցիալ լուծումներ,- ասել է նա,- ՀԱԿ-ը ֆորում է ստեղծել: Ֆորումը կարող է միայն հրապարակային պայմաններում աշխատել իշխանության հետ: Թող իշխանությունը հայտարարի հրապարակավ, թե ինչ զիջումների է պատրաստ, ՀԱԿ-ը ժողովրդի հետ կքննարկի: Այդ տեսակետից ոչ հրապարակային երկխոսությունը մեզ ճահիճ կտանի: Ի դեպ, համոզված եմ, որ այդ երկխոսությունն այսօր մեծ հաշվով չկա: Միջնորդավորված ակնարկներ են»: Այդուհանդերձ, Հ. Բագրատյանն ամենեւին բավարար չի համարում այն, ինչը ՀԱԿ-ը ներկայացնում է որպես իր կողմից առաջ քաշված քայլերի կատարում: «Մենք հավաստիացում չենք ուզում, մենք ուզում ենք ռեալ գործողություն, եւ մեկ-երկու ամսից ուզում ենք տեսնել, թե ինչպես է հարցաքննվում Ռոբերտ Քոչարյանը: Ուզում ենք լսել խոստովանությունը, թե ով է տվել կրակելու հրամանը: Մենք ենթադրում ենք, որ Քոչարյանն է տվել»,- ասել է նա` անդրադառնալով ապրիլի 20-ին դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքը նոր թափ է ակնկալում Մարտի 1-ի դեպքերի բացահայտման գործում: Մինչդեռ ապրիլի 28-ի հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանն այդ առնչությամբ ասել էր. «Մարտի 1-ի իրադարձությունների լիակատար բացահայտման անհրաժեշտության վերաբերյալ Ս. Սարգսյանի հայտարարությունը, դատաիրավական բարեփոխումների հարցերի առթիվ ս.թ. ապրիլի 20-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ, նույնիսկ ավելին է, քան սոսկ պաշտոնական հավաստիացումը, եւ ավելի շուտ իրավապահ մարմիններին իջեցված ուղղակի ցուցում-հանձնարարական է նշանակում»։